Այս շաբաթ Եվրոպայում…

 Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Հունիսի 30-ին ծրագրված է Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հանդիպումը ՆԱՏՕ Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ։

Հունիսի 30-ին լրանում է ԵՄ-ում (ԵՄ Խորհրդում) Հունաստանի նախագահության շրջանը։ Այդ կապակցությամբ տեղի կունենա նախորդ վեց ամիսների ամփոփումն ու Իտալիային նախագահության հանձնման արարողությունը։ Հուլիսի 2-ին Իտալիայի վարչապետը Ստրասբուրգում կներկայացնի ԵՄ-ում Իտալիայի նախագահության գերակայությունները։

Հուլիսի 1-ին կբացվի Եվրախորհրդարանի առաջին նստաշրջանը ընտրություններից հետո ։ Այն կշարունակվի երեք օր՝ մինչև հուլիսի 3-ը։ Նստաշրջանի մեկնարկին կանցկացվեն Եվրախորհրդարանի նախագահի և փոխնախագահների ընտրությունները։ Այնուհետև կքննարկվեն հունիսի 27-ին ԵՄ գագաթաժողովի ընդունած որոշումները, կամփոփվի ԵՄ-ում Հունաստանի նախագահության շրջանը, կքննարկվեն Իտալիայի նախագահության գերակայությունները։ Նաև կձևավորվեն հանձնաժողովները։

Բաքվում շարունկավում է ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը, որին մասնակցում է նաև հայաստանյան պատվիրակությունը։ Նստաշրջանը կամփոփվի հուլիսի 2-ին։ Օրակարգի գլխավոր հարցերն են էքստրեմիզմի, ծայրահեղականության և այլատյացության աճը տարածաշրջանում, ԵԱՀԿ մարտահրավերները, ինչպես նաև իրավիճակն Ուկրաինայում։

Հուլիսի 2-ին տեղի կունենա Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը Վիեննայում ԵՄ Գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի նախագահությամբ։

Աննա Կարապետյան