ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի առաջարկները Արևելյան գործընկերության նախարարների հանդիպմանը Բրյուսելում

Բրյուսելում կայացած ԱլԳ նախարարների հանդիպմանը Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Ղեկավար կոմիտեի անդամ Լեյլա Ալիևան իր ելույթով վերահաստատել է ֆորումի աջակցությունը՝ որպես արդյունավետ մեխանիզմ, ԱլԳ վեց գործընկեր երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա) ժողովրդավարական բարեփոխումների խթանման, օրենքի գերակայության և կայուն շուկայական համակարգերի հաստատման նպատակով և ներկայացրել է մի շարք առաջարկներ այդ ուղղությամբ:

 Ելույթում, մասնավորապես, ասվում է. «Շեշտում ենք, որ տնտեսական ինտեգրումը պետք է տեղի ունենա մարդու իրավունքների, քաղաքացիական ազատությունների և համատեղ անվտանգության սկզբունքների գերակայության հետ համահունչ, հույս ունենալով, որ ԵՄ անդամ երկրները և Եվրախորհրդարանը, հիմնվելով մինչ օրս կիրառված պատժամիջոցների վրա, հստակ, հետևողական և միասնական ազդակներ կուղարկեն Ռուսաստանի իշխանություններին՝ Ուկրաինայում ռազմական միջամտությունը և Ղրիմի բռնակցումը, ինչպես նաև Արևելյան Ուկրաինայում անջատողականներին զինելու քաղաքականությունը որակելով որպես ապօրինի և անընդունելի գործողություններ:

  ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումն առաջարկում է. քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների գծով Եվրոպական հանձնակատարի նշանակում, գործընկեր երկրներում բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատում, աջակցություն Ուկրաինայի ամբողջականությանը՝ ընդդեմ ռուսական ագրեսիային և միջամտությանը ավելի լայն համագործակցություն պաշտպանության և անվտանգության ոլորտներում, այդ թվում ԵՄ և գործընկեր երկրների միջև էներգետիկ անվտանգության համատեղ քաղաքականության մշակում:

Ելույթում անդրադարձ կա նաև ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմին. «Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) պարզորոշ արտահայտել է իր դժգոհությունը՝ կապված Ասոցացման համաձայնագրի և ԽՀԱԱՀ բանակցությունները ավարտելուց հետո իշխանությունների վարած արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձի հետ, և քաղաքացիական այլ ուժերի ու քաղաքական շարժումների հետ միասին ստեղծել է «Եվրոպական ընտրություն» կոչվող նոր խումբ, որի գործունեությունն ուղղված է Հայաստանի եվրոպական ինտեգրացիան խթանելուն և Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կազմած Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության միանալուն դեմ: Մինչև նախորդ տարվա՝ ՀՀ իշխանությունների որոշումը՝ միանալ Մաքսային միությանը, ՀԱՊ-ը խոստումնալից երկխոսություն էր ծավալում իշխանության հետ բարեփոխումների օրակարգի վերաբերյալ: Կառավարության վարած քաղաքականության կտրուկ փոփոխությունից հետո Հայաստանի ազգային պլատֆորմը ստիպված էր սահմանափակել իր հավակնություններն ու ակնկալիքները: Այն փորձել է մեծացնել քաղաքական տիրույթում գործընկերների ընտրությունը, դիմելով նրանց, ովքեր հավատարիմ են մնացել Եվրամիության հետ սերտ համագործակցության քաղաքականությանը: Միևնույն ժամանակ, Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարել է, որ ինքը բաց է իշխանությունների հետ համագործակցության համար, որպեսզի նպաստի ԵՄ բյուջետային աջակցության նպատակային օգտագործմանը՝ քաղաքական երկխոսություն ծավալելով բոլոր այն ոլորտներում, որտեղ իշխանությունները պատրաստակամություն են հայտնում շարժվել Ասոցացման համաձայնագրին համահունչ»:

«…Այն երկրներում, որոնք չեն վավերացրել Ասոցացման համաձայնագրերը, քաղաքացիական հասարակությունն առաջվանից ավելի մեծ ուշադրության կարիք ունի։ Մենք բոլորս կոչ ենք անում ԵՄ անդամ երկրներին՝ գործի դնել դիվանագիտական բոլոր գործիքներն ու իրենց հեղինակությունը՝ խթանելու համար բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը և ԱլԳ նախաձեռնության հիմքում պահելու մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները»,- ասված է ելույթում։

Աղբյուրը՝ eaparmenianews.wordpress.com