ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԵՄ-ն շարունակելու է ակտիվ համագործակցությունն Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրների հետ՝ ձգտելով առավել մեծ տարբերակման երկկողմ հարաբերություններում: Հայաստանն, իր հերթին, ցանկանում է զարգացնել ԵՄ հետ համագործակցությունը՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռքբերված արդյունքների և առաջընթացի վրա: Այդ մասին հայտարարվել է հուլիսի 22-ին Բրյուսելում կայացած ԵՄ և ԱլԳ արտգործնախարարների հանդիպման ժամանակ:

Հանդիպման սկզբում ելույթով հանդես է եկել ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: “Տարբերակումն առաջիկա տարիներին լինելու է երկկողմ հարաբերություններին բնորոշ ուղենիշը”,-ասել է Ֆյուլեն: Նա նաև ընգծել է, որ 6 գործընկերների հետ համատեղ ճամփորդությունը պետք է շարունակվի: Նրա խոսքերով, 6 գործընկերներն էլ հավասարապես կարևոր են ԵՄ-ի համար: “Կարևոր է լինելու հաստատել համապատասխան մակարդակի հարաբերություններ, որոնք հաշվի կառնեն գործընկերների նպատակներն ու կարիքները”,-հայտարարել է հանձնակատարը:

Նա նաև անդրադարձել է գործընկեր երկրների` Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ ԵՄ-ն հարգում է հարևանների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ավանդական հարաբերությունները և քաջալերում դրանց զարգացումը: “Մենք պետք է միասին որոշենք, թե ինչպես շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ՝ ցույց տալու համար ՌԴ-ին, որ ԵՄ-ի և մեր գործընկերների միջև առավել սերտ հարաբերությունները չեն կառուցվում Ռուսաստանի հետ նրանց հարաբերությունների գնով”,-հայտարարել է Ֆյուլեն: Նրա խոսքով, աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղ չունի այս հարթակում:

ԵՄ-ի հետ առկա հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին անդրադարձել է նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: “Հայաստանն ակնկալում է հետագա քայլեր ձեռնարկել` ԵՄ հետ համագործակցության իրավական նոր հիմքեր ձևավորելու նպատակով, որը մի կողմից կարտացոլի Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում ձեռքբերվածը, մյուս կողմից, հաշվի կառնի նոր իրողությունները”,- ասել է ՀՀ արտգործնախարարն իր ելույթում: Նա շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Հայաստանը ցանկանում է մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման շուրջ երկխոսությունը:

Նալբանդյանն անդրադարձել է նաև Թուրքիայի հետ փակ սահմանի առկայությանը, որպես խոչընդոտ երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը և ԵՄ հետ Հայաստանի հաղորդակցության և տրանսպորտային ուղիների շահագործմանը:

Փաստացի, ԱլԳ վեց երկրներից Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը թևակոխել են ԵՄ համագործակցության նոր փուլ՝ ստորագրելով Ասոցացման համաձայնագրերը: Դրա հետ մեկտեղ, ԵՄ-ն ընդգծում է, որ դա ամենևին չի նշանակում, որ գործընկերության մյուս երկրները, այդ թվում՝ Հայաստանը, դադարում են ԵՄ-ի համար հետաքրքրություն ներկայացնել: Նրանց հետ հարաբերությունները կառուցվելու են վերջիններիս ունեցած նկրտումներին և կարիքներին համապատասխան: Իսկ Հայաստանն, իր հերթին, շահագրգռվածություն է ցուցաբերում շարունակել և զարգացնել համագործակցությունը՝ առաջ մղելով տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումները: Ուստի, երկու կողմերի հայտարարած սկզբունքների ներքո հարաբերությունները կարող են բնականոն զարգանալ և համապատասխանել թե՜ Հայաստանի, թե՜ ԵՄ-ի շահերին և հնարավորություններին:

23.07.2014

Աղբյուրը՝ armedia.am