“Ջարդերի ժամանակ պապիկիս երկու եղբայրներին և ծնողներին սպանում են”

“100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Լուսինե Մարդեյանը

Պապս` Մուխան Խաչատուրի Մարդեյանը, ծնվել է 1902 թվականին:

1915 թվականին նա ապրել է Ղարսի Ղզնչաղչաղ գյուղում: Ջարդերի ժամանակ նրա երկու եղբայրներին և ծնողներին թուրքերը սպանում են, ավագ եղբորը` Աղասիին, հաջողվում է լքել գյուղը և հեռանալ Հայաստան: Այսպիսով՝ ջարդերի հետևանքով ընտանիքի ողջ մնացած անդամները բաժանվում են՝ փախչելով տարբեր վայրեր:

Պապիկս, կորցնելով կապը ընտանիքի անդամների հետ, ստիպված է լինում որպես գառնարած մնալ ոմն թուրք Բիրդան Աղի փաշայի տանը, ում ընտանիքի հետ նախկինում մտերիմ էին: Բիրդան Աղի փաշան, պապիկիս լավ գառնարած համարելով, համոզում է նրան մնալ իր մոտ՝ ասելով, որ ի տարբերություն թուրք կառավարության՝ իր ընտանիքը հայերի դեմ ոչինչ չունի, և խոստանում է նրան վնաս չպատճառել: Այսպիսով՝ նրանք պապիկիս իրենց ընտանիքում են պահում՝ որպես թուրքի՝ չբացահայտելով նրա հայ լինելը:

Ի տարբերություն իրենց հոր՝ Բիրդան Աղի փաշայի որդիները, իմանալով, որ պապիկս հայ է, չեն ցանկացում, որ նա մնա և ապրի իրենց հետ: Նրանք դավեր են նյութում պապիս դեմ. գողանում են գառները, մորթում և մեղքը բարդում պապիս վրա: Պապիս վերաբերվում են որպես թշնամու: Պապս հաճախ է ականատես եղել, թե ինչպես են վերջիններս պարծենում իրենց հոր մոտ, թե հայ են սպանել կամ ինչ-որ վնաս պատճառել որևէ հայ ընտանիքի:

Բիրդան Աղի փաշայի տանը տասը տարի ապրելուց հետո մի օր պապիկս պատահաբար խոսակցության է լսում, որի ժամանակ ընտանիքը քննարկում էր իրեն գլխատելու հարցը՝ իբրև թե իրենց վստահությունը չարաշահելու և գառներին գողանալու համար: Այս խոսակցությունը լսելով՝ պապս շփոթվում է՝ չիմանալով ինչ անել: Այդ ժամանակ Բիրտան Աղու մայրը, բարեսիրտ գտնվելով, խորհուրդ է տալիս փախչել՝ ցույց տալով Հայաստան տանող ճանապարհը:

Այլ ելք չունենալով՝ պապիկս որոշում է փախչել: Ճանապարհին պապիկս հանդիպում է խարույկի շուրջ նստած մի խումբ թուրք երիտասարդների, ովքեր թեև գլխի են ընկնում, որ պապս հայ է, նրան չեն վնասում, հակառակը՝ օգնում են և ուղեկցում դեպի Հայաստան:

Ցավոք, պապիկիս ճանապարհն այնքան էլ անխոչընդոտ չի լինում: Ճանապարհի կեսին նա նկատում է, որ իր հետևից ձիավորներ են գալիս: Բարեբախտաբար, նրան հաջողվում է թաքնվել քարանձավում և մի քանի օր մնալ այնտեղ: Բիրդան Աղի փաշայի մայրն այնքան մեծահոգի էր գտնվել, որ ոչ միայն օգնել էր պապիկիս փախչել, այլև իմանալով, որ մի քանի օրվա ճանապարհ ունի, նրա հետ սնունդ էր դրել: Դրա շնորհիվ պապս կարողանում է մի քանի օր թաքնվել քարանձավում: Թուրքերը, չգտնելով պապիկիս, կարծում են՝ նրան հաջողվել է անցնել սահմանն ու Հայաստան փախչել: Պապս գալիս է Հայաստան, գտնում է իր մեծ եղբորը, ով հաստատվել էր Շիրակի մարզի Բաջօղլի (այժմյան Հայկավան) գյուղում, և այսպես փրկվում է:

 

 

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: