Մադրիդն ու Կատալոնիան կրկին համաձայնության չեկան

Կատալոնիայի անկախացման ձգտումը Մադրիդի կողմից հերթական անգամ հակասահմանադրական է ճանաչվել: Շուրջ մեկամյա ընդմիջումից հետո չորեքշաբթի օրը Իսպանիայի մայրաքաղաքում հանդիպել են երկրի վարչապետ Մարիանո Ռախոյն ու Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը:

Նշենք, որ երկու ղեկավարների հարաբերություններն իսպանական մամուլն անվանվում է “խլերի երկխոսություն”:

“Հանրաքվեն ապօրինի է, սա այն է, ինչ կենտրոնական կառավարությունն այսօր մեզ կարող է ասել քաղաքական այս հակամարտության հաղթահարման վերաբերյալ,- լրագրողներին հայտնել է Մասը,- Այնուամենայնիվ ցանկանում եմ նշել, որ բավականաչափ քաղաքական կամքի առկայության պարագայում, այն կարող է օրինական համարվել: Այսօր, սակայն, մեզ չհաջողվեց համաձայնության գալ”:

Ռախոյը պնդում է, որ հանրաքվեն չի կայանա, և որ այն հակասահմանադրական է: Այսպիսին է նաև Իսպանիայի Սահմանադրական դատարանի և Ազգային ժողովի գնահատականը: Միևնույն ժամանակ Ռախոյը նշել է, որ Կատալոնիան “մշակութային, պատմական, տնտեսական և սոցիալական ոլորտներում իր ունեցած հսկայական ներդրման շնորհիվ” Իսպանիայի կարևորագույն մասերից է:

Մասն ու Ռախոյը քննարկել են նաև այն քայլերը, որոնք Իսպանիայի կառավարությունը ձեռնարկել է ինքնավար շրջաններում հանրային ծառայություններ իրականացնող կառույցների կայուն վիճակը պահպանելու համար: Yahoo.es –ի հաղորդմամբ, 2014 թ.-ին ինքնավար մարզերին հատկացվելիք 23 միլիարդ եվրոյից 7200 միլիարդը` մոտ 34,8 %-ը, կհատկացվեն Կատալոնիային:

Մյուս կողմից Մասի հեղինակության վրա բացասաբար է անդրադարձել այս Կատալոնիան 23 տարի ղեկավարած 84-ամյա Խորդի Պույոլի անվան շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալը. Մասը վերջինիս մշտապես անվանել է իր քաղքական հայր:

Աղբյուրը՝ armedia.am