Ամեն վատի վերջ մի նոր լավի սկիզբ է…

Ընկալումների կարևոր փոփոխություններ ղարաբաղյան հիմնահարցի շուրջ սահմաններին տիրող օգոստոսյան լարված իրավիճակից հետո:

Oգոստոսյան լարված իրավիճակը միաժամանակ երկու հայկական պետությունների և Ադրբեջանի սահմաններին, այնուհետև նախագահների՝ Սոչիում կայացած հանդիպումը հայկական պետությունների շահերի տեսանկյունից մի շարք փոփոխություններ բերեցին թե՛ միջազգային, թե՛ ադրբեջանական և թե՛ հայաստանյան ու արցախյան հանրությունների ընկալումների մեջ: Սույն հոդվածը նպատակ ունի անդրադառնալ ընկալումների այդ փոփոխություններին, որոնք, անկասկած, իրենց ազդեցությունը կունենան ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ հետագա զարգացումների վրա:

Հայ ժողովուրդը դարձավ ավելի պահանջատեր …

Հայ ժողովուրդը, ոգեշնչվելով Արցախում և Հայաստանում հայկական զինված ուժերի արձանագրած հաջողություններով և համախմբվելով Ադրբեջանի դրսևորած թշնամական կեցվածքի դեմ, հասկացավ, որ չպետք է բավարարվել եղածով, այլ հակառակը՝ պետք է լինել ավելի պահանջատեր: Այլ կերպ ասած՝ ադրբեջանական կողմի նման պահվածքը հայ ժողովրդին ստիպեց գալ հետևյալ տրամաբանական եզրահանգման.

Մեր հարևանը շարունակում է զինվել և իր ագրեսիվ քայլելով անմիջական սպառնալիք հանդիսանալ երկու հայկական պետությունների համար: Ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականությունը, չսահմանափակվելով միայն ռազմատենչ հռետորաբանությամբ, հասել է երկու հայկական պետությունների սահմաններին իրական ռազմական գործողություններ սադրելուն: Որքան էլ զարմանալի թվա, այսքանից հետո միջազգային հանրությունը, ելնելով սեփական քաղաքական շահերից, շարունակում է աչք փակել հակառակորդի ռազմատենչ և ծայրաստիճան վտանգավոր կեցվածքի վրա:

Իսկ միգուցե այս համատեքստում անհրաժե՞շտ է, որ հայկական կողմերն իրենք տեսնեն իրենց “գլխի ճարը” և սեփական անվտանգությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու նպատակով օգտվեն, օրինակ` հայկական բարձրավանդակի ընձեռած ռելիեֆային հնարավորություններից` ազատագրելով մինչև Կուր և Արաքս սահմանագիծն ընկած տարածքները:

Ադրբեջանական կողմի՝ պատերազմ չսկսելը միջազգային հանրությանը և հայկական կողմերին որպես զիջում ներկայացնելու թեզը հիմնազրկվեց…

 Սոչիի հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահի Twitter-յան ռազմատենչ գրառումներից հետո նրա վարքագծի կտրուկ փոփոխությունը հանդիպման ժամանակ թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական և թե՛ միջազգային հանրության համար պարզ դարձրեց մի անհերքելի փաստ. Ադրբեջանի նախագահը պատերազմ չի սկսում ոչ թե ելնելով, ինչպես ինքն է պատճառաբանում, “իր մեծահոգությունից և բանակցային գործընթացը չտապալելու իր վեհ ցանկությունից”, այլ իր մեջ եղած հստակ համոզմունքից, որ պատերազմի դեպքում Ադրբեջանը դեռ շատ բան կունենա կորցնելու:

Այլ կերպ ասած՝ վերջին դեպքերը թույլ տվեցին ակնհայտ դարձնել երկու պարզ ճշմարտություն. Առաջին՝ ամենևին էլ միանշանակ չէ, որ հնարավոր պատերազմի դեպքում հայերն են լինելու կորցնող կողմերը, և երկրորդ` հայկական կողմերը միշտ չեն կարող լինել պաշտպանվողի դերում: Սա է պարզ իրականությունը, և վերջին դեպքերից հետո դա անկասկած սկսելու է իր ազդեցությունն ունենալ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական և թե՛ միջազգային հանրությունների ընկալումների վրա, այսպիսով՝ նաև հետագա քայլերի վրա:

Շփման գծում հետաքննության մեխանիզմների առկայությունը կնվազեցնի հակառակորդի գնդակից գրեթե ամեն օր սահմանին զոհվող զինվորների և քաղաքացիական անձանց թիվը…

Ադրբեջանն իր իսկ քաղաքականությամբ հասավ նրան, որ հայկական երկու պետությունների կողմից պարբերաբար առաջ քաշվող պահանջը՝ շփման գծում հետաքննության մեխանիզմներ ձևավորելու վերաբերյալ, նոր արդիականություն ստանա: Միջնորդների մոտ կարծես թե եկավ այն գիտակցումը (սա ավելի ակնհայտ դարձավ ՌԴ արտգործնախարարի հայտարարությունից հետո), որ ներկայիս “ոչ խաղաղություն, ոչ պատերազմ” իրավիճակում հետաքննության մեխանիզմների առկայությունը շփման գծում միջնորդներին թույլ կտա անցնել խաղաղության պահպանման ավելի հասցեագրված կոչերի, ինչն էլ, իր հերթին, կնվազեցնի գրեթե ամեն օր սահմանին հակառակորդի գնդակից զոհվող զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը:

Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ կեցվածքը ներկայումս անհնար է դարձնում հայկական կողմերի որևէ զիջում բանակցային սեղանին…

Եվ արդյունքում թե´ հակամարտության կողմերի և թե´ միջազգային հանրության համար պարզ դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունների ներկայիս ռազմատենչ կեցվածքը և փաստացի պատերազմական գործողություններ սադրելն անհնար են դարձնում հայկական կողմերի որևէ զիջում բանակցային սեղանին:

Մյուս կողմից սա չի նշանակում, թե մենք հրաժարվել կամ հրաժարվելու ենք խաղաղ կարգավորման միջնորդական նախաձեռնություններից, այդ շրջանակներում նրանց առաջարկներից: Կարևոր է ընկալել՝ հայկական կողմերը սկզբունքորեն դեմ չեն միջնորդների՝ երկարատև ջանքերով մշակված և կողմերին ներկայացված կարգավորման սկզբունքներին, որոնք կարող են հետագա պայմանավորվածությունների համար որոշակի հիմք հանդիսանալ և հարատև խաղաղություն ապահովել: Բայց այդ պայմանավորվածությունները կարող են ձեռք բերվել, առավել ևս իրականություն դառնալ միայն այն պարագայում, եթե էական փոփոխություններ գրանցվեն մեր հակառակորդ պետության բարձրաստիճան պաշտոնյաների կեցվածքում, ինչպես նաև ադրբեջանական հանրության տրամադրություններում: Հակառակ դեպքում, երբ մեր հակառակորդը, ելնելով իր քաղաքական մշակույթից, հայկական կողմերի ցանկացած զիջում ընկալում է որպես թուլության դրսևորում, այդ զիջումները կարող են միայն հանգեցնել նրա ավելի ագրեսիվ և ցինիկ քայլերի: Ահա թե ինչու այս պահին որևէ զիջման մասին խոսելը առավել քան անտրամաբանական է:

Լիանա Հովհաննիսյան

“Հայացք” կիրառական քաղաքականության և հետազոտությունների

վերլուծական կենտրոնի փորձագետ

Աղբյուրը՝ www.armedia.am