“Մեկ օրում մեծ պապիկիս ընտանիքը կորցնում է ամեն ինչ…”

“100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Դավիթ Ավետիսյանը

Այս պատմությունն ինձ պատմել է տատիկս` Թերեզա Նալբանդյանը, իր պապիկի մասին: Երբ նա պատմում էր, լսում էի ուշադիր ու տխրում, իսկ հիմա, երբ ես եմ պատմում, մարմնովս դող է անցնում. կարծես ինքս ներկա եմ եղել ու սեփական աչքերով Ցեղասպանություն ասված արհավիրքը տեսել:

Տատիկիս պապը` Աբաջյան Մարտիրոսը, մտավորականի ընտանիքից էր: Նա ծնվել և մեծացել էր Կարսում: Մարտիրոսն ամուսնացած էր և ուներ 6 երեխա: Կարսում մեծ պապիկս Մշակ թերթի խմբագիրն էր: Նա շատ կենսուրախ և բարի մարդ էր: Նրան բոլորն էին սիրում:

1915 թվականն էր… Մեծ պապիս հարևանությամբ ապրում էր Գյուլիզար անունով մի թուրք կին, ով թուրք փաշայի քույրն էր: Մի օր, պատահաբար լսելով եղբոր խոսակցությունը, թե գիշերը հայերին կոտորելու են, Գյուլիզարը շտապում է զգուշացնել այդ մասին Աբաջյանների ընտանիքին, ում նկատմամբ մեծ հարգանք էր տածում: Մեծ պապս էլ իր հերթին զգուշացնում է` ում կարողանում է, և, զգալով, որ չի կարողանա պաշտպանել իր ընտանիքին ու գերդաստանին թուրքերից, առաջարկում է հարազատներին փախուստի դիմել: Նրանք շատ հարուստ էին ու շատ ոսկի ունեին, կճուճներով տան պատերի մեջ էին պահում, սակայն փրկվելու ու ապրելու ցանկությունն ավելի մեծ էր: Ժամանակ չկորցնելով՝ Մարտիրոս պապը թողնում է ամենը, վերցնում է ընտանիքին ու հարազատներին և ճանապարհ է ընկնում:

Փախուստի ճանապարհին նրանց առջև սարսափելի տեսարան է բացվում: Փողոցներում մեծերի ու մանուկների դիակներ էին: Նրանք սարսափահար գնում էին առաջ՝ չիմանալով` ինչ է իրենց սպասվում առջևում: Այդ ժամանակ տատիկիս մայրն ու հայրն արդեն ամուսնացած էին, և ծնված էին տատիկիս ավագ քույր ու եղբայրը: Փախուստի ժամանակ տատիկիս մայրը երեխաներին պարանով կապում է իրար` մեկին մեջքից, մյուսին՝ կրծքից, որպեսզի չկորցնեն իրար: Սակայն ճանապարհին` այդ թոհուբոհի մեջ, կորչում են տատիկիս հորեղբայրները, ու այդպես էլ չեն գտնում նրանց: Միայն տարիներ հետո է հաջողվում պարզել, որ ինչ-որ ամերիկացիներ վերցրել են նրանց, հետո տեղափոխել Ամերիկա:

Ի վերջո, քանի ժամ ճանապարհ անցնելուց հետո նրանք հայտնվում են թուրքերի շրջափակման մեջ: Մարտիրոս պապն ու նրա ընտանիքը չեն իմանում` ինչ անել: Եթե աջ գնային, գետում կխեղդվեին, ձախ գնային, կընկնեին թուրքի սրի տակ: Չիմանալով, թե ինչ անել` Մարտիրոս պապը խուճապահար ծնկի է գալիս և աղաչում թուրքերին, որ վերցնեն այն ամենը, ինչ ունեն, միայն թե ձեռք չտան երեխաներին: Թուրք զինվորների պատասխանը հետևյալն է լինում. “Ո՛չ, մեռնելու եք բոլորդ”: Այն պահին, երբ թուրքը, բարձրացնելով սուրը, պատրաստվում է գլխատել Մարտիրոսին, չգիտես թե որտեղից հայտնվում է նրանց հարևանուհին՝ Գյուլիզարը, ով, թերևս գիտակցելով, որ Աբաջյանները չեն կարողանալու անվտանգ փախուստի դիմել, շտապել էր նրանց օգնության: Նա կտրում է թուրք զինվորների առջևը, հանում է գլխաշորը և նետում գետնին՝ զինվորների առջև:

Թուրքերը նրան ճանաչում են: Գյուլիզարը հրամայում է զորքին, որ ձեռք չտան այդտեղ կանգնած մարդկանց և ճանապարհ տան, որ անցնեն: Թուրք զինվորները սրերն իջեցնում են, և Մարտիրոս պապն ու իր հարազատներն անցնում են: Ահա այդ թուրք կնոջ շնորհիվ է, որ Աբաջյան Մարտիրոսի գերդաստանը փրկվում է թուրքի սրից: Նրանք չորս օր ու չորս գիշեր գնալով՝ հասնում են Վրաստան: Որոշ ժամանակ անց տեղափոխվում են Հայաստան և բնակություն հաստատում Գյումրիում: Աբաջյանների գերդաստանից միայն Մարտիրոս պապիս հորն են թուրքերը սպանում, երբ նա դաշտում է լինում:

Սա էր իմ պատմությունը, որը պատմելիս կարծես զգացի այն սարսափը, որը Աբաջյանների գերդաստանն էր այդ տարիներին ապրել: Նրանք ունեին ամեն ինչ և մի օրում կորցրեցին՝ տուն, ունեցվածք, ընկերներ ու հարազատներ: Սարսափելի է, երբ անգամ մտածում ես այդ մասին…

 

 

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: