“Ադրբեջանը հայտնվել է ֆիլմերում հաճախ նկարագրվող “Բռնե՛ք՝ չխփեմ” իրավիճակում”

“Սոչիի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնվել էր ֆիլմերում հաճախ նկարագրվող “Բռնե՛ք՝ չխփեմ” իրավիճակում”,- այսպես մեկնաբանեց “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը Ադրբեջանի կեցվածքը նախագահների Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ: Բանախոսի համար հետաքրքիր էր նաև հանդիպումից առաջ և հետո Ադրբեջանի հանկարծակի կերպարանափոխությունը: Մեկնաբանելով Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպումը՝ Կարեն Բեքարյանը նշեց, որ ցանկացած հանդիպում, ինչպես նաև այս հանդիպումը, տալիս է լիցքաթափման հնարավորություն:

“Ադրբեջանական կողմի պահվածքը հանդիպումից առաջ և հետո շատ հետաքրքիր կերպարանափոխություն ստացավ. հանդիպման ընթացքում հանկարծ ողջ միջազգային հանրության և մեզ համար պարզ դարձավ, որ Ադրբեջանը կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը: Իրականում Սոչիի հանդիպման ընթացքում Ալիևը փորձեց փրկել իր դեմքը Ադրբեջանի վերջին չհաջողված փորձերից հետո՝ քաղել քաղաքական և ռազմական դիվիդենտներ: Այդ պարագայում Ադրբեջանի պահվածքը ինձ շատ հիշեցնում է ֆիլմերում հաճախ նկարագրվող “Բռնե՛ք՝ չխփեմ” իրավիճակը: Իհարկե գովելի է, որ Ռուսաստանի միջնորդությամբ հանդիպումը կարողացավ որոշ չափով հանդարտեցնել առկա լարվածությունը: Բայց միևնույն ժամանակ չպետք է լինել միամիտ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ Ալիևը մեկ անգամ չէ, որ հետ է կանգնել իր իսկ տված խոստումից”:

Անդրադառնալով հանդիպման դրական կողմերին՝ բանախոսը արձանագրեց հանդիպման՝ իր կարծիքով հետևյալ դրական արդյունքները: Առաջինը՝ ըստ բանախոսի՝ հանդիպումը հստակ արձանագրեց, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:

“Հանդիպումը և հանդիպմանը հաջորդող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը ամրագրեցին, որ հակամարտությունը պետք է լուծում ստանա խաղաղ ճանապարհով՝ հիմնված երեք հիմնարար սկզբունքների վրա, որոնք են՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշում և տարածքային ամբողջականություն: Դա ամրագրեց նաև այսօր տեղի ունեցած ՀՀ Նախագահի հարցազրույցը, որից պարզ դարձավ, որ բանակցային սեղանին դրված է Կազանյան փաստաթուղթը”:

Որպես հանդիպման մյուս դրական արդյունք բանախոսը նշեց շփման գծում հետաքննության մեխանիզմների ստեղծման հարցի բարձրացումը. “Լավրովի հարցազրույցից, ինչպես նաև եռակողմ հանդիպման լուսաբանված հատվածներից կարծես թե կարելի է արձանագրել, որ հայկական երկու կողմերի՝ երկար ժամանակ հնչող պնդումները առ այն, որ պետք է շփման գծում ստեղծել հետաքննության մեխանիզմներ, քննարկման նոր թափ ստացան:”

Եվ վերջապես երրորդ՝ ըստ բանախոսի՝ վերջին իրադարձությունները շփման գծում, ինչպես նաև հանդիպման արդյունքները ադրբեջանական հասարակությանը թույլ տվեցին հասկանալ, որ հայկական կողմերն անվերջ պաշտպանվողի դերում չեն լինելու և ունակ են իրենց առջև դնելով սեփական շահերից բխող նպատակներ հաջողությամբ հասնել դրանց իրականացմանը:

“Վերջին իրադարձությունները ստիպեցին Ադրբեջանին փոխել իր թյուր կարծիքը հայկական կողմերի մասին: Մեր հարևանի քաղաքական մշակույթը թույլ չի տալիս բարի կամքը ընկալել հենց որպես բարի կամք. նա դա ընկալում է որպես թուլություն: Ահա թե ինչու մինչև մեր հարևանը չհասունանա, դժվար է ակնկալել բանակցություններում իրական արդյունքներ:

Այս տեսակետից, եթե ուսումնասիրենք միջազգային փորձը, օրինակ՞ Ֆրանսիա-Գերմանիա՝ Սաարի հանրաքվե, կամ ժամանակակից, օրինակ՝ մոտ ապագայում սպասվող Շոտլանդիայի հանրաքվեն, ապա պարզ կդառնա, որ դրանք հնարավոր եղան միայն երկու կողմերի բարի կամքի առկայության դեպքում: Երկու դեպքում էլ կողմերը քաղաքակիրթ մակարդակում կայացրեցին որոշում, որ անհրաժեշտ է ժողովրդին տալ իր ճակատագիրը տնօրինելու իրավունք:

Ասածիցս հետևում է, որ կողմերից յուրաքանչյուրը կարող է ունենալ փոխզիջման գնալու պատրաստակամությունը, երբ նա հստակ հասկանում է, որ դա իր վրա հակադարձ ազդեցություն ունեցող բումերանգ չի լինի: Այն դեպքում, երբ Ադրբեջանը կսկսի տարբերակել բարի կամքը թուլությունից, հակամարտության լուծման հարցում արձանագրված հաջողությունները կլինեն շատ ավելի արագընթաց”:

Հարցին, թե արդյո՞ք տպավորություն չի ստեղծվում, որ Հայաստանը կախված է Ալիևի քմահաճույքից իր հետագա քայլերը ծրագրելիս, բանախոսը նշեց, որ Ալիևը իր իսկ հետապնդած հետևողական քաղաքականության արդյունքում մեզ ստիպեց հասկանալ և նրանց նույնպես ցույց տալ, որ իրականում այդպես չէ. “Ալիևի հետևողական քաղաքականությունը հասցրեց նրան, որ հայկական կողմերը ստիպեցին ադրբեջանական իշխանությանը և հասարակությանը հասկանալ, որ հայերը նստած չեն սպասում, թե ինչ կբերեն իրենց գլխին: Հայկական կողմերը ցույց տվեցին, որ ունակ են կանխարգելիչ, պատժիչ և խաղաղություն պարտադրող գործողությունների:

Բացի այդ՝ Ալիևի պահվածքը ստիպեց հայերին թե´ Արցախում և թե´ Հայաստանում գալ այն գիտակցման, որ մենք անվերջ չենք պաշտպանվելու՝ բավարարվելով նրանով, ինչ ունենք: Հայկական երկու պետությունների հասարակությունների մեջ առկա այս գիտակցման հետագա զարգացումը ստիպելու է ադրբեջանական հասարակությանը հասկանալ, որ այն արմատացած կարծիքը, “թե միայն հայերը կորցնելու բան ունեն” իրականությանը չի համապատասխանում: Վերջին իրադարձությունների արդյունքում գիտակցումը, որ “Ադրբեջանը դեռ շատ բան ունի կորցնելու”, սկսելու է գործել և աշխատել թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական հասարակություններում”:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ