“Սպան հայտնել է, որ թուրքական կառավարությունը որոշել է Թուրքիայում ապրող բոլոր հայերին բնաջնջել”

“100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Լևոն Քաֆթարյանը

(Ձայնագրությունը տրամադրել է վերջինիս զարմուհի Մադլեն Մինասյանը)

 Հայրս Ագնըցի էր: Վաճառականությամբ էր զբաղվում, 4-5 խանութ ուներ: Հայրս պատմում էր, որ մի օր առավոտ կանուխ, երբ խանութը բացել է, մի զինվորականի է տեսել, ով ձին կանգնեցրել է խանութի առջև: Թուրք սպա էր: Մի վնասված արծաթյա դրամ է պարզել` ասելով. “Չորբաշի (բաշի` վաճառական), կարո՞ղ ես փոխել այս դրամը”: Հայրիկը սունդուկից հանել է նույն արժեքի արծաթյա մի նոր մետաղադրամ և տվել սպային որպես նվեր, գումարը չի վերցրել: Սպան շնորհակալություն է հայտնել ու հեռացել:

Երկու տարի անց՝ 1892 թ.-ին սկսվել են հայերի ջարդերը: Մի օր առավոտյան մինարեթի վրայից ազդանշան են տվել, և կոտորածը սկսվել է: Հայրս պատմում էր, որ հանկարծ իրենց դռան մոտ կանգնած մի քանի զինվորական են տեսել: Խուժանը եկել անցել է` ջարդելով, խանութները կողոպտելով: Երբ մեր դռանն են հասել, զինվորներն ասել են. “Իրավունք չունենք այստեղ կողոպտելու”: Այդպես անցել գնացել են:

Երեկոյան հարձակումը դադարել է: Հայրս ասում է` մի սպա եկավ ներս, ասաց. “Բարի լույս, չորբաշի, գիտե՞ս, թե ինչի համար դու ազատվեցիր”: Հայրս հարցնում է՝ ինչո՞ւ, ասում է. “Հիշու՞մ ես, ինձ մի արծաթ նվիրեցիր, ես դա չմոռացա: Երկու տարի անց եկա՝ ազատելու քեզ ու քո ընտանիքը”:

Սպան հայտնել է, որ թուրքական կառավարությունը որոշել է կայսրությունում ապրող բոլոր հայերին բնաջնջել: Նա նաև հայտնել է, որ քանի որ հայրս բարի մարդ է և շատ բարիք է արել քաղաքի համար, հազարապետի և քաղաքագլխի հետ միասին նրան առաջարկում են հեռանալ և որքան բարեկամ ունի` հետը տանել:

Հայրս ասում է, թե իր չորս եղբայրներն ուրիշ քաղաքներում են ապրում՝ Դիարբեքիր, Մալաթիա, նրանց հարցն ի՞նչ պետք է լինի: Զինվորականն ասել է, որ անմիջապես նրանց կկարգադրեն գալ այդտեղ:

Բոլորը հավաքվել են: Շուրջ տասը ժանդարմ ողջ ընտանիքին` ձիով, ոտքով, հասցրել են Սև ծովի ափը: Այնտեղ նստեցրել են նավ և ուղարկել Ռուսաստան: Այդպես նրանք անցել են Սուխում քաղաք: Այնտեղ արդեն ազատ էին:

Ռուսական հեղափոխության ժամանակ հայրս ընտանիքով տեղափոխվել է Բուլղարիա: Այնտեղ ևս վաճառականությամբ է զբաղվել. մեծանուն Գյուլբենկյանի գործակատարն էր: Ես արդեն ծնվել եմ Բուլղարիայում՝ Վառնա քաղաքում, 1905 թվին:

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: