Ալբանիան այսուհետ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է

ԵՄ Ընդհանուր հարաբերությունների խորհրդում որոշում է կայացվել Ալբանիային ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ:

Սա ԵՄ թեկանածուի կարգավիճակ ստանալու Ալբանիայի չորրորդ փորձն էր, նախորդ երեք հայտերը մնացել են անպատասխան: Ամփոփելով առաջընթացի զեկույցները՝ Եվրահանձնաժողովը 2013թ.-ի հոկտեմբերին խորհուրդ տվեց երկրին շնորհել թեկնածուի կարգավիճակ և վերահաստատեց խորհուրդը 2014թ. հունիսին: Այդ հարցը հերթական անգամ քննարկման դրվեց ԵՄ նախարարների նիստին, և որոշում կայացվեց բավարարել հայտը: Հարցը վերջնական հաստատման կդրվի հունիսի 27-ին կայանալիք ԵՄ գագաթաժողովին:

“Շնորհավորում եմ Ալբանիային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստաալու կապակցությամբ: Դա զգալի բարեփոխումների ճանաչում է և ապագա բարեփոխումների խրախուսում”,-իր Թվիթերյան միկրոբլոգում գրել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

ԵՄ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի շնորհումը չի նշանակում, որ անմիջապես կմեկնարկեն անդամակցության բանակցությունները: Դա դիտարկվում է որպես ինտեգրացիոն առանձին քայլ, որի համար անհրաժեշտ է լրացուցիչ առաջընթաց հիմնական գերակայությունների ուղղությամբ:

Նշվում է, որ Ալբանիան դեռևս պետք է մեծ ուշադրություն հատկացնի կառավարման և արդարադատության համակարգերի բարեփոխումներին, կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտին:

Հիշեցնենք, որ Ալբանիան Բալկանյան մյուս երկրների հետ միասին 2003թ.-ից դիտարկվում է որպես ԵՄ անդամակցության հնարավոր թեկնածու: 2009թ.-ից երկրի հետ հարաբերությունները կառուցվում են Կայունացման և Ասոցացման համաձայնագրի շրջանակներում:

Թեկնածուի կարգավիճակը փաստացի առավել քաղաքական քայլ է, որը ծառայում է որպես ազդակ, որ երկիրը շարժվում է եվրաինտեգրման ուղով, այն նաև կարող է խթանիչ հանգամանք հանդիսանալ արտաքին ներդրումների մեծացման համար: Թեկնածու երկիրը նաև մասնակցության հնարավորություն է ստանում գործող մի շարք ձևաչափերում, որոնք հասանելի են թեկնածուների համար: Կհաստատվեն համագործակցության նոր հարթակներ տարբեր ոլորտներում, նաև երկիրը կշարունակի ֆինանսավորում ստանալ՝ մասնակցելով ԵՄ ծրագրերին:

Հաջորդ քայլը պետք է լինի անդամակցության բանակցությունների մեկնարկը: Այն կախված է լինելու Ալբանիայի բարեփոխումների շարունակման հաջողությունից և պահանջելու է ԵՄ անդամ բոլոր երկրների համաձայնությունը:

Աննա Կարապետյան