“Մահվան դատապարտված մի խումբ հայ երիտասարդների մի թուրք է վերցնում, որպեսզի աշխատեն իր համար”

 ”100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Սարգիս Սուվարյանը

Հայրս՝ Սուվարյան Ավետիսը, ծնվել է 1901 թվականին Արաբկիր քաղաքում: Երբ սկսվել է կոտորածը, նրա հորը՝ իմ պապին, շատերի հետ որպես զինվոր հավաքագրել և տարել են: Հենց այսպես էլ պապս սպանվել է: Հայրս միայնակ է մնացել իր փոքր եղբոր հետ, ում որոշ ժամանակ անց հանձնել են ամերիկյան որբանոց: Հայրս պատմում էր, որ մարդկանց խմբերով հավաքում էին Եփրատի ափին, ոտքերն ու ձեռքերը կապում, նստեցնում նավակների մեջ, հասցնում մինչև գետի կենտրոն և նավակները խորտակում՝ խեղդելով մարդկանց:

Հայրս այդ խմբերից մեկի մեջ է եղել, որոնք “սպասում էին իրենց մահվանը”: Այդ պահին միջին ապրուստի մի թուրք է մոտեցել ափի մոտ հավաքված խմբին և մի քանի երիտասարդների ու պատանիների վերցնելու ցանկություն հայտնել, որպեսզի նրանք իր համար աշխատեն, անասնապահություն անեն: Ընտրված տղաների շարքում է հայտնվել նաև հայրս, ով այդ ժամանակ 14-15 տարեկան է եղել: Այսպես այս թուրքը վերցրել է 4-5 տղաների, որոնք մի քանի շաբաթ աշխատել են նրա համար, հետո որոշել են փախուստի դիմել:

Հայրս հիշում էր, որ գիշերներն իրենք ճանապարհ էին ընկնում և շարժվում դեպի հարավ, իսկ ցերեկները թաքնվում էին գերեզմաններում: Երբեմն նրանց նկատել են թուրք հասակակից երեխաներ, պատահել է` վեճի են բռնվել նրանց հետ: Այսպես տարատեսակ փորձությունների միջով նրանք հասել են Սիրիա՝ Հալեպ քաղաք, որտեղ դրությունը համեմատաբար հանգիստ է եղել: Սիրիայից հայրս անցել է Լիբանան: Բեյրութում նա սկսել է աշխատել, որոշ ժամանակ անց գտել է նաև եղբորը, ով ամերիկյան որբանոցի սաների հետ ևս հասել էր Բեյրութ: Հայրս որբանոցից վերցրել է եղբորը և հոգ տարել նրա մասին:

Մայրս ևս որբատան երեխա է եղել` նույնպես Արաբկիրից, ով նույն ճանապարհով էր հայտնվել Բեյրութում: Մորս ընտանիքն Արաբկիրում կաշվի մշակման մեծ գործարան է ունեցել: Մորս հայրը՝ Կարապետը, հարուստ և ազդեցիկ մարդ է եղել, նրան գտնելու համար նրա եղբայրներին տանջանքների են ենթարկել և ստիպել բացահայտել նրա տեղը: Այսպես պապս ու նրա եղբայրները սպանվել են, մայրս տանը մնացել է մենակ իր 3-4 տարեկան եղբոր և քառասուն օրական քրոջ հետ: Երեխաների մայրը՝ տատս, հիվանդացել է և բժիշկ չլինելու պատճառով մահացել: Բարեկամներից ոմանք անգամ ցանկացել են քառասուն օրական փոքրիկին էլ թաղել մոր հետ, սակայն տատիկիս քույրը թույլ չի տվել: Մայրս պատմում էր, որ իրենք օրեր շարունակ սոված են մնացել, թեև որոշ ժամանակ անց կենդանի մնացած բարեկամներից լսել են, որ տան առաջին հարկում պատերի մեջ պահված ոսկի է եղել, ինչի մասին իրենք ոչինչ չեն իմացել: Փորձելով մի կերպ գոյատևել՝ փոքրիկները սիսեռով ճաշ են պատրաստել և, չգիտակցելով վտանգը, կերակրել են նաև երկու ամսական իրենց քրոջը: Վերջինս, դժբախտաբար, խեղդվել է…

Ես ծնվել եմ 1937 թվականի փետրվարի 6-ին Բեյրութում: 1946 թվականին 6-րդ քարավանով մենք եկանք Հայաստան, մեզ տեղավորեցին Կիրովականում: Այնուհետև մեծ դժվարությամբ տեղափոխվեցինք Երևան, որտեղ բնակվում էր հորս քեռու տղան, և տեղավորվեցինք նրա տանը: Այնտեղ մեկ տարի բնակվելուց հետո հողամաս ստացանք, սկսեցինք տուն կառուցել և դեռևս կիսակառույց վիճակում տեղափոխվեցինք մեր տուն: Հայրս շինարար մարդ էր, շատ արհեստավարժ էր, ժամանակի ընթացքում կարողացավ կառուցել իր տունը և մեծացնել իր երեք երեխաներին:

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: