Շոտլանդացիների ընտրությունն իրենց անձնական գործն է

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը կարծում է, որ Շոտլանդիան չպետք է առանձնանա Միացյալ Թագավորությունից, հայտնում է Times-ը: “Շատ կասկածելի է, որ Շոտլանդիայի անկախությունը կօգնի աշխարհին”, – նշել է վարչապետը: Թոնի Էբոտը հավաստիացած է, որ Շոտլանդիայի անկախացման կողմնակիցներն ազատության և արդարության կողմնակիցներ չեն հանդիսանում: Սակայն նա ընդգծել է, որ շոտլանդացիների ընտրությունն իրենց անձնական գործն է, և ինքը մտադիր չէ խորհուրդ տալ՝ ինչպես քվեարկել:

Թոնի Էբոտը ծնվել է Մեծ Բրիտանիայում և կրթություն ստացել Օքսֆորդի համալսարանում, նշում է “Аргументы и Факты”-ն: Նա խոստովանել է, որ սիրում է Անգլիան և կոչ է արել անգլախոս երկրներին ուժեղ լինել աշխարհում քաղաքական անկայունության պայմաններում:

Ավելի վաղ նմանատիպ մեկնաբանություն կատարել էր նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ հայտարարելով, որ ինքը “խորապես հետաքրքրված” է Մեծ Բրիտանիայի միասնականության պահպանման հարցում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ևս կոչ էր արել Շոտլանդիայի բնակիչներին հանրաքվեի ընթացքում դեմ քվեարկել անկախությանը: Քեմերոնն այն ժամանակ հայտարարեց, որ Անգլիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի բնակիչները ցանկանում են, որ Շոտլանդիան մնա Մեծ Բրիտանիայի կազմում:

Նշենք, որ, համաձայն վերջին հարցումների, Շոտլանդիայի անկախության կողմնակիցների թիվն այժմ կազմում է 40 տոկոս, գրում է “Вести.Ру“-ն: Դա զգալիորեն գերազանցում է նախկին ցուցանիշը: Սակայն, ինչպես նշում են փորձագետները, թվերը կարող են փոխվել՝ կախված ընտրողներին ներկայացվող հարցի ձևակերպումից: Կարելի է հետաքրքրվել, շոտլանդացիները տարածքային անկախություն են ուզում, թե ավելի շատ ազատություն որոշումներ կայացնելիս, օրինակ, սոցիալական ապահովության և հարկահավաքության վերաբերյալ: Այնպես որ, անկախությանն այժմ կողմ հանդես եկողներից շատերն աշնանը կարող են որոշել, որ “ամեն դեպքում, միասին ավելի լավ է”:

Շոտլանդիան կանկախանա 2016 թվականի մարտի 24-ին, եթե շոտլանդացիների մեծ մասը 2014 թվականի սեպտեմբերի 18-ին կայանալիք հանրաքվեին կողմ արտահայտվեն Մեծ Բրիտանիայից առանձնանալուն:

Շոտլանդիան, որը 1707 թվականից գտնվում է Անգլիայի հետ սահմանադրությամբ ձևակերպված միասնության մեջ, սահմանափակ ինքնավարություն է ստացել 1997 թվականի դևուլյուցիայի գործընթացի շրջանակներում (Մի շարք երկրների սահմանադրական-իրավական պրակտիկայում կառավարության կենտրոնական մարմինների կողմից իրենց լիազորությունների մի մասի փոխանցում իշխանության տեղական մարմիններին: Ի տարբերություն ֆեդերալիզմի օրինակի, դևոլյուցիայի դեպքում լիազորությունների փոխանցումը կարող է ժամանակավոր բնույթ կրել: Այս փորձն առավել տարածված է ժամանակակից Եվրոպայում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Ֆրանսիա)): 1999 թվականից՝ Շոտլանդիայում գործում են սեփական խորհրդարան և գործադիր իշխանություններ: Սակայն նրանց լիազորությունները սահմանափակված են հիմնականում կրթական, մշակութային, առողջապահական, տրանսպորտի, շրջակա միջավայրի պաշտպանության և մի շարք այլ ոլորտների խնդիրներով: Շոտլանդիան նաև ավանդաբար ունի սեփական դատական համակարգ:

Աղբյուր՝Արմեդիա” ՏՎԳ