“Մեծ պապիկս երկու ժամ ուներ Վանից հեռանալու համար”

“100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Ալիկ Սարգսյանը

Այս պատմությունը լսել եմ մայրիկիցս, սակայն միայն վերջերս ավելի մանրամասն իմացա նրա պապիկի ընտանիքի կյանքի մասին Վանում, այն մասին, թե ինչպես են նրանք հրաշքով փրկվել կոտորածից: Նախնիներս գաղթել են Վանից Ցեղասպանության տարիներին: Նրանց մի մասը բնակություն է հաստատել Արևելյան Հայաստանում:

Այս պատմությունը մայրիկիս պապիկի մասին է, ով ծնվել և մինչև 1915 թ. ջարդերն ապրել է Վանում: Նիկողոս Գրիգորի Չարխչյանը ծնվել է 1884 թվականին: Ավարտել է դպրոցը, որից հետո դարձել է սափրիչ: Նա ունեցել է մեկ դուստր: Չնայած սիրել է իր արհեստը, սակայն եղել է նաև շատ գործունյա: Քրտնաջան աշխատանքի և մեծ կամքի շնորհիվ, նա դարձել է խոշոր հյուրանոցների, վարսավիրանոցների, «չայխանաների» սեփականատեր: Գործի բնույթից ելնելով՝ նա շատ է շփվել թուրքերի հետ և շատերի հետ բավականին լավ հարաբերությունների մեջ է եղել: Նրա թուրք հարևանները Նիկողոսի և նրա ընտանիքի անդամների անբաժան ուղեկիցներն էին: Սակայն նրանց հարաբերություններն էլ են փոխվել, երբ սկսվել են թուրքերի կողմից իրականացվող ջարդերը:

1915 թվականի ապրիլին Նիկողոսը լինում է իր հյուրանոցներից մեկում, երբ նրան է մոտենում ռազմական հանդերձանքով մի թուրք սպա և զգուշացնում, որ Նիկողոսն ունի ընդամենը 20 րոպե ժամանակ իր տունը և 2 ժամ Վան քաղաքը լքելու համար: Մայրս պատմում էր, որ շատ տարօրինակ էր, որ այդ մասին հայտնում է մի անծանոթ սպա, ում Նիկողոսն ընդհանրապես չգիտեր: Ինչևէ, նման լուրը սարսափեցնում է մեծ պապիկիս, և նա շտապում է իր ընտանիքի հետ որքան հնարավոր է արագ հեռանալ Վանից: Նիկողոսն իր հետ վերցնում է այն, ինչ հնարավոր էր 20 րոպեի ընթացքում՝ առաջին անհրաժեշտության պարագաներ, որոշակի գումար՝ ոսկով: Կնոջ, 2 տարեկան երեխայի և ծնողների հետ բռնում է գաղթի ճամփան՝ իր ողջ ունեցվածքը թողնելով թուրքերին: Սակայն նրանց փախուստն առանց կորուստների չի լինում: Չարխչյանների ընտանիքին ճանապարհին ոչ միայն թալանում են, այլև ենթարկում են հալածանքների, Նիկողոսի ծնողները մահանում են խոլերայից: Նիկողոսն իր ընտանիքով կարողանում է հասնել Արևելյան Հայաստան, հաստատվել և շարունակել իր կյանքն այստեղ: Հետագայում պարզ է դառնում, որ այդ նույն թուրք հարևանները, ովքեր մշտապես հյուրընկալվել էին Նիկողոսի տանը, վաղուց տեղյակ են եղել թուրքերի ծրագրերի մասին, սակայն թաքուն են պահել: Չնայած Նիկողոսի կյանքի ընթացքում պատահած բազմաթիվ դժվարություններին, տանջանքներին՝ նա ապրել է բավականին երկար՝ 96 տարի, և մահացել 1980 թվականին:

 

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: