Ուկրաինական ճգնաժամի պայմաններում հայկական համայնքի դիրքերը որոշակիորեն թուլացել են

Ներկայացնում ենք “Արմեդիա” ՏՎԳ հարցազրույցը “Հայացք” կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանի հետ։

-Նարե՛կ, վերջերս Դուք այցելել եք Արևմտյան Ուկրաինա, որտեղ հանդիպումներ եք ունեցել հասարակական տարբեր շրջանակների ներկայացուցիների հետ: Ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայում տիրող հասարակական տրամադրություններն առկա ճգնաժամի ֆոնին: Արդյոք կա որոշակի զղջում, ինչպես են ուկրաինացիները պատկերացնում ելքը ստեղծված ճգնաժամից:

Նախևառաջ կցանկանայի հստակեցնել, որ Ուկրաինան, թեկուզ եթե վերցնենք միայն արևմտյան հատվածը, մոնոտոն չէ, ուկրաինական հասարակությունում հստակ առանձնանում են ինչպես մենթալիտետային տարբերություններ ունեցող, այնպես էլ ազգային-պետական հարցերի նկատմամբ տարբեր մոտեցումներ ունեցող խմբեր:

Ուկրաինական ճգնաժամը, չնայած իր արյունալի ընթացքին, որոշակիորեն ունեցել է և ունի նաև դրական նշանակություն, օրինակ` ուկրաինական ինքնության զարթոնքի տեսանկյունից:

Այսօր ուկրաինական հասարակությանը հուզում է երկու հիմնական հարց՝

  1. Երկրի արևելքում ընթացող գործողությունները. Այս հարցի հետ կապված բնակչության մեծամասնության մոտ նույնիսկ կասկած չկա, որ իրավիճակի միակ մեղավորը Ռուսաստանն է: Այսինքն` պետական քարոզչությունը և սեփական բացթողումներում ուրիշին մեղադրելու ընդունված մոտեցումը ստեղծել են թշնամու կերպար՝ ի դեմս Ռուսաստանի, մասնավորապես՝ ռուսական իշխանությունների:
  2. Անորոշ ապագան. Իրականացրած իշխանափոխությունից և անգամ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո էլ հասարակ քաղաքացիների համար դեռևս անորոշ է, թե ինչ է սպասվում երկրի տնտեսությանը: Մի կողմից ռուսական գազի դիմաց կուտակած հսկայական պարտքերը, մյուս կողմից այն, որ Արևմուտքը դեռևս միայն խոստանում է օգնություն տրամադրել, լուրջ մտահոգություն են ստեղծում հասարակ ուկրաինացու մոտ՝ երկրի տնտեսության կենսունակության հետ կապված: Իրավիճակն ավելի են լարում մարդկանց իրական աշխատավարձերի կրճատումները (օրինակ՝ վերջին որոշումներից մեկի համաձայն բոլոր աշխատողների աշխատավարձերից 1%-ի չափով “ռազմական պահում է կատարվել”), ռազմական գործողությունների համար կատարվող հսկայական հատկացումները:

Հատկանշական է, որ աստիճանաբար հօդս են ցնդում իշխանափոխության ընթացքում բնակչության մոտ ձևավորված չափազնացված ակնկալիքները, ինչը հանգեցնում է ֆրուստրացիայի քաղաքական գործընթացների նկատմամբ:

Չնայած այս ամենին առկա է հստակ գիտակցում, որ “հեղափոխության փուլն” ավարտվել է և այժմ պետք է ավարտին հասցնել նոր համակարգի ձևավորման գործընթացը: Հենց սրանով է բացատրվում այն, որ երկրի բնակչության գերակշիռ մեծամասնությունը աջակցում է իշխանության կողմից այս օրերին իրականացվող Եվրամայդանի մաքրման նախաձեռնությանը, որտեղ, ըստ նույն քաղաքացիների կարծիքի, շարունակում են մնալ “մարգինալները, անտունները, ովքեր չունեն այնտեղ մնալու համար գաղափարական որևէ շարժառիթ”:

-Ինչպե՞ս եք գնահատում հայկական համայնքի ներկայիս վիճակն ուկրաինական ճգնաժամի համատեքստում:

Ուկրաինայում տարբեր տվյալներով ապրում է մոտ 400 հազար հայ: Երկրի տարբեր շրջաններում գտնվող հայկական համայնքները ևս տարբերվում են իրենց կազմակերպվածությամբ, հասարակական դիրքով և ակտիվությամբ: Ուկրաինայում ունեցածս շփումների ընթացքում անկհայտ էր, որ համայնքի դիրքերը վերջին իրադարձությունների արդյունքում որոշակիորեն թուլացել են՝ պայմանավորված Ուկրաինայում ազգայնականության աճի հետ: Բացի այդ, նկատվող բացասական միտումները մեծապես պայմանավորված են ճգնաժամի ընթացքում Ուկրաինայում Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող հակահայկական լայնածավալ արշավով, որի արդյունքում ուկրաինական մամուլը ողողվում էր հակահայկական բնույթի նյութերով: Բնականաբար, հայկական համայնքն իր ուժերի ներածին չափով փորձել է հակազդել այս ամենին, և բարեբախտաբար, ինչպես նշում են հայկական հայմայնքի ներկայացուցիչները, անբարենպաստ միտումները չեզոքացվել են, բայց լիովին չեն վերացել:

Կցանկանայի նաև հատուկ ընդգծել Ուկրաինայի հայերի միության կարևոր դերը ողջ Ուկրաինայում գործող հայկական համայնքների, կազմակերպությունների գործունեության կոորդինացման գործում: Մինչ օրս շարունակվող ճգնաժամի պայմաններում Միության կողմից արվում է հնարավորը համայնքի՝ հակամարտության մեջ ներքաշվելուց խուսափելու, ինչպես նաև տարբեր շրջաններում տուժած համայքներին օգնություն ցուցաբերելու համար:

11․08․2014

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ