“Սպասվող ջարդի մասին հորս ընտանիքին զգուշացնում է նրանց թուրք ընկերը”

“100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Սարգիս Թորոսյանը

 Երկու ծնողներս էլ ցեղասպանությունից փրկվածներ էին: Հայրիկս 8 կամ 9 տարեկան է եղել, երբ խուսափելով ջարդերից` ընտանիքի հետ միասին կարողացել է փախչել Հունաստան, իսկ մայրս այդ ժամանակ ընդամենը մեկ տարեկան է եղել:

Հայրիկս ընտանիքի հետ միասին նախ տեղափոխվել է Հունաստան, ապա՝ 1927 թվականին, Հայաստան: Այն ժամանակ հայրս 14 տարեկան է եղել: Նրա ազգանունը սկզբնապես “Սուլյան” է եղել: Անձնագիր ստանալու ժամանակ հայրս արդեն խնդրել է փոխել ազգանունը և պապիկիս պապու անունն է վերցրել, դարձրել իրեն ազգանուն՝ Թորոսյան: Սուլյան ազգանունը չէր սիրում, այն թուրքերեն ջուր բառից էր սերում: Մինչև ջարդերը ծնողներիս ընտանիքներն ապրել են Կոստանդնուպոլսի մերձակայքում գտնվող Բիլեջիք քաղաքում: Մորս՝ Մութաֆյանների ընտանիքն էլ է այդ նույն քաղաքում

ապրել` նույն փողոցի վրա: Երկու պապերս ընկերներ են եղել: Ջարդից փրկվելու ժամանակ նրանք հայտնվել են նույն նավի մեջ: 1915 թվականի ջարդից ծնողներիս ընտանիքները կարողացել են խուսափել: Նրանք հեռացել են իրենց բնակավայրից, բայց մնացել են երկրի տարածքում, որոշ ժամանակ անց կրկին վերադարձել են հայրենի Բիլեջիք:

Բայց կոտորածի երկրորդ ալիքի ժամանակ հայրական պապիս թուրք ընկերը նրան զգուշացրել է, որ հաջորդ օրը պիտի նորից ջարդ լինի և անհրաժեշտ է հնարավորինս շուտ փախչել երկրից: Հայրս չի պատմել, և ես էլ չգիտեմ, թե ով է եղել պապիկիս այդ “թուրք ընկերը”՝ հարևա՞ն, գործընկե՞ր, թե՞ պարզապես մտերիմ մարդ: Հայտնի է միայն, որ այդ լուրն ստանալուն պես պապիկս անմիջապես կառք է կանչել, այնտեղ նստեցրել հայրիկիս և վճարել, որ նրան հասցնեն նավահանգիստ: Պապս տատիկիս հետ հետո պիտի միանար հայրիկիս: Կառքի շարժվելուն պես Սարգիս պապս վազել է հետևից ու ձայն տվել որդուն՝ “Թորգո՛մ, բռնի՛ր”, ու մի կապոց է նետել նրա ուղղությամբ: Ողջ ճանապարհին հայրս ամուր գրկել է կապոցը՝ չիմանալով, թե ինչ կա այնտեղ: Կառքից իջնելուց հետո զարմանքով բացահայտել է, որ կապոցում իր մեկ տարեկան քույրն է:

Հորաքույրս արդեն ողջ չէ, բայց հաճախ էր կրկնում. “Եղբայրս չլիներ, Աստված գիտի՝ ինչ կլիներ ինձ հետ”…

Հայրս այդ ժամանակ 8-9 տարեկան է եղել…

Հայրս պատմում էր, որ նավապետին իրենք ոսկով են վճարել, որ իրենց Հունաստան՝ Սալոնիկ հասցնի: Սակայն Թուրքիայում արդեն սկսվել էր “հայերի որսը”, և նույնիսկ նավերից սկսել էին հավաքել հայ տղամարդկանց:

Այդպես մորս հայրն ու եղբայրը գերի են ընկել, իսկ Սարգիս պապս կարողացել է հնարամտություն բանեցնել և խուսափել գերությունից:

Բայց մինչև Հունաստան հասնելը մեկ այլ դեպք էլ է պատահել: Թուրք նավապետը փորձել է շրջել նավի ուղղությունը, որ հայերին նորից թուրքական ափի մոտ իջեցնի: Հայրս պատմում էր, որ այդ ժամանակ ալեկոծություն է բարձրացել, և հակառակ ուղղությամբ նավարկելն անհնար է դարձել: Նավապետն այդ ժամանակ ասել է. “Ամեն դեպքում դուք Աստված ունեք”… Հայրս միշտ հիշում էր այս խոսքերը:

Աստծո օրհնությամբ նավը հասնում է Հունաստան: Մորս ընտանիքը Սերեզում է բնակություն հաստատում: Այդ ընթացքում գերությունից կարողանում են ազատվել նաև մորական պապս ու մորեղբայրս և միանում իրենց ընտանիքին Սերեզում, որտեղ և ապրում են մինչև 1947 թվականը, այնուհետև տեղափոխվում Հայաստան:

Հորս ընտանիքը շուտ է գալիս Հայաստան՝ 1927 թվականից: Ծնողներս հանդիպում են արդեն Երևանում, այստեղ էլ ամուսնանում են:

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: