ԵՄ-ի ծրագրերն առաջիկա “հնգամյակին”

Եվրահանձնաժողովի նոր ղեկավար է ընտրվել Հին Աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկը՝ Ժան-Կլոդ Յունկերը: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, 59-ամյա Յունկերը Եվրահանձնաժողովի առաջին ղեկավարն է, ով այս պաշտոնը ստացել է Եվրախորհրդարանում քվեարկությունից հետո: Նրա բոլոր նախորդների թեկնածությունը համաձայնեցվել է ԵՄ անդամ-երկրների ղեկավարների գագաթաժողովների ընթացքում: Սակայն Յունկերի թեկնածության հարցում միասնության հասնել հնարավոր չեղավ. նրա նշանակման դեմ էին հանդես գալիս Մեծ Բրիտանիան և Հունգարիան:

Իր դիրքորոշումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը բացատրել է նրանով, որ չի հավատում “80-ականների քաղաքական գործչի” կարողություններին “հաջորդ 5 տարվա” խնդիրները լուծելու հարցում: Նա անգամ սպառնացել է, որ Մեծ Բրիտանիան ժամանակից շուտ դուրս կգա ԵՄ-ի կազմից, եթե Յունկերը դառնա Եվրահանձնաժողովի ղեկավար: Քանի որ Քեմերոնին և նրա հունգարացի գործընկերոջը համոզել չստացվեց, Յունկերի թեկնածության հաստատումը հանձնարարվեց Եվրախորհրդարանին:

Ներկայումս Եվրահանձնաժողովի նախագահը Ժոզե Մանուել Բարոզուն է: Յունկերը նրան այս պաշտոնում փոխարինելու է 2014 թվականի նոյեմբերին:

Յունկերն արդեն հայտարարել է “առաջիկա 5 տարվա ընթացքում իր ծրագրերի մասին”: Ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև, նա հայտարարել է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ԵՄ անդամակցության թեկնածուներից ոչ մեկը չի կարողանա անհրաժեշտ բոլոր պայմանները բավարարել: “Առաջիկա 5 տարիներին ԵՄ-ին անդամակցող պետություններ չեն լինի: Դժվար է պատկերացնել, որ թեկնածուներից որևէ մեկը կկատարի բոլոր անհրաժեշտ պայմանները և կկարողանա անդամակցել ԵՄ-ին”, – Յունկերի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը: Միաժամանակ նա ընդգծել է, որ անդամակցության շուրջ բանակցությունները կշարունակվեն բոլոր թեկնածուների հետ:

Յունկերը նաև հայտարարել է միջազգային հարթակում ԵՄ-ի ներկայությունն ամրապնդելու անհրաժշետության մասին՝ ընդգծելով, որ անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարները “խոչընդոտներ են ստեղծում” ԵՄ-ի ինքնուրույն գործունեության համար: “Մենք չենք կարող բավարարված լինել մեր ներկա արտաքին քաղաքականությամբ”, – ընդգծել է Յունկերը:

Նշենք, որ Յունկերը գլխավորել է Լյուքսեմբուրգի կառավարությունը 1995 թվականից մինչև 2013 թվականը, ինչը ռեկորդային է համարվում ԵՄ պետության համար: Նա նաև համարվում է Մաաստրիխտի համաձայնագրերի հիմնադիրներից մեկը, որոնց արդյունքում էլ ստեղծվել է ԵՄ-ն: Ինչպես նշում է Euromag-ը, Յունկերը հայտնի է իր հումորի զգացումով և ազատ արտահայտություններով: Նա երբեք չի կաշկանդվել Բեռլինին և Փարիզին հակառակվելու և նրանց միջև միջնորդ լինելու հարցում: “Երբ ես ցանկանում եմ ֆրանսերեն ինչ-որ բան ասել, ես մտածում եմ գերմաներենով, երբ պետք է գերմաներեն խոսել, մտածում եմ ֆրանսերենով”, – մի առիթով ասել է Յունկերը:

Արփինե Հովսեփյան