ՖՐԱՆՍԻԱՆ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ

Ըստ Ելիսեյան պալատի մամլո ծառայության տարածած տեղեկատվության Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը երկուշաբթի՝ օգոստասի 25-ին, նախագահ Օլանդին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը: Նախագահը հաստատել է դիմումը: Ֆրանսիայի կառավարության նոր կազմը կհայտարարվի այսօր: Հրաժարականի պատճառ է հանդիսացել էկոնոմիկայի նախարար Առնո Մոնտեբուրի կողմից Ֆրանսիայի տնտեսական կուրսի քննադատությունը:

Նշենք, որ կիրակի օրը Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Առնո Մոնտեբուրը հերթական անգամ քննադատել է Գերմանիայի կողմից խիստ խնայողության միջոցների հանդեպ Ֆրանսիայի վերաբերմունքը: Նա հայտնել է, որ Ֆրանսիան պետք է այլընտրանքային միջոցներ գտնի եվրագոտու ճգնաժամի

հաղթահարման համար: “Ֆրանսիան եվրագոտու երկրորդ ամենամեծ տնտեսությունն է և աշխարհի հինգերորդ հզոր երկիրը և այն չի պատրաստվում հաշվի նստել Գերմանիայի պահպանողականների մոլուցքների հետ”,- ասել է Մոնտեբուրը: Նա նաև հայտնել է, որ ժամանակն է, որ Ֆրանսիան և իր կառավարությունը հանուն Եվրոպական Միության փրկության արդար և խելամիտ կերպով վերջ տան նման քաղաքականությանը: Այս մասին նա ասել է սոցիալիստների` Ֆրանսիայի արևելքում կայացած հավաքի ժամանակ, հաղորդում է Reuters-ը:

Մոնտեբուրը, ով չի թաքցնում իր՝ նախագահ դառնալու նկրտումները, բազմիցս բացահայտ կերպով քննադատություն է հնչեցրել նախագահ Օլանդի և նրա վարած քաղաքականության հասցեին:

Կարծես թե, նախարարի այս վերջին հայտարարությունը վրդովեցրել է նաև նախագահին, ով հաստատել է վարչապետ Մանուել Վալսի ներկայացրած կառավարության հրաժարականի մասին դիմումը և հենց նրան հանձնարարել երեքշաբթի հայտարարել նոր կառավարության կազմը:

26.08.2014

Աղբյուրը՝ armedia.am