Լոնդոնի համար շահավետ է Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալը

Լոնդոնի համար առավել շահավետ կլինի, եթե Մեծ Բրիտանիան դուր գա ԵՄ կազմից, քան, եթե այն մնա չբարեփոխվող կառույցում, նման եզրահանգման է եկել Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն իր զեկույցում:

 Զեկույցի նախագիծը, որը կազմել է Ջոնսոնի` տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Ժերար Լյոնսը, միաժամանակ նախազգուշացնում է, որ ԵՄ կազմից դուրս գալը Լոնդոնին կարող է միլիոնավոր աշխատատեղեր արժենալ, հետեւաբար` քաղաքը ստիպված կլինի առեւտրային նոր քաղաքականություն իրականացնել:

Զեկույցը, որի վերջնական տարբերակը կհարապարակվի չորեքշաբթի, դիտարկում է հետագա 20 տարիների համար Լոնդոնի տնտեսության զարգացման հեռանկարները` չորս տարբեր սցենարներով:

Փորձագետի կարծիքով, Լոնդոնի համար լավագույն տարբերակը կլինի, եթե Մեծ Բրիտանիան մնա ԵՄ կազմում, եթե վերջինս Միացյալ Թագավորության առաջնահերթություններից բխող բարեփոխումներ իրականացնի:

“Լոնդոնի, ինչպես եւ ընդհանուր առմամբ Բրիտանիայի համար տնտեսական զարգացման լավագույն սցենարը կլինի այն, եթե երկիրը շարունակի մնալ էապես բարեփոխված ԵՄ-ում”,-նշել է Լյոնսը Sunday Telegraph-ի հետ զրույցում:

Երկրորդ լավագույն տարբերակը ԵՄ կազմից Լոնդոնի համար ձեռնտու պայմաններով դուրս գալն է, որի արդյունքում, սակայն, առեւտրային քաղաքականությունը վերամշակելու կարիք կառաջանա:

Երրորդ սցենարը, որի արդյունքում Լոնդոնն էական վնաս չի կրի ներկա վիճակի համեմատությամբ, սակայն նաեւ չի ունենա որեւէ ձեռքբերում առաջիկա 20 տարիների ընթացքում, ԵՄ կազմում մնալն է, եթե կառույցը չենթարկվի բարեփոխումների:

Լոնդոնի համար վատթարագույն տարբերակը ԵՄ կազմից դուրս գալն է` առանց առեւտրային նոր քաղաքականություն մշակելու եւ ներդնելու:

Լոնդոնի պահպանողական քաղաքապետն իր ելույթում օրերս նշել է, թե ինչ է պետք իրենց ԵՄ կազմում մնալու համար: “ԵՄ սոցիալական քաղաքականության ծախսերը, ԵՄ տնտեսության լճացումը, Բրյուսելի որոշ կարգավորիչների արդյունքում առաջացող շարունակական անհեթեթությունները Մեծ Բրիտանիային կստիպեն լքել ԵՄ-ն, եթե այն չբարեփոխվի”,-հայտարարել է Բորիս Ջոնսոնը:

 Աղբյուրը՝ http://euobserver.com