ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ

Այսօր մեկնարկում է ԵՄ հերթական գագաթնաժողովը: Գերմանական Deutsche Welle-ի հաղորդմամբ, ԵՄ ղեկավարների հանդիպումը կազմակերպվել է Բելգիայի Իպր քաղաքում` Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի հարյուրամյակի տարելիցին նվիրված արարողությամբ, ընթրիքի ժամանակ ԵՄ ղեկավարները կարծիքներ կփոխանակեն ԵՄ հետագա ռազմավարական ուղղություների վերաբերյալ:

Երկրների կառավարությունների ղեկավարների աշխատանքային օրակարգը կսկսվի վաղը` հունիսի 27-ին արդեն Բրյուսելում: Օրակարգում ներառված է նաև Մոլդովայի և Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաև

Ուկրաինայի հետ համաձայնագրի տնտեսական բաժնի ստորագրումը: Նշենք, որ համաձայնագրի առաջին՝ քաղաքական մասը ստորագրվել էր այս տարվա մարտին:

Գագաթնաժողովի մասնակիցները կհանդիպեն նաեւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Ակնկալվում է, որ նա մանրամասն կներկայացնի իրավիճակը երկրում և դրա շուրջ իր գնահատականները: Այս առումով վաղը Բրյուսելում քննարկվելու է նաեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ փուլի՝ տնտեսական և ֆինանսական էմբարգոյի սահմանումը:

Ուկրաինայի պարագայում Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրումը ԵՄ-ի և ՌԴ-ի կողմից տարբեր պաշտոնական արձագանքներ է առաջացրել: Այս հարցում հատկանշական է Մոսկվայի` Կիեւի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքը: Մինչդեռ Բեռլինը կարծում է, որ այս համաձայնագիրը չի հակասում Ռուսաստանի հետ Ուկրիանայի ունեցած տնտեսական հարաբերություններին, սակայն միևնույն ժամանակ նշվում է, որ, ԱՀԿ-ի անդամ հանդիսանալով, ՌԴ-ն մանեվրելու որոշակի հնարավորություն է ստանում և կարող է Ուկրաինայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը բարձրացնել՝ առանց միջազգային նորմերը խախտելու:

Մեկ այլ հարց է Վրաստանի և Մոլդովայի հետ առևտրային հարաբերությունները. դրանց հարմարեցումը ավելի դժվար կլինի՝ հաշվի առնելով ՌԴ ունեցած փոխհարաբերությունները երկրներից յուրաքանչյուրի հետ: Այնուամենայնիվ, նշենք, որ Ասոցացման համաձայնագրերի իրականացումը երկրների կողմից, ներառյալ դրանց դրույթների վավերացումը Ազգային խորհրդարանների կողմից, կտևի մոտ երկու տարի:

 26.06.2014

Աղբյուրը՝ armedia.am