ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱ

Հունիսի 23-ին Լյուքսեմբուրգում ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի նախագահությամբ մեկնարկել է ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը: Նիստին մասնակցում են ԵՄ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև նրանց՝ ուկրաինացի գործընկեր Պավել Կլիմկինը:

Ուկրաինայի արտգործնախարարության մամլո ծառայությունից հայտնել են, որ Ուկրաինա-ԵՄ հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ իրենց արտաքին գերատեսչության նախարարը մասնակցում է ԵՄ անդամ երկրների փակ նիստին: Նախարարը ԵՄ երկրների նախարարներին կներկայացնի երկրի արևելյան շրջաններում իրավիճակի կարգավորման՝ նախագահ Պորոշենկոյի ծրագիրը:

Րիա Նովոստիի փոխանցմամբ, նիստի ընթացքում հայտնի է դարձել Ուկրաինա առաքելություն ուղարկելու ԵՄ ծրագրի մասին: Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը հայտարարել է, որ ԵՄ-ի ոստիկանական առաքելությունը Ուկրաինա կմեկնի 2 տարի ժամկետով: Առաքելության ժամկետներն ու դրա կազմը դեռևս հստակ որոշված չեն: Լինկևիչուսը այս հայտարարությունն արել է՝ նշելով, որ հարցի շուրջ համաձայնության են եկել ԵՄ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները: “Այսօր ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակում գործող ուժերի առաքելություն Ուկրաինա ուղարկելու վերաբերյալ որոշում է ընդունվել: Ենթադրում ենք՝ առաքելությունը կիրականացվի 2 տարի”,- ասել է Լինկևիչուսը ռուսական լրատվամիջոցներին:

Միևնույն ժամանակ, նիստի ընթացքում ԵՄ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները որոշել են ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ չսահմանել: Այս մասին հայտնել է Նիդերլանդների արտգործնախարար Ֆրանց Թիմերմանսը:

“Կարծում եմ՝ որոշում չի կայացվի: Այսօր կքննարկենք իրավիճակը: Եթե այս հարցը քննարկելու անհրաժեշտություն առաջանա, ապա շաբաթվա վերջում նախանշված ԵՄ գագաթնաժողովի ընթացքում հնարավորություն կլինի հարցը քննարկել և որոշում կայացնել”,- ԵՄ խորհրդի նախարարների նիստից առաջ հայտնել է Թիմերմանսը:

24.06.2014

Աղբյուրը՝ armedia.am