
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼԱՎ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՈՒՆԻ
Այլընտրանքային էներգետիկայի զարգացում, էներգիայի արդյունավետ օգտագործում ու վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ. այլընտրանքային էներգետիկայի խնդիրը հատուկ արդիականություն է ստացել ժամանակակից աշխարհում: Կանաչ էներգետիկայի խնդրին է նվիրված լինելու նաև Աստանայում անցկացվելիք ԷՔՍՊՈ-2017 մասնագիտացված ցուցահանդեսը:
Ծաղկաձոր քաղաքում “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ի և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպվել է կոնֆերանս “Ղազախստանը, որպես ԷՔՍՊՈ-2017-ի կազմակերպիչ” թեմայով: Կոնֆերանսի ժամանակ ներկայացվել է ԷՔՍՊՈ-2017-ի կոնցեպտը, քննարկվել է ցուցահանդեսի թեմատիկան, Հայաստանի հնարավորություններն այլընտրանքային էներգետիկայի զարգացման հարցում և այլն: Քննարկվել է նաև ԷՔՍՊՈ-2017-ը Հայաստանի և Ղազախստանի միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տուրիզմի ոլորտում, համագործակցության զարգացման համար օգտագործելու հնարավորությունը:
Կոնֆերանսի՝ Աստանայից հրավիրված հյուրը՝ ԷՔՍՊՈ-2017 ցուցահանդեսի կազմակերպման և օբյեկտների հետցուցահանդեսային օգտագործման դեպարտամենտի տնօրեն Միրա Նուրախմետովան, ներկայացրել է ցուցահանդեսի հիմնական թեման և կոնցեպտը: “Ցուցահանդեսի նպատակը յուրաքանչյուր մարդու մոտ էներգետիկ ոլորտում առկա խնդիրների և դրանց հաղթահարման միջոցների մասին պատկերացման ձևավորումն է, որպեսզի յուրաքանչյուրն ինքնուրույն որոշում կայացնի”,-բացատրել է Նուրախմետովան: Ապագայի էներգիան, որպես ԷՔՍՊՈ-ի կարգախոս, ներառում է արտանետումների կրճատման, էներգաարդյունավետ կենսակերպի և բոլորին էներգիայի հասանելիության խնդիրները:
Ինչպես ներկայացվեց կոնֆերանսի ընթացքում, ԷՔՍՊՈ միջազգային ցուցահանդեսներն անց են կացվում 1851թ.-ից: Հայաստանը, այլ երկրների շարքում ակտիվ մասնակցություն է ունենում այդ միջոցառումներին: “2010թ.-ին Շանհայում անցկացվող ցուցահանդեսի ժամանակ Հայաստանի տաղավար է այցելել 1 մլն 800 հազ. մարդ”,-ասաց Զարգացման Հայկական
Գործակալության Արտահանման խթանման դեպարտամենտի տնօրեն Լուսինե Թումյանը: Նա պարզաբանեց, որ նման ցուցահանդեսները սեփական երկրի բրենդի ձևավորման և առաջ մղման շատ լավ հնարավորություն են: “Մենք ցույց տալու բան ունենք ղազախ սպառողին”,-վստահեցրեց Լուսինե Թումյանը և հավելեց, որ ըստ ընթացակարգի, Հայաստանը կսկսի պատրաստվել ԷՔՍՊՈ-2017-ին մասնակցությանը կառավարության համապատասխան որոշումից և ընդունող կողմի հետ պայմանագրի ստորագրումից հետո:
“Մաքուր էներգիա” ՀԿ նախագահ Վահե Դավթյանը հանդես եկավ զեկույցով այլընտրանքային էներգիայի զարգացաման համար Հայաստանի պոտենցիալի վերաբերյալ: “Հարկ է հասկանալ, որ մեր երկիրը հնարավորություն ունի զարգացնել այլընտրանքային էներգետիկան”,-ասաց Դավթյանը: Դրան նպաստում է նաև Հայաստանի աշխարհագրական դիրքը: Նա նշեց, որ քաղաքական կամ տնտեսական տատանումներից էներգետիկ անվտանգության ապահովման այլընտրանքային ուղիների որոնումը պետք է առաջնային խնդիր լինի այդ թվում նաև Հայաստանի համար:
Իր հերթին, “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն ընդգծեց այն հանգամանքը, որ կանաչ էներգետիկայի զարգացման հարցը բարձրացնում է հումքային հսկա հանդիսացող երկիր: Իր զեկույցում նա շեշտեց ԷՔՍՊՈ ցուցահանդեսների քաղաքական բաղադրիչը, որ նման միջոցառումները հիանալի հարթակ են քաղաքական համագործակցության զարգացման համար:
Քննարկման առարկա դարձան նաև տուրիստական ոլորտում համագործակցության հնարավորությունները: Ինչպես ընդգծեց Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, Ծաղկաձորը պատրաստ է քույր-քաղաք դառնալ Ղազախստանի քաղաքաներից որևէ մեկի հետ, իսկ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի պնդմամբ, հայ-ղազախական համագործակցության պոտենցիալն այսօր իսկապես մեծ է և կարդարացնի ակնկալիքները:
ԷՔՍՊՈ-2017-ին երեք տարի է մնացել, և այդ ժամանակն իսկապես կարելի է օգտագործել մերձեցման և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար:
Աղբյուրը՝ www.armedia.am
16.07.2014