Եվրոպայի քայքայումը. այժմ նաև Հարավային Տիրոլ

Հարավային Տիրոլի բնակիչները ցանկանում են առանձնանալ երկրից: Իտալական շրջանին օրինակ ծառայել են Շոտլանդիան և Կատալոնիան, որտեղ ընթացիկ տարվա աշնանը տեղի են ունենալու անկախության մասին հանրաքվեներ: Ինչպես հայտնում է The Local-ը՝ հղվելով ընդդիմադիր քաղաքական գործիչ Եվա Քլոթցին, Հարավային Տիրոլի բնակիչները վստահ են, որ ոչ մի կապ չունեն իտալացիների հետ: “Մենք իտալացի չենք: Իտալիան օկուպացնող գերտերություն է, որն իրավունք չունի ղեկավարել մեր շրջանը և միջամտել մեր կյանքին”, -պնդում է Քլոթցը, որի գրասենյակը զարդարում են անկախության համար պայքարող Շոտլանդիայի և Կատալոնիայի դրոշները: Քլոթցը նաև նշել է, որ շրջանի բնակիչներն ուշադիր հետևում են Շոտլանդիայում և իսպանական Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձություններին:

Ճգնաժամի հետևանքով իտալական տնտեսությունն այնքան էլ լավ շրջան չի ապրում: Երկրի պարտքն արդեն գերազանցում է 2 տրիլիոն եվրոն, ծախսերը կրճատվում են, իսկ հարկերը՝ ավելանում: Հարավային Տիրոլն այլևս հարկեր չի ստանում: Դրանք հավաքում է Հռոմը, նա էլ վճռում է դրանց չափը: Ներկայումս Բոլցանո Բոցենի եկամտահարկն ու շահութահարկը ամենաբարձրն են Եվրոպայում, նշում է РИА “Новости”-ն:

Հարավային Տիրոլը (Բոլցանո Բոցենի ինքնավար նահանգ) գտնվում է Իտալիայի հյուսիսում և Տրենտինո շրջանի մաս է հանդիսանում: Բնակչության մեծ մասը խոսում է գերմաներեն, մեկ քառորդը՝ իտալերեն, իսկ Հարավային Տիրոլի որոշ բնակիչներ՝ լադիներեն:

Նախկինում նահանգը եղել է Ավստրիայի կազմի մեջ: 1919 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Հարավային Տիրոլը Սեն-Ժերմենի պայմանագրով միացվեց Իտալիային:

Ի դեպ, Հարավային Տիրոլն իտալական միակ շրջանը չէ, որ մտածում է անկախության մասին: Իտալիայի տարածքում գոյություն ունեն մի քանի շարժումներ, սակայն լուրջ բազա ունեն միայն Հյուսիսային Լիգան (Վենետո, Պեմոնտ և Լոմբարդիա) և վերոնշյալ Հարավային Տիրոլը: Անջատողական շարժումներ կան նաև Սիցիլիայում և Սարդինիայում, սակայն դրանց գործունեությունը լուրջ աջակցություն չի ստանում տեղի բնակիչների կողմից:

Ամենայն հավանականությամբ իզուր չէր անկախանալու մասին Կատալոնիայի և Շոտլանդիայի որոշումն անհանգստացնում Բրյուսելին: Եվրոպական հանձնաժողովը, ճանաչելով Կատալոնիայի կամ Շոտլանդիայի անկախությունը, մտավախություն ուներ, որ դա կարող է շղթայական ազդեցություն ունենալ ողջ Եվրոպայում, որտեղ կան խնդրառու Ֆլանդրիյան, Պադանիյան, Մադեյրան և Բավարիան: Որոշ վերլուծաբաններ նշում էին, որ Եվրոպան պարզապես կքայքայվի:

Աղբյուրը՝ armedia.am