Ստեղծվեց ՄԱԿ Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության ցանցը

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված օգոստոսի 12-ին մեկնարկեց ՄԱԿ-ի Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության Հայաստանյան ցանցի ստեղծումը։ «Ցանցի ստեղծման գաղափարը առաջացավ, երբ «Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնը» դիմեց ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակ, որպեսզի դառնա «Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության ցանցի» անդամ և մենք առաջնորդվում ենք այն կարգախոսով, որ մենք պետք է լինենք այն փոփոխությունը, որն անհնարինը կդարձնի հնարավոր»,- NEWS.am-ին ասաց «Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության ցանցի» ղեկավար Տիգրան Շադունցը։

54 Հայ երիտասարդական կազմակերպություններ միավորվեցին UNGPY Հայաստան ցանցում, բաժանվելով հինգ թեմատիկ ոլորտների, ինչպիսիք են՝ կրթությունը, զբաղվածություն և ձեռներեցությունը, առողջապահությունը, կառավարում և մասնակցությունը, խաղաղություն և անձնական անվտանգությունը։ «Մենք ողջունում ենք, որ Հայաստանում կան ակտիվ երիտասարդներ, որոնք ցանկանում են միանալ համաշխարհային այդ ցանցին։ Հայաստանյան ցանցի մեկնարկը տրվեց ու անհրաժեշտ է, որ այս ցանցը որպես երիտասարդական կառույց կայանա և կոնկրետ ծրագրերով հանդես գալու պարագայում մենք անպայման կլինենք իրենց կողքին»,- NEWS.am-ին ասաց ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Արմինե Հալաջյանը։

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի երիտասարդության գծով հատուկ Բանագնացի գրասենյակի և «ՄԱԿ-ի Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության ցանցի» գլխամասի աջակցությամբ UNGPY Հայաստանը նախաձեռնել է Հայ երիտասարդական կազմակերպությունների համար UNGPY Հայաստանին անդամագրվելու կոչ:

13.08.2014

Աղբյուրը՝ News.am