“Երբ սկսվում է Մեծ ջարդը, թուրք հարևանն ապաստանում է տատիս ընտանիքը”

“100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Սուրեն Ավետիսյանը

 Տատիկս՝ Սիրանուշ Համբարձումյանը, ծնվել է 1905 թվականին: Նա Վանի Արտամետ գյուղից էր: Երբ սկսվում է Հայոց մեծ ջարդը, տատիկիս ընտանիքին որոշ ժամանակով ապաստանում է թուրք հարևանը:

Տատս ասում էր. “Ճիշտ է՝ թուրք էին, բայց շատ լավ մարդիկ էին: Մենք շատ մտերիմ էինք ընտանիքներով: Աղուհացի մարդիկ էին”:

Բայց թուրք հարևանները ևս երկար ժամանակ չէին կարող թաքցնել տատիս ընտանիքին: Այդ ժամանակ, ինչպես հազարավոր այլ հայեր, նրանք ևս ստիպված են լինում հեռանալ Արտամետից:

 Գաղթի ճանապարհին երկու զինվոր մոտենում են տատիս փոքր քրոջը և փորձում հանել մատի արծաթե մատանին: Դժվարանալով հանել մատանին` նրանցից մեկը բարձրացնում է դաշույնը, որ կտրի աղջկա մատը: Այդ պահին մոտենում է մեկ այլ թուրք զինվոր ու թույլ չի տալիս: Ի վերջո, մատանին թրջելով կարողանում են հանել մատից:

Բայց ավելի ուշ, հյուծվելով սովից ու հոգնածությունից, տատիկիս քույրն ու մայրը մահանում են գաղթի ճանապարհին:

Տատս պատմում էր, որ ճանապարհին քայլելիս մարդիկ ուժասպառ ընկնում էին, և բոլորը գիտեին, որ այդ ընկածն այլևս չի բարձրանալու:

Հայ գաղթականների խումբը, որոնց թվում էր նաև տատս, կարողանում է անցնել Արաքսը և հասնել այժմյան Արմավիրի Շայրար գյուղ: Որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո տատիկս տեղափոխվում է Էջմիածին` ամերիկյան մանկատուն:

Տարիներ անց տատս հանդիպում է պապիս, ով արմատներով Մուշից էր: Նրանք վաղուց էին տեղափոխվել Ապարանի Քուչակ գյուղ: 1929 թվականին նրանք միասին տեղափոխվում են Երևան:

Հիշում եմ` երբ հավաքվում էինք ընտանիքով, և տատս սկսում էր խոսել իր մանկությունից, միշտ կարոտով էր պատմում իրենց կորսված տան ու գյուղի մասին: Իր հարազատ Արտամետի խնձորի մասին խոսում էր հատուկ հիացմունքով: Պատմում էր, որ Արտամետի հարսները սնդուկներում միշտ խնձոր էին պահում, երբ սնդուկը բացում էին, խնձորի բույրը տարածվում էր ողջ սենյակով…

Շատ էր ուզում գոնե մեկ անգամ այցելել իր համար այդքան հարազատ Արտամետ: Այնտեղից հեռացել էր, երբ ընդամենը ինը տարեկան էր եղել, բայց համոզված ասում էր. “Եթե մեկ անգամ էլ ոտքս ընկնի մեր գյուղ, միանգամից կգտնեմ մեր տունը”: Ցավոք, տատիս այդ մեծ ցանկությունն այդպես էլ չիրականացավ:

Վանեցիներին բոլորը միշտ ժլատ են համարում, սակայն տատս իսկապես շատ առատաձեռն կին էր: Նրան մեր ծանոթները միշտ հարցնում էին. “Դու վանեցի ես, ինչպե՞ս է որ այսքան հյուրասեր ես”, ինչին ի պատասխան՝ ասում էր. “Վանեցիները ժլատ չեն, պարզապես միշտ ունեն իրենց վաղվա օրվա պաշարը”:

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: