Թուրքիայի երկու “դեմքերը”

“100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Ռուզան Բեքարյանը

Այս պատմությունն ընտանիքում բոլորը գիտեին, այժմ էլ գիտեն: Հայրական պապս՝ Կարապետը, Ցեղասպանության միակ վերապրածն էր ողջ մեծ գերդաստանից: Պատմության դրվագները բազմիցս լսել էին ու գիտեին և՛ տատս, և՛ հայրս, և՛ հորեղբայրս, թեև չէին սիրում այդ մասին խոսել: Իսկ երբ պատմելու առիթ էր լինում, հայրս՝ Ռաֆիկ Կարապետի Բեքարյանը, և հորեղբայրս՝ Մանուկ Կարապետի Բեքարյանը, փոքր երեխայի պես արտասվում էին:

Երբ ջարդերը սկսվել են, պապս Թոքատ գյուղում է եղել (Թոքատում ամառանոց ունեին, բնակվում էին Սեբաստիայում): Նրանց վրա հարձակման օրը նրա հայրը և ողջ ընտանիքը արտում են եղել: Հայրը հասցրել է բռնել որդու` պապիս ձեռքից և նրան նետել խոտի դեզի մեջ՝ ասելով, որ ձայն չհանի, ինչ էլ որ տեսնի: Փաստացի պապիս աչքի առջև մորթել են ողջ ընտանիքին՝ քույրերին, եղբայրներին, հորը, մորը, մյուսներին… Հավանաբար տեսածի արդյունքում պապս կորցրել է գիտակցությունը, և երբ ուշքի է եկել, սպանված է տեսել բոլորին: Հորն ու մյուսներին գտել է սարսափելի վիճակում: Այդ ժամանակ նրանց թուրք հարևանները, ովքեր մինչ այդ դիակները հաշվելիս նկատել էին, որ տան կրտսեր տղան չկա, գտել են նրան, վերցրել և թաքցրել իրենց տան նկուղում:

Թուրք հարևանները պապիս պահել են մի քանի օր: Սակայն ինչպես պապս էր պատմում, այդ նույն հարևաններն իրենք են մի քանի անգամ վտանգավոր իրավիճակում հայտնվել: Ամեն ինչ այնքան լավ է հաշվարկված եղել պետական մարմինների կողմից, որ անգամ հայերի հարևան թուրքերի տները ժամանակ առ ժամանակ խուզարկվել են` հնարավոր թաքցված հայ երեխաներին գտնելու համար: Մի քանի նման խուզարկությունից հետո թուրք ընտանիքը սկսել է վախենալ: Լուրեր են տարածվել նաև, որ հայերին թաքցնելու համար ինչ-որ թուրքեր պատժի են ենթարկվել, եղել են գլխատվողներ` հայերին օգնելու համար:

Ուստի տանտերը մի քանի օր անց գիշերով պապիս թաքուն տարել, հանձնել է Թոքատի ամերիկյան որբանոց, որտեղից էլ նրան տեղափոխել են Սալոնիկ: Այսպես նա փրկվել է: Պապս պատմում էր, որ երբ նրանց պատրաստվել են նավ նստեցնել, թուրք զինվորներ են մոտեցել և ասել, որ տղաներին խմբերով պետք է տանեն բժշկական քննության: Սկզբում տարել են 10-15 տղաների, հետո՝ ևս մեկ խմբի: Պապս շատ ճարպիկ երեխա է եղել, հետաքրքրությունից բարձրացել է նավի կայմաձողի վրա: Այնտեղից տեսել է, որ տղաներին կանգնեցնում են մոտակա պատի տակ և գնդակահարում: Պապս վախից աղմուկ է բարձրացրել, ինչից հետո հասկացել են, թե ուր են տանում տղաներին, և նավի անձնակազմի ջանքերով կարողացել են կանխել մյուսների մահը:

Թոքատից պապս հայտնվել է Սալոնիկում: Նա կորցրել էր ամեն ինչ՝ հարազատներին, ունեցած ողջ գույքը… Նա, սեփական աչքերով տեսնելով հարազատների սպանությունը, նրանց դիակները, հույս չի ունեցել, որ կկարողանա գտնել արհավիրքը վերապրած իր թեկուզ ավելի հեռու բարեկամներից որևէ մեկին: Զարմանալի չէ, որ պապիս տեսածն ու վերապրածը բերել էին որոշակի հոգեկան խանգարման, որի դրսևորումները մինչև կյանքի վերջ էլ ի հայտ էին գալիս:

Ամեն անգամ վերապրելով այդ մեծ արհավիրքը՝ ցավ էր ապրում նաև այն պատճառով, որ այդ ընթացքում կորցրել է տան Սուրբ Գիրքը՝ Աստվածաշունչը: Այն ժամանակ բոլոր հայ ընտանիքներում ընդունված է եղել տանը Սուրբ Գիրք ունենալ, որի վերջին հատվածում մանրամասն գրված են եղել տոհմի, գերդաստանի, ընտանիքի ծագման պատմությունը, այլ կերպ ասած` ընտանիքի տոհմածառը: Պապս մեծ ցավ և ափսոսանք էր ապրում իրենց ընտանեկան Սուրբ Գրքի կորստյան համար: Մշտապես հույս ուներ, որ երբևէ կկարողանա գտնել այն, սակայն ապարդյուն:

Բայց պապս որոշ բանավոր պատմություններ էր հիշում, որ իրեն փոխանցել էին տան մեծերը, քանի որ հայ ընտանիքներում ընդունված է եղել փոքրերին 5-6 տարեկանից ծանոթացնել նախնիների, գերդաստանի պատմությանը: Պապիս այդ հիշողություններից ակնհայտ էր, որ դա իրենց տոհմի վերապրած առաջին արհավիրքը չէր եղել: Նա պատմում էր, որ մեր տոհմը սերել է Կիլիկիայի վերջին թագավոր Լևոնի ընտանիքից՝ նրա եղբայրներից մեկի աղջկա և ֆրանսիական դքսի ամուսնության արդյունքում: Դարեր առաջ մեր նախնիները կրկին հարկադրաբար, մազապուրծ լքել են Կիլիկիան: Փաստորեն, նրանք Սեբաստիայում հայտնվել էին Կիլիկիայից գաղթելուց հետո…

Փրկվելով պապս ամուսնացել է նույն որբանոցից Սալոնիկ տեղափոխվող տատիս հետ: Նա կամավոր մասնակցել էր Հայրենական մեծ պատերազմին, երկու-երեք անգամ վիրավորվել է, շատ դժվար կյանք է ապրել: Տարիներ անց հենց պատերազմից մնացած բեկորների հետևանքով էլ պապս մահացել է:

Հայրս և հորեղբայրս այս պատմությունը հիշելիս միշտ մտաբերում էին իրենց հոր խոսքերը, ով արհավիրքին զուգահեռ միշտ հիշել է նաև թուրք հարևաններին, նրանց ցուցաբերած վերաբերմունքը, այն, որ նրանք փաստորեն փրկել են իր կյանքը: Պապս միշտ ասել է` Թուրքիան իր համար երկու դեմք ունի՝ ցեղասպան՝ ի դեմս պետության և այդ ամենը կազմակերպողների, և Մարդ թուրքերի, ովքեր այդ արհավիրքի ընթացքում կյանքեր էին փրկում:

Պապս մշտապես կրկնում էր. “Երանի նրանց, ովքեր տատ ու պապ են ունենում, մեծ ընտանիք են ունենում, և ոչ ոք նրանցից չի խլում իրենց ընտանիքը: Եվ տա՛ Աստված, որ մեր սերունդները շփվեն Թուրքիայի մյուս դեմքի հետ, ոչ թե նրա, որին մեր պապերն ականատես եղան 1915 թվականին, և ոչ էլ նրա, որ ուրանում է Ցեղասպանությունը”:

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: