“Տատիկիս փրկել են` թաքցնելով թոնրի մեջ…”

 ”100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Անահիտ Հարությունյանը

Ես` Անահիտ Հարությունյանս, ծնվել եմ գաղթականների ընտանիքում: Հայրիկիս ծնողները գաղթել են Շատախից, իսկ մայրիկիս ծնողները` Վանի Գավաշ գյուղից (մայրը) և Բիթլիսից (հայրը): Կցանկանայի պատմել մորական` Ռեհան տատիկիս պատմությունը: Տատիկս շատ գեղեցիկ կին էր: Մարության Ռեհան Մանուկի, ծնվել է 1900-ականների սկզբին, ինքն էլ հստակ չէր հիշում տարեթիվը: Նա դպրոց չէր հաճախել, բայց շատ իմաստուն կին էր, անգիր հիշում էր բազում հեքիաթներ և մինչև կյանքի վերջ խոսում էր Վանի բարբառով: Նրանց ընտանիքը զբաղվել է անասնապահությամբ և շատ հարուստ է եղել:

Գավաշ գյուղում հայերի հետ մեկտեղ ապրել են թուրքեր, քրդեր, եզդիներ: Ապրել են համերաշխ, իրար հետ կիսելով ուրախություն և ցավ:

Որպես Թուրքիայի հպատակներ՝ նրանք ամեն ամիս վճարում էին հարկեր, սակայն ժամանակի ընթացքում հարկահանությունը ստանում է առավել դաժան դրսևորումներ: Հարկահանությունից հատկապես տուժում էին քրիստոնյաները՝ մասնավորապես հայերը: Անսպասելիորեն հայտնվում էին հարկահավաքները, ովքեր տանում էին հայ գեղեցիկ երեխաներին, ոսկի, գորգեր, թանկարժեք իրեր, հացահատիկ, այլ մթերքներ: Նրանք անխնա սպանում էին բոլոր նրանց, ովքեր փորձում էին դիմադրել: Երբ հայտնվում էին հարկահավաքները, բոլոր քրիստոնյաները խուսափում էին նրանց առջև հայտնվելուց: Ծնողները բազմիցս զգուշացրել էին տատիկիս և մյուս երեխաներին, որ զինվորների հայտնվելուն պես շտապ տուն գան:

Օրերից մի օր, երբ հայտնվում են հարկահանները, ծնողները տատիկիս և մյուս երեխաներին շտապ ուղարկում են հարևան մահմեդականների տուն (հիշողության մեջ չի պահվել հարևանները քուրդ էին, թե թուրք): Երեխաների երեսին մուր են քսում, մազերը գզգզում և իջեցնում են թոնիր: Փակում են թոնիրը, ընտանիքի տարեց կինը թոնրի վրա գորգեր է փռում և սեղան դնում, իբրև թե հաց են ուտում, որպեսզի ոստիկանները ոչինչ չնկատեն: Հարևանի երեխաներին թվացել է, թե խաղում են, և սկսել են լացել՝ ասելով. “Մեր երեսին էլ մուր քսե՛ք, մեզ էլ իջեցրե՛ք թոնիր”: Բարեբախտաբար, ժանդարմները ոչինչ չեն կռահում…

Եվ այսպես, շնորհիվ հարևան մահմեդական ընտանիքի, տատիկս և իր քույր-եղբայրները խուսափում են հարկահանների ձեռքն ընկնելուց:

Տատիկիս, ըստ հայկական ավանդույթի, մանուկ հասակում բաշիքյարթմա էին արել: Նրա նշանածին զորակոչել են թուրքական բանակ: Մի օր լուր են ստանում, որ նրան և գյուղից զորակոչված մյուս հայ տղաներին սպանել են: Լուրը ստանալուց հետո հայերը հասկանում են, որ իրենց կյանքին ևս մեծ վտանգ է սպառնում: Հայ ընտանիքների մեծ մասը որոշում է հեռանալ հայրենի գյուղից: Հայկական ընտանիքները շատ մեծ են եղել, բայց փախեփախի ճանապարհը կարողացել են անցնել ընդամենը մի քանիսը, նրանց թվում է եղել նաև Ռեհանը:

Գաղթի դաժան ճանապարհին, զինված ջոկատների կողմից հետապնդվելով, հայ ընտանիքները մասնատվում են, ցրվում, մի մասը մահանում է՝ չդիմանալով ճանապարհի դժվարություններին, քաղցին, ծարավին: Ճանապարհին իր ծնողներին և հարազատներին կորցնում է նաև տատիկս: Ճանապարհի արհավիրքների պատճառով մարդկանց ուղեղում միայն մեկ միտք էր. “Մեր հետևից գալիս են, պետք է փախչել”: Քայլել են օրերով առանց քնի, առանց հանգստի: Տատիկս ասում էր, որ քնելու, պառկելու ցանկությունը շատ մեծ էր, բայց չէին կարող: Նույնիսկ մի անգամ տատիկս ասել է. “Ինձ թողե՛ք այստեղ, դուք գնացե՛ք…”: Սակայն հարազատները նրան չեն թողել:

Գաղթի ճանապարհին մեծահասակներից շատերն են մահացել: 12-13 տարեկան տատիկս և մյուսները խնամել են իրենց հետ մնացած փոքրիկներին, գրկած կամ շալակած տարել նրանց: Սակայն ճանապարհի բարդությունների և ֆիզիկական հոգնածության պատճառով նրանք ստիպված են եղել երեխաներին դնել մեծ քարերի մոտ, բլրոտ վայրերում, թփերի ստվերում, նրանց մոտ թողել են շաքարաջրով շաղախած փոխինձ և առանց հետ նայելու, արցունքն աչքերին հեռացել… Տատիկս միշտ ասում էր, որ իր ականջներում դեռ հնչում է իրենց հետևից լացող և գոռացող մանուկների ձայնը, ովքեր կանչում էին. “Մեզ էլ տարե՛ք, մեզ մի՛ թողեք”: Բայց նա ինքը երեխա էր և չէր կարող օգնել…

Արևելյան Հայաստանում նրանց տեղավորում են ներկայիս Արագածոտնի մարզի Կարպի գյուղում: Այստեղ նրան գտնում է զոհված նշանածի մայրը (սկեսուրը), ով էլ պահում է նրան: 15-16 տարեկանում սկեսուրը տատիկիս ամուսնացնում է Գուրգեն պապիկիս հետ, ով եղել է Անդրանիկի զինվորներից: Տարբեր կապերի միջոցով տատիկիս հաջողվում է գտնել իրենց մեծ ընտանիքից ողջ մնացած եղբոր տղային՝ Մանուկին:

Ռեհան տատիկս շատ փակ էր, չէր ցանկանում այդ թեմայով խոսել: Ամեն անգամ, երբ հարցեր էինք տալիս, միշտ խուսափում էր պատասխանել` վախենալով խորհրդային տարիների ռեպրեսիաներից:

Տատիկիս՝ գյուղում մնացած բարեկամների մասին երբեք որևէ լուր չենք ստացել…

Տատիկս ունեցել է 12 երեխա, որոնցից 6-ը մահացել են: Նա միշտ ասում էր. “Բալա՛ ջան, ես Աստծու հետ իմ երեխաներին հավասար բաշխել եմ. 6-ը տվել եմ իրեն, 6-ը՝ ինձ պահել”: Իրենց բոլոր երեխաներին նրանք անվանել են գաղթի ժամանակ զոհված, սպանված հարազատների անուններով:

Տատիկս միշտ ասում էր “Երանի՛ դռները բացեին, էս սահմանները բացեին, գնայի մեր Էրգիր …”:

Տատիկս չէր էլ ուզում պատմել այս ամենը մենք հազիվ ենք համոզել, որ պատմի:

Շատ աստվածապաշտ, կարգուկանոն սիրող կին էր: Առավոտյան շուտ արթնանում էր, ոչ ոքի հետ որևէ բառ չէր փոխանակում: Լուռ լվացվում էր, դուրս էր գալիս պատշգամբ, արևածագին նայելով՝ աղոթում էր, որից հետո միայն բարևում էր մեզ, իսկ երբ հարցնում էին, թե ինչու է այդպես անում, ասում էր. “Առանց աղոթք ասելու ո՞նց կարող եմ ձեզ բարևել”:

Շատ հաճախ նա լաց էր լինում՝ ասելով. “Է՜հ, բալե՛ս, տեսնես՝ իմ հեր, իմ մեր, իմ քուր-ախպեր ի՞նչ եղան, ո՞ւր մնացին”:

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: