“ԵՄ-ն պետք է ավելի ուժեղ լինի դրսում և ավելի հոգատար ներսում” Հերման Վան Ռոմպոյ

Ինչպե՞ս խորացնել ինտեգրումը ԵՄ-ի ներքո՝ չվնասելով անդամ երկրների շահերին, և ինչպե՞ս մեծացնել քաղաքացիների վստահությունը միության նկատմամբ: Այս հարցերն են այսօր ԵՄ օրակարգում:

Եվրամիության գլխավոր կառույցներում տեղի են ունենում կադրային մի շարք փոփոխություններ և ելնելով առկա մարտահրավերներից՝ փորձ է արվում ուրվագծել մոտակա տարիների համար զարգացման հիմնական ուղին: ԵՄ վերջին գագաթաժողովի ժամանակ առանձնացված գերակայություններին և ԵՄ-ի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին երեկ իր ելույթում անդրադարձել է Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը:

Տնտեսական ճգնաժամը, որից հետո փորձ է անում վերականգնվել Եվրամիությունն, ու աշխարհաքաղաքական բարդ իրավիճակն անդրադարձ են ունեցել նաև ԵՄ ներքին քաղաքական կյանքի վրա՝ առավել տեսանելի դարձրելով առկա խնդիրները: ԵՄ ղեկավարությունն այժմ օրակարգային է դիտարկում մոտակա տարիների համար զարգացման հիմնական ուղիների սահմանումն ու ԵՄ ապագայի տեսլականի համաձայնեցումը: “Եվրահանձնաժողովն իր վերջին հանդիպման ընթացքում, մտածելով ԵՄ ապագայի մասին, կենտրոնացել է “ի՞նչ”, այլ ոչ թե “ինչպե՞ս” հարցի վրա”,-այդ մասին ասել է Հերման Վան Ռոմպոյը՝ ելույթ ունենալով “Նոր պակտ Եվրոպայի համար” խորագիրը կրող համաժողովին:

Նա ներկայացրել է Եվրահանձնաժողովի կողմից սահմանված հինգ գերակայությունները՝ ավելի ուժեղ տնտեսություններ՝ ավելի շատ աշխատատեղերով; բոլոր քաղաքացիներին աջակցող և պաշտպանող հասարակություններ; անվտանգ էներգիա և շրջակա միջավայր; հիմնարար ազատությունների վստահելի տարածք; արդյունավետ համատեղ գործունեություն աշխարհում: Համար մեկ գերակայությունն ուժեղ տնտեսություններն են:

Այս գերակայությունները, ըստ Ռոմպոյի, դրվելու են եվրոպական բոլոր ինստիտուտների գործունեության հիմքում մոտակա տարիների համար:

Նա անդրադարձել է նաև ԵՄ առջև ծառացած երկու կարևորագույն մարտահրավերներին՝ Տնտեսական արժութային միություն – Եվրոպական միություն հարաբերություններին և քաղաքացիների անվստահությանը Եվրամիության ինստիտուտների նկատմամբ:

Առաջին կետի ներքո Ռոմպոյն անդրադարձ է կատարել այն հանգամանքին, որ ԵՄ անդամ որոշ երկրներ աշխատում են զերծ մնալ տնտեսական խոր ինտեգրումից, իսկ մյուս կողմից եվրոյի ճգնաժամն ակնհայտ դարձրեց, որ անհրաժեշտ է ավելի խոր քաղաքական ինտեգրում միության ներքո: Նա հույս հայտնեց, որ այս խնդիրը լուծելու համար եվրոպական կառույցները բավական ճկունություն կցուցաբերեն, որպեսզի կարողանան համապատասխանել թե՜ նրանց շահերին, ովքեր ընդհանուր արժույթ ունեն, թե՜ նրանց, ովքեր դուրս են եվրոյի գոտուց: Ռոմպոյը, մասնավորապես մեջբերեց Եվրոպական Խորհրդի ընդունած հայտարարության այն հատվածը, որտեղ ասվում է. “Երբևէ եղածից ավելի մոտ միությունը թույլ է տալիս ինտեգրման տարբեր ուղիներ տարբեր երկրների համար՝ թույլ տալով ինետգրման խորացում ցանկացողներին առաջ շարժվել, միաժամանակ հարգելով նրանց ցանկությունը, ովքեր չեն ցանկանում հետագա խորացում”: Ռոպմոյը նշեց, որ սա առաջին անգամ է ասվում, և հույս հայտնեց, որ սա կփարատի Միացյալ Թագավորության մտավախությունները:

Երկրորդ մարտահրավերը քաղաքացիների վստահության պակասն է: Ինչպես նշեց Եվրոպական Խորհրդի նախագահը, ԵՄ քաղաքացիները կախված իրավիճակից մերթ ցանկանում են, որ ԵՄ-ն ավելի ուժեղ լինի և պաշտպանի իրենց շահերը, մերթ նեղվում են այն հանգամանքից, որ իրենց ազգային պետությունների ինքվարությունը սահմանափակվում է: Նրա խոսքերով, ԵՄ-ն պետք է կարողանա համապատասխանել բոլորի ակնկալիքներին, “ավելի ուժեղ լինի դրսում և ավելի հոգատար ներսում”:

Եվրոպան այսօր կանգնել է մի շարք խնդիրների առաջ, որոնք բարձրաձայնվում են նաև եվրահոռետեսների կողմից: Ավելի խոր ինտեգրացիան չարի՞ք է եվրոպական պետությունների համար, թե՞ բարեկեցիկ ապագայի գրավական: Ինչպես ցույց է տալիս գործընթացների զարգացումը, պատասխանը միանշանակ չէ, քանի որ թույլ երկրներին միությունն օգնում է դիմակայել թե՜ տնտեսական, թե՜ արտաքին քաղաքական հարցերում, մինչդեռ ուժեղների համար ամեն ինչ ավելի բարդ է: Տնտեսապես նրանք հաճախ ստիպված են լինում զոհողությունների գնալ հանուն մյուս երկրների, իսկ քաղաքական առումով հնարավորություն են ստանում ավելի մեծ ուժի անունից հանդես գալ:

Այսպիսով, այսօր քայլեր են ձեռնարվում բավարարելու համար բոլոր ԵՄ անդամ երկրների՝ միմյանցից տարբերվող ակնկալիքները: Բայց կկարողանա, արդյո՞ք, այսօր կառույցը բավական ճկունություն ցուցաբերել: Վերջին զարգացումներն ու առանձին հարցերում ԵՄ ձախողված քաղաքականությունը կասկածի տեղիք է տալիս:

 

Աննա Կարապետյան