“Ծանոթ մի թուրք հորս ու պապիս զգուշացրել է, որ եկեղեցին շուտով հրկիզվելու է”

“100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Դարիկո Մելքոնյանը

Երբ 2000 թվականին գնացի Ղարս ու Ղարսի բերդից նայեցի շուրջբոլորս. աչքիս առջև հայտնվեցին գաղթականների շարանները… Այդ օրվանից լալիս եմ. հասկացա, թե ինչ տառապանքների միջով են անցել ծնողներս…

Մայրս ցեղասպանության ականատեսներից է եղել, սակայն նա այնքան քիչ էր պատմում տեսածի ու ապրածի մասին, որ ես մինչև Ղարսում լինելը շատ բան չէի պատկերացնում… Նա Սարիղամիշից է եղել: Ցեղասպանության ժամանակ, բազմաթիվ հայ երեխաների նման, նա էլ հայտնվել է ամերիկյան մանկատանը: Մորս մորեղբայրը թարգմանիչ է եղել, և հենց նա էլ գտել է մայրիկիս: Երեխաների անվան ցանկում կարդալով “Թորոսյան Տիրուն” անուն-ազգանունը` հասկացել է, որ դա իր քրոջ աղջիկն է:

Մայրս տեղափոխվել է մորեղբոր մոտ, սակայն նրա քրոջը` Մարգարիտին, արդեն տեղափոխել էին ԱՄՆ: Մորս եղբայրների մասին, ցավոք, տեղեկություն չկա…

Հայրս` Վահրադյան Սենոն, ծնվել է 1907 թվականին, Նորաբեր, այն ժամանակ` Քյալալի գյուղում, որի տարածքում այժմ ջրամբար են կառուցել: Հայրս ևս եղել է ցեղասպանության ականատեսներից: Թուրքերը հարձակվել են և գյուղի բոլոր բնակիչներին աքսորել առանց տարիք և սեռ հաշվի առնելու: Հայրս այդ ժամանակ հիվանդ է եղել: Երբ զինվորներից մեկը ցանկացել է կրակել նրա վրա, մեկ այլ զինվոր ասել է. “Ափսոս չէ` գնդակ ծախսես, առանց այդ էլ գյավուրը մեռնում է”: Այդպես հայրս ողջ է մնացել: Նա միշտ զարմանքով էր հիշում, որ ամբողջ գյուղին տեղափոխել են յոթ-ութ ենիչերներ, սակայն հայերը, չնայած որ մեծաթիվ են եղել, չեն պաշտպանվել նրանցից:

Աքսորի ճանապարհին հորս մայրն անհետացել է, նրա մասին տեղեկություն այդպես էլ չենք ունեցել: Իսկ հորս ու պապիս, ողջ մնացած հայերի հետ, փակել են եկեղեցում: Այստեղ ծանոթ մի թուրք հորս ու պապիս զգուշացրել է, որ եկեղեցին շուտով հրկիզելու են: Նրանք փախուստի են դիմել և փրկվել…

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: