“Մի շարք հայ մանուկներ իրենց փրկության համար պարտական են թուրք հրամանատարին”

  “100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Մանվել Ղումաշյանը

Այս պատմությունը լսել եմ իմ տատիկից` Նարիգյուլ Ղարագյոզյանից, ում հայրը` Եսայի Ղարագյոզյանը, բնակվել է թուրքական Յոզլաթ բնակավայրի մոտակա գյուղերից մեկում: Վերջինս թուրքական բանակի ոչ բարձրաստիճան սպա է եղել: Ջարդի օրերին նրա թուրք հրամանատարը, ով նաև համագյուղացին է լինում (նրա անունը, ցավոք, չեմ մտապահել), Եսայուն կանչում է իր մոտ և խորհուրդ է տալիս կրոնափոխ լինել, որպեսզի կարողանա փրկել իրեն ու ընտանիքը: Եսային մերժում է այդ առաջարկը, սակայն խնդրում է վերջինիս փրկել իր ընտանիքը: Հրամանատարը, քանի որ մեծ հարգանք էր տածում Եսայու հանդեպ, խոստանում է ամեն գնով փրկել երեխաներին, սակայն մեծահասակների առումով ոչինչ չի խոստանում` հասկացնելով, որ դա վեր է իր ուժերից:

Այսպիսով՝ ջարդերից առաջ իմ տատիկը, ինչպես նաև նրա քույրն ու եղբայրը, տեղափոխվում են թուրք հրամանատարի տուն:

Ընտանիքի մյուս անդամներին, ցավոք սրտի, չի հաջողվում փրկվել:

Թուրք հրամանատարը մի քանի ամիս երեխաներին խնամելուց հետո նրանց հանձնում է ամերիկյան որբանոց: Այնուհետև նրանք հայտնվում են Հունաստանում, որտեղ էլ տատիկս ամուսնանում է և փորձում նոր կյանք սկսել:

Հետաքրքրական է, որ մոտ 20 տարի առաջ, երբ տատիկս արդեն կենդանի չէր, Բուենոս Այրեսի հայկական համայնքում կազմակերպված միջոցառումներից մեկի ժամանակ ինձ մոտեցավ տարեց մի մարդ: Վերջինս նախապես տեղեկացել էր, որ Նարիգյուլ Ղարագյոզյանի թոռն եմ, և մոտենալով ինձ` հուզված ձայնով ասաց, որ իր փրկության համար պարտական է տատիկիս: Ես իհարկե չհասկացա` ինչի մասին է խոսքը, սակայն ամեն ինչ պարզ դարձավ, երբ նա պատմեց հետևյալ պատմությունը:

Գյուղի վրա հարձակման ժամանակ երեխաների մի խումբ (4-5 հոգի) կարողանում է փախչել և թաքնվել մոտակա ձորի քարանձավներից մեկում: Որոշ ժամանակ անց, ինչ-որ կերպ տեղեկանալով երեխաների թաքստոցի մասին, տատիկս` Նարիգյուլ Ղարագյոզյանը, սկսում է գիշերները ծպտված կերակուր տանել սովալլուկ ու հյուծված մանուկներին` փրկելով նրանց սովամահությունից: Բնականաբար, տատիկս դա չէր կարող անել առանց թուրք տանտիրոջ թույլտվության:

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: