ԱՄՆ-ն շարունակում է հանգստացնել իր ահաբեկված ՆԱՏՕ գործընկերոջը

Լեհաստանում ԱՄՆ դեսպան Սթիվեն Մալն իր թվիթերյան էջում կատարել է հետևյալ գրառումը. “Այսօր մենք կընդունեք Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Քեմփբելին՝ անցկացնելու քննարկումներ Լեհաստանում ԱՄՆ ռազմական ներկայությունը մեծացնելու նպատակով:”

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը լրատվականy, այս շաբաթ Լեհաստան էր այցելել գեներալ Քեմփբելն ԱՄՆ ռազմական ներկայությունը Լեհաստանում մեծացնելու նպատակով, մի երկրում, որի կառավարության ներկայացուցիչները բազմիցս արտահայտել էին իրենց մտահոգությունն Ուկրաինայում տիրող ճգնաժամի պատճառով Ռուսաստանի Դաշնության կողմից իրենց դեմ հնարավոր ագրեսիայի վերաբերյալ:

Ինչպես նշել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին Reteurs լրատվական կայքին տված հարցազրույցում, ՆԱՏՕ-ի անդամ երկրներն արդեն մոտ են համաձայնագրի կնքմանը, համաձայն որի, կառույցը կմեծացնի իր ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում:

Դեռ պարզ չէ՝ գեներալ Քեմփբելի այցը Լեհաստան նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ-Լեհաստան, թե Լեհաստան-ՆԱՏՕ համագործակցությունը: Ինչպես նշում է Ամերիկայի ձայնը, կախված Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայացվածության մեծացումից՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը նույնպես չի բացառել Լեհաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազայի ընդլայնումը: Ինչպես սպասվում է, այս հարցերի շուրջ վերջնական որոշումներ կկայացվեն սեպտեմբերի 4-ին սպասվելիք ՆԱՏՕ վեհաժողովին:

Նշենք, որ Լեհաստանը հանդիսանում է հետխորհրդային այն խոշոր երկրներից մեկը, որը միացել է ՆԱՏՕ-ին Սառը պատերազմի ավարտից հետո: Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, տարվա սկզբին Լեհաստանում գտնվում էր մոտ տասն ամերիկացի զինծառայող: Նեկայումս Լեհաստանում ամերիկացի զինծառայողների թիվը հասել է մոտ 350-ի: Ինչպես հայտնել է լեհական զինված ուժերի ղեկավարության պաշտոնական ներկայացուցիչը, այս տարի Լեհաստան է ուղարկվել նաև յոթ ուղղաթիռ և երկու Hercules արտադրության ռազմական ինքնաթիռ, որոնք մասնակցում են Լեհաստանում տեղի ունեցող զորավարժություններին: Մոտակա օրերս նախատեսվում է Լեհաստան ուղարկել տասներկու F-16 կործանիչներ:

Դե ինչ, համաձայնեք, որ Ուկրաինայում տիրող ճգնաժամի հետևանքով լեհերի մոտ առաջացած մտավախություններն այնքան էլ հիմնավոր չեն թվում: Զարմանալի չէ՞ արդյոք, որ Լեհաստանը, լինելով ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ, թվում է՝ կառույցում իրեն այնքան էլ ապահով չի զգում և անվտանգության հավելյալ երաշխիքներ է պահանջում իր գործընկերներից: Մնում է միայն ենթադրել, որ Լեհաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, լինելով ՆԱՏՕ-ի կազմում, դեռ չեն հասցրել ծանոթանալ կազմակերպության համաձայնագրի 5 հոդվածին, որում ասվում է, որ ՆԱՏՕ անդամ երկրի դեմ ցանկացած ռազմական հարձակում համարվում է ոտնձգություն կազմակերպության բոլոր անդամների նկատմամբ:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ