Եվրոպան փոխում է պարֆյումերիայի օրենքները

Եվրոպական պարֆյումերները փոխում են իրենց լավագույն օծանելիքների բաղադրությունը: Անհրաժեշտ բաղադրիչները գտնելու համար մեկ տարից պակաս ժամանակ է մնացել. 2015 թվականից Եվրամիությունում ուժի մեջ են մտնում օծանելիքի ստեղծման վերաբերյալ նոր օրենքները, որոնց համաձայն թույլատրելի բաղադրիչների ցանկից դուրս են գալիս մի շարք ալերգածին բաղադրիչներ, հայտնում է Euronews-ը: “Մենք մեզ մի տեսակ թիրախ ենք զգում, հիմա էլ անցել են օծանելիքներին, մինչդեռ կատ շատ ավելի տոքսիկ նյութեր այլ ոլորտներում: Օրինակ, ծխախոտը: Անձամբ ես ատում են ծխախոտի ծուխը”, – ասում է Պատրիցիյա Դե Նիկոլային, ով ավելի քան քառորդ դար է ստեղծում է իր օծանելիքները: Հայտնի է, որ օծանելիքում ալերգիկ նյութերի առկայությունը կարող է մաշկի կարմրություն և այտուց առաջացնել ոմանց մոտ: Սակայն վիճակագրության համաձայն նման եվրոպացիների թիվը փոքր է՝ 1-3 տոկոս:

“Գիտական հանձնաժողովն անհրաժեշտ է համարել սահմանափակումներ մտցնել այն բաղադրիչների օգտագործման հարցում, որոնք կարող են ալերգիա առաջացնել: Մենք Եվրահանձնաժողովում փորձում ենք այդ սահմանափակումները համաչափ դարձնել, որ օծանելիքի արտադրությունը լուրջ վնասներ չկրի”, – ի պատասխան հնչող մեղադրանքների՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դեվիդ Խադսոնը:

Ակնհայտ է, որ պարֆումերներն, այնուամենայնիվ, ստիպված են լինելու գործի դնել իրենց ողջ տաղանդը արգելված բաղադրիչներին համարժեք փոխարինող գտնելու համար: Իսկ սպառողներին էլ մնում է հուսալ, որ իրենց սիրելի օծանելիքները չեն կորցնի իրենց հմայքը:

Հատկանշական է, որ օծանելիքների արտադրության պատմությունը հազարամյակների պատմություն ունի: Մեր թվարկությունից դեռևս մի քանի դար առաջ հին եգիպտական քրմերը զանազան բույրեր էին օգտագործում կենդանիների զոհաբերության ժամանակ: Իսկ հոտավետ յուղերն օգտագործվում էին տարբեր բալասանների պատրաստման համար: XII-րդ դարում հոտերը կրկին վերադառնում են Եվրոպա, որտեղ մի որոշ ժամանակ ստվերում էին հայտնվել Հռոմեական կայսրության անկման հետ: Ալկոհոլի և եթերային յուղերի հիմքի վրա առաջին հեղուկ օծանելիքները՝ անուշաբույր ջրերը, ի հայտ են եկել XIV-րդ դարում: Պարֆյումերիայի ժամանակակից արվեստի հիմնադիրների շարքում հատկապես առանձնանում են հատկապես Պիեր Ֆրանսուա Պասկալ Գերլենը, ով 1828 թվականին իր առաջին խանութն է բացել Փարիզում, և Ֆրանսուա Կոտին, ով առաջինն է միախառնել բնական և արհեստական բույրերը:

Ինչպես ասում էր Քրիստիան Դիորը, տղամարդը կարող է մոռանալ, թե ինչ տեսք ուներ կինը, սակայն նրա օծանելիքի բույրն ընդմիշտ կմնա նրա հիշողության մեջ:

Արփինե Հովսեփյան