“Պապիկիս երկու եղբայրներին զորակոչում են թուրքական բանակ, նրանցից այլևս ոչ մի լուր չեն ստանում”

“100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Ավետիս Խաչատրյանը

Ես Ավետիս Սարիբեկի Խաչատրյանն եմ: Ինձ կոչել են պապիկիս պատվին, ում անունը եղել է Ավե (ամենայն հավանականությամբ, Ավետիսի կրճատված տարբերակն է):

Մեր տոհմի ազգանունը եղել է Ժամհարյան, մենք սերում ենք Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից: Տատիկիս` Մարիամի ընտանիքը ևս Բայազետից է եղել, նրանց ազգանունը Հունանյան է:

Ավե պապս ծնվել է 1901 թվականին: Պապիս ընտանիքը հիմնականում զբաղվել է հողագործությամբ և անասնապահությամբ: Պապիս հայրը՝ Խաչատուրը, առաջին կնոջ մահից հետո ամուսնացել է երկրորդ անգամ պապիկիս մոր` Մախմուրի հետ: Հայրս իր ազգանունը գրել է պապի անունով՝ Խաչատրյան:

Խաչատուրն ունեցել է 7 զավակ՝ Արշակը, Արտաշեսը, Սարգիսը, Արսենը, Վահանը, Ավեն և միակ դուստրը՝ Մարգարիտը: Պապս ընտանիքում եղել է կրտսերը:

Տատիկիս ընտանիքը՝ Հունանյանները, եղել են կաշեգործներ, ովքեր անգամ Արևելյան Հայաստանում շարունակել են զբաղվել իրենց արհեստով: Տատս` Մարիամը, ծնվել է 1909 թ.-ին: Տատիս պատմելով՝ իրենք ապրել են Բայազետ ամրոցի պարիսպների մոտ: Նա միշտ ասում էր. “Եթե հիմա էլ գնամ, կարող եմ գտնել մեր տան տեղը”:

Նրանք լավ հարաբերություններ են ունեցել տեղի թուրք պաշտոնյանների հետ: Եղել են հնազանդ քաղաքացիներ, վճարել են հարկերը: Պապս առևտուր է արել քրդերի հետ:

Բայազետում համեմատաբար հանգիստ է եղել վիճակը, սակայն աստիճանաբար սկսել են լուրեր հասնել երկրի տարբեր շրջաններում հայերի ջարդերի մասին: Թուրք պաշտոնյաններից մեկը, այդ ընթացքում մոտենալով պապիս հորը, ասել է. “Զուլում է լինելու”,- և խորհուրդ է տվել հեռանալ: Նա հայտնել է նաև, որ պապիկիս եղբորը՝ Արշակին, ով եղբայրներից ամենամեծն է եղել և ֆիզիկապես ամենաուժեղը, պատրաստվում են բանակ զորակոչել: Պապիս հայրը այդ ժամանակ արդեն ծեր է եղել: Նա ասել է, որ Արշակը՝ որպես ավագ, պահում է ընտանիքը, մյուսները փոքր են, և եթե նրան տանեն, մյուսները կկոտորվեն: Պաշտոնյան առաջարկել է Արշակին թողնել և զորակոչել մյուս երկու եղբայրներին՝ Արսենին և Վահանին, ովքեր դեռահաս են եղել: Պատմում են, որ նրանք եղել են շատ գեղեցիկ տղաներ և շատ զիլ ձայն են ունեցել: Պաշտոնյան պնդել է, որ դա միակ տարբերակն է: Երկար տարակուսանքից հետո ընտանիքը համաձայնվում է. Արսենին և Վահանին զորակոչում են բանակ, և նրանցից այլևս ոչ մի լուր չի ստացվում:

Պապիս եղբայրներից Արտաշեսը եղել է ֆիդայի և ինքնապաշտպանական տարբեր ջոկատների կազմում պայքարել է ջարդարարների դեմ: Նա ևս անհետ կորել է:

Պապիկիս հայրը՝ Խաչատուրը, մահանում է Բայազետ քաղաքում իր բնական մահով:

Այս դեպքերից հետո, հաշվի առնելով թուրք պաշտոնյայի զգուշացումը, հայերին մնում էր միայն մեկ տարբերակ՝ տեղափոխվել Արևելյան Հայաստան:

Ժամհարյաններից սահմանն անցել են պապիկիս մայրը, Ավե պապս, նրա եղբայրներ Արշակը, Սարգիսը, քույրը՝ Մարգարիտան, ինչպես նաև նրանց հորեղբայր Նավոն, ով կույր էր: Նրանք իրենց հետ բերել են իրենց շարժական գույքը, անասունները: Բերել են անգամ պղնձե կաթսաներ, որոնք մինչ օրս կան: Պապիկիս և տատիկիս ընտանիքները, անցնելով Արաքսը, ժամանակավորապես բնակվել են Հայաստանի տարբեր վայրերում: Տատիկս ասում է, որ փնտրել են այնպիսի տեղ, որի “կլիման նման կլիներ իրենց հայրենի քաղաքի կլիմային”: Եղել են Ապարանում, Բջնիում, Մեղրաձորում, Նոր Բայազետում: Վերջապես հաստատվել են Ծաղկաձորում:

Այն ժամանակ ընդունված է եղել խնամախոսության գնալ միայն ծանոթների ընտանիքներ: Պապիկիս ընտանիքը լավ գիտեր Բայազետից գաղթած Հովնանյանների ընտանիքին: Ուստի պապիկիս՝ Ավեի եղբայրները, խնդրում են տատիկիս ձեռքն իրենց եղբոր համար: Նրանք ամուսնացել են 1929թ.-ին: Ունեցել են 4 զավակ՝ հայրս՝ Խաչատրյան Սարիբեկը, հորեղբայրներս՝ Խաչատրյան Վոլոդյան և Ժամհարյան Աղվանը, հորաքույրս՝ Խաչատրյան Լիդան:

Ավե պապս զոհվել է Երկրորդ աշխարհամարտում:

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: