Լիտվան բարդ քննություն է հանձնել

Հաջորդ տարի եվրագոտուն Լիտվայի միանալուց հետո լիտի արժեզրկումն այլևս չի անհանգստացնի լիտվացիներին: Նման կարծիք հայտնել են լիտվացի տնտեսագետներն այն բանից հետո, երբ ԵՄ նախարարների խորհուրդը Բրյուսելում հուլիսի 23-ին վերջնական որոշում կայացրեց 2015 թվականի հունվարի 1-ից եվրագոտուն Լիտվայի միանալու մասին:

Ֆինլանդիան իր հերթին արդեն հայտնել է, որ ուրախ է Լիտվայում եվրոյի շրջանառության մեջ մտնելու համար, քանի որ դա կդյուրացնի տնտեսական հարաբերությունները, որոնք վերջին տարիների ընթացքում ընդլայնվել են երկու երկրների միջև, հայտնում է ru.delfi.lt-ն: Նման հայտարարությամբ

հանդես է եկել Լիտվայում Ֆինլանդիայի դեսպան Հարի Մյաքի Ռեյնիկան:

Հիշեցնենք, որ Լիտվայի վարչապետ Ալգիդրաս Բուտկյավիչուսը չորեքշաբթի Բրյուսելում իր հերթին նշեց, որ Լիտվան բարդ քննություն է հանձնել եվրոյի ներմուծման նախապատրաստման համար: Նա խոստացել է, որ երկիրը հետագայում ևս հավատարիմ կմնա պատասխանատու ֆինանսական քաղաքականությանը: Ավելի վաղ եվրոգոտուն Լիտվայի միանալու մասին որոշումը հաստատել էին նաև ԵԿԲ-ն և Եվրախորհրդարանը:

Եվրագոտի մտնելու համար Լիտվան պետք է բավարարեր Մաաստրիխտի չափանիշները: Դրանք են՝ բյուջեի դեֆիցիտ ՀՆԱ-ի 30%-ից ոչ ավել, պետական պարտք ՀՆԱ-ի 60%-ից ոչ շատ և այլն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ, իր կարծիքով, Բուլղարիան, Չեխիան, Խորվաթիան, Լեհաստանը, Հունգարիան և Շվեդիան ներկայումս չեն կատարում եվրոյին անցնելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, այդ իսկ պատճառով այդ երկրներում տիրող իրավիճակը կվերանայվի երկու տարի անց:

Հիշեցնենք, որ այժմ եվրագոտու մեջ մտնում են Եվրամիության 18 երկրներ: Այդ երկրներում պաշտոնական արժույթ հանդիսանում է եվրոն: Եվրագոտին երկրների խումբ է, որոնք մտնում են ԵՄ շրջանակներում գործող տնտեսական և արժութային միության մեջ: Այն սկսել է գործել 1999 թվականի հունվարի 1-ից: Եվրագոտու կազմի մեջ մտնում են Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Հունաստանը, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կիպրոսը, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Էստոնիան:

Աղբյուրը՝ www.armedia.am