“Տատիկիս հոր ընտանիքին թուրքերն են օգնել հասնել Արևելյան Հայաստանի սահմանին”

“100 տարի․․․ Իրական պատմություններ”խորագրի ներքո “Արմեդիա”տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա”հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ”ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Մարգարիտա Մկրտչյանը

Ես՝ Մկրտչյան Մարգարիտաս, այս պատմությունը լսել եմ տատիկիցս: Ցեղասպանության վերաբերյալ նրա հիշողությունները հիմնված են իր մոր` Գյուլիզարի, և հայրական տատիկի` Աղավնու պատմությունների վրա:

Տատիկիս մայրը ծնվել է 1908 թվականին Վանի Արտամետ գյուղում: Նրանց ընտանիքը եղել է բազմանդամ և բավականին հարուստ:

Իր ողջ կյանքի ընթացքում նրան հետապնդել է մի միտք. “Պետք է վերադառնալ հայրենի գյուղ և վերադարձնել այն ամենը, ինչ մեզ էր պատկանում”:

 Մեր մեծ տատիկը` Գյուլիզարը, Ցեղասպանությունը վերապրած այն փոքրաթիվ մարդկանցից էր, ով հաճախ էր իր ցավը մեղմելու համար պատմում հայրենի գյուղի և այն ամենի մասին, ինչ թողել էր այնտեղ: Պատմում էր նաև այն բոլոր տանջանքների մասին, որոնց ենթարկել էին իր հարազատներին, բարեկամներին …

Տատիկիս տատն էլ` Աղավնին, առանձնահատուկ ցավով է միշտ հիշել, թե ինչպես ջարդի տարիներին, պատճառաբանելով, թե գյուղի հայերին փրկելու համար ժողով են հավաքում, մի տեղ են հավաքել 137 հայերի և ողջ-ողջ այրել… Ոչ-ոքի չի հաջողվել փրկվել:

Դրանից հետո սկսվել է հայերի տարերային գաղթը, որի ժամանակ հայկական ընտանիքները մասնատվել են, ընտանիքի շատ անդամներ՝ անհետ կորել:

Գյուլիզարը ևս կորցրել է ընտանիքը, սակայն բարեբախտաբար կարողացել է անցնել Արևելյան Հայաստան: Այստեղ նա հայտնվում է Էջմիածնի ամերիկյան մանկատանը և սկսում հարցուփորձ անել հարազատներից: Նրան հաջողվում է պարզել, որ Աֆոն անունով իր եղբայրը ևս այդ մանկատանն է եղել, սակայն երբ փորձում է գտնել նրան, պարզվում է, որ ամերիկացիները երեխաներին տեղափոխել են արտերկիր: Այլևս ոչ մի լուր իր եղբոր մասին նա չի ստանում:

Մանկատան աշխատակիցներից մեկը եղել է Թաթուլ Ալթունյանի քույրը՝ Շուշանիկը, ով համակրանքով է վերաբերվել Գյուլիզարին: Մի քանի տարի անց հենց նա է տատիկիս հոր` մեծ պապիս ընտանիքին խորհուրդ տվել որպես հարսնացու ընտրել հենց Գյուլիզարին:

Տատիկիս հոր ընտանիքը ևս գաղթած է եղել նույն գյուղից՝ Վանի Արտամետից:

Տատիկս պատմում էր, որ ի տարբերություն Գյուլիզարի` նրանք խուսափում էին հիշել Ցեղասպանության արհավիրքները: Երբեմն, սակայն, խոսելով ջարդի տարիներից, պատմել են դեպքեր, թե ինչպես են որոշ թուրքեր և քրդեր օգնել հայերին: Նրանց էլ թուրքերն են օգնել հասնել Արևելյան Հայաստան: Աղավնու ամուսնուն թուրքերն օգնել են մինչև սահման հասցնել ընտանիքին և վերմակների մեջ թաքցրած իրենց ոսկին: Չնայած տատիկիս հոր ընտանիքը կարողացել է բարեհաջող հասնել Արևելյան Հայաստան, տատիկիս պապը` Աղավնու ամուսինը, հայրենի տունը կորցնելու վշտից շուտով սրտի կաթված է ստացել և մահացել:

Աղավնի տատիկը պատմել է նաև մի դեպքի մասին, երբ ջարդից փրկելու նպատակով հարևան թուրքերից մեկն իր տանը թաքցրել է մի հայ աղջկա, նրան թուրքի շորեր են հագցրել և պահել այնքան ժամանակ, մինչև որ հարմար է եղել սահմանն անցկացնել և Արևելյան Հայաստան ուղարկել: Աղավնի տատիկը միշտ պատմել է, թե ինչպես են ստիպված եղել թողնել հայրենի գյուղը: Նրա հիշողություններում տպավորվել էին Արտամետի խնձորի այգիները, որոնցով գյուղը հայտնի էր, այդ խնձորների յուրահատուկ բույրը:

Աղավնի տատիկն էությամբ շատ պարզ կին էր. ապրել է 127 տարի: Կյանքի ողջ ընթացքում նա ևս երազում էր վերադառնալ հայրենի գյուղ: Մի անգամ հարազատներից մեկին անգամ ասել է. “Որքա՞ն կարմիր փող տամ, որ ինձ տանեն իմ գյուղ, իմ չրերը հետ բերեմ”:

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: