“ՀԱՅԱՑՔ”-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է. Վրաստանի շահերից որևէ կերպ չի բխում հարևանությամբ ունենալ թշնամի երկիր

Ներկայացնում ենք “Արմեդիա” ՏՎԳ հարցազրույցը “Հայացք” կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Գրետա Ավետիսյանի հետ։

- Վրաստանին հաջողվեց ԵՄ-ի հետ կնքել Ասոցացման համաձայնագիրը, ինչի համար Վրաստանն այդքան երկար պայքարում էր: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ակնկալիքներ ունի Վրաստանն այս գործընթացում, և որքանո՞վ դրանք կարդարանան:

Այո, հունիսի 27-ին Վրաստանը կնքեց այդքան երկար սպասված Ասոցացման համաձայնագիրը, որի մեջ ներառվում է նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին հատվածը, իսկ հուլիսի 18-ին Վրաստանի խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն քվեարկությամբ վավերացրեց այն: Իհարկե, սա երկար սպասված պահ էր Վրաստանի համար, հատկապես ուրկրաինական ճգնաժամի ֆոնին, երբ ԱլԳ երկրների հետ Ասոցացման համաձայնագրերի կնքման հավանականությունը դառնում էր կասկածելի ու մշուշոտ: Այս համաձայնագրի ստորագրումը Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին անվանեց “մեծ քայլ դեպի ազատ Եվրոպա”: Եթե այս համաձայնագիրը ստորագրելով Վրաստանը նպատակ ուներ ամրապնդել իր երկրում օրենքի գերակայությունը, դատական բարեփոխումներ կատարել, ավելի բարձր մակարդակի բերեր իր երկրի ժողովրդավարական ինստիտուտները, եվրոպական շուկա մուտք գործել, ապա այս համաձայնագիրը տալիս է այդ հնարավորությունը: Թե արդյո՞ք կիրականանան այդ բարեփոխումները, կախված է միայն Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից և նրանց քաղաքական կամքից: Իհարկե, այս համաձայնագրի ստորագրումն ունի նաև այլ քաղաքական ենթատեքստ՝ հնարավորինս դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց:

Իսկ ինչ վերաբերում է ավելի մեծ ձգտումների, ապա, այո, դրանք կան, համենայն դեպս հնչում են պաշտոնական մակարդակով: Հենց Ասոցացման համաձայնագրի կնքման օրը Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Վրաստանն այս քայլով ոչ պաշտոնապես դիմեց Եվրամիություն` այս ընտանիքի անդամ դառնալու համար և հավաստիացրեց, որ երկիրն ամեն ինչ կանի դրան հասնելու համար: Բնականաբար բոլորս էլ հասկանում ենք, որ սրանք դեռևս ամպագոռգոռ հնչող բառեր են, և խոսել Վրաստանի՝ ԵՄ հնարավոր անդամակցության մասին դեռևս չափազանց վաղ է:

- Խոսեցիք Ուկրաինական ճգնաժամի մասին: Որքանո՞վ է այն իր անդրադարձն ունենում Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի, ինչպես նաև ռուս-վրացական հարաբերությունների վրա:

Վրաստանն ու Ուկրաինան ունեն բավականին նման աշխարհաքաղաքական դեր: Նրանք կապող օղակ են հանդիսանում Եվրոպայի և Ասիայի, Արևելքի ու Արևմուտքի միջև: Վրաստանը դա գիտակցում է, ինչպես նաև գիտակցում է այն, որ չի կարող լիովին խզել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ` հենց թեկուզ ամենապարզ պատճառով. երկուսն էլ գտնվում են միևնույն տարածաշրջանում, ոչ մի երկրի շահերից չի բխում հարևանությամբ ունենալ թշնամի երկիր: Սա նշանակում է, որ Վրաստանը յուրաքանչյուր քայլ անելիս պետք է մտքում ունենա նաև այն, թե դրանք ինչ ձևով կանդրադառնան Ռուսաստանի հետ իր հարաբերությունների վրա և՛ երկարաժամկետ, և՛ կարճաժամկետ կտրվածքով: Մինչև Ասոցացման համաձայնագրի կնքումը և դրանից հետո էլ, Վրաստանը առաջնորդվելու է հենց այս սկզբունքով:

Ինչ վերաբերում է ուկրաինական ճգնաժամի համատեքստում ռուս-վրացական հարաբերություններին, ապա դրանց վրա իսկապես իր ազդեցությունն ունեցավ այս ճգնաժամը: Վրաց ժողովուրդը միահամուռ իր աջակցությունն էր հայտնում Ուկրաինային, վրացական լրատվամիջոցները դատապարտում էին Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում: Միայն Վրաստանի կառավարությունն էր, թերևս, հասկանալի պատճառներով լռում՝ Ռուսաստանին ևս մեկ անգամ սադրանքի չենթարկելու համար: Վրաստանի նախագահն այս կապակցությամբ կարծիք է հայտնել` նշելով, որ ռուս-վրացական հարաբերություններն առավել դրական հունով կընթանային և առաջընթաց կգրանցվեր, եթե չլիներ Ուկրաինայի լարված իրավիճակը: Իհարկե, սա մի տեսակետ է, որի հետ կարելի է և՛ համաձայնել, և՛ չհամաձայնել: Իսկ միգուցե հակառակ պարագայում խոչընդոտնե՞ր առաջանային հենց Վրաստանի ինտեգրման գործընթացի տեսանկյունից:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի կողմից Ռուսաստանի և Վրաստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կասեցման որոշումը:

Կարելի է ասել, որ սա Ռուսաստանի պատասխանն է Վրաստանի՝ Ասոցացման համաձայնագիր կնքելուն: Այնուամենայնիվ, այս երկրների միջև առևտրի համաձայնագրի կասեցում չի նշանակում առևտրային հարաբերությունների խզում: Պարզապես Ռուսաստանի և Վրաստանի միջև սահմանվելու է մաքսային ռեժիմ: Ճիշտ է, պաշտոնական մակարդակով Վրաստանի կողմից բազմիցս հնչել է, որ այս համաձայնագրի կասեցումը ողբերգական չի կարող լինել Վրաստանի համար, քանի որ իրենց առջև բացվել է Եվրոպական հսկայածավալ շուկան, սակայն ամեն ինչ այսքան հեշտ ու պարզ չէ: Վրաստանը որոշ ապրանքատեսակների առումով կախվածության մեջ է գտնվում Ռուսատանից, բացի այդ, ապրանքները Եվրոպական շուկաներ արտահանելու համար դրանք պետք է համապատասխանեն որոշակի ստանդարտների, ինչի համար Վրաստանից ժամանակ կպահանջվի:

Այս հարցը դիտարկելիս կարևոր է անդրադառնալ մի նրբության, որն անմիջապես մեզ է վերաբերում: Լինելով տարածաշրջանում՝ այս գործընթացից որևէ կերպ չէր կարող չազդվել նաև Հայաստանը: Ունենալով ազատ արևտրի պայմանագիր և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ՝ Հայաստանը կարող է օգտվել այս իրավիճակից և փոխարինել Ռուսաստանում վրացական և Վրաստանում՝ ռուսական մի շարք ապրանքատեսակների:

- Վրաստանն այսօր հանդիսանում է Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից մեկը: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Ասոցացման համաձայնագրի կնքումն իր հետ փոփոխություններ, ինչպես նաև խոչընդոտներ չի առաջացնի այս բնագավառում:

Պաշտոնապես այդ մասին որևէ խոսք չկա, բայց եթե վերլուծենք Մարգվելաշվիլու՝ Հայաստան կատարած այցի ժամանակ Հայաստանի և Վրաստանի նախագահների հայտարարությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետության որոշումը՝ միանալ Մաքսային միությանը և Վրաստանի որոշումը՝ Ազատ առևտրի պայմանագիր կնքել Եվրամիության հետ, չեն խոչընդոտի երկու երկրների տնտեսական հարաբերություններին, այլ նոր հնարավորություններ կընձեռեն երկու երկրների գործարարներին, ապա պարզ է դառնում, որ թերևս երկու երկրների միջև կա ներքին պայմանավորվածություն: Իհարկե, սրա մասին բարցրաձայն չի խոսվում, սակայն համոզված եմ, որ ներքին դիվանագիտական խողովակներով ամեն ինչ արվում է, որպեսզի այս տարբեր ինտեգրացիոն գործընթացներից երկու երկրներն էլ հնարավորինս շահավետ դուրս գան:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ