Հայաստանից գործարարներ մասնակցեցին Ռումինիայում ՊՄԳ միջազգային դասընթացի

Հայաստանից գործարար ոլորտի 5 ներկայացուցիչներ ԵՄ կողմից ֆինանսավորվող “SolveNet” ծրագրի շրջանակներում օգոստոսի 3-5-ը մասնակցեցին Ռումինիայում պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) վերաբերյալ միջազգային դասընթացին, որին ներկա էին նաև ՓՄՁ ներկայացուցիչներ Ռումինիայից, Մոլդովայից և Ուկրաինայից։ Միջոցառման մասնակիցները ոչ միայն ստացան գործնական գիտելիքներ ՊՄԳ վերաբերյալ, այլև հնարավորություն ունեցան ընդլայնելու իրենց գործընկերային ցանցը՝ դիտարկելով հետագա համագործակցության հնարավորություններ։

Ինչպես դասընթացից տպավորություններով կիսվել է հայաստանյան մասնակիցներից “Վիկ և Վիլ” ՍՊԸ բիզնես հարցերով խորհրդական, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, «[միջոցառմանը] մասնակիցներին հնարավորություն էր տրվում իրենց երկրների փորձի հիման վրա ներկայացնել պետական և մասնավոր հատվածների համագործակցության օրինակներ: Ինչպես նաև այն փաստը, որ մասնակիցներից շատերը ԵՄ մի քանի ԱլԳ երկրներից էին, լայն հնարավորություններ է ստեղծել համագործակցության և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու առումով»։ «Ծրագիրը մեր հիմնադրամին հնարավորություն տվեց էլ ավելի ընդլայնել ճանաչելիության սահմանները, ինչը կարևորում եմ մեր շուկայի զարգացման համար»,-ընդգծել է «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի բիզնես հարցերով խորհրդական Դավիթ Արշակյանը։ Իսկ «ՄԱՊ» ՓԲԸ մարքեթինգի և PR մենեջեր Սոնա Խոջոյանն իր տպավորություններն ամփոփեց նշելով՝ «մեծ բավականություն եմ ստացել․ հետաքրքիր ծրագիր, հրաշալի երկիր, հաճելի մարդիկ․․․ Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել տվյալ միջոցառմանը և Ռումինիայում ներկայացնել մեր ընկերությունը»:

Ծրագրի նկարագրությունը

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն Հայաստանում իրականացնում է ԵՄ կողմից` “Սևծովյան ավազան 2007-2013թթ.” համատեղ գործառնական ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող “Տեղական զարգացման քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման մեջ քաղաքացիների ներգրավվածություն (SolveNet)” ծրագիրը “SMART” զարգացման կենտրոնի (Ռումինիա), “Ստորին Դանուբ եվրաշրջան” միջսահմանային համագործակցության ասոցիացիայի (Ռումինիա), “Ստորին Դանուբ” եվրաշրջանի կայուն զարգացման և եվրաինտեգրման գործակալության (Ուկրաինա), ինչպես նաև “Հանրային քաղաքականության ինստիտուտ”-ի (Մոլդովայի Հանրապետություն) հետ համագործակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակն է հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացումը և ՓՄՁ ներկայացուցիչների մասնակցության խրախուսումը՝ ուղղված տեղական և տարածքային զարգացման քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման հարցում նրանց դերի ամրապնդմանը:

Հայաստանում ծրագրի թիրախ խմբերն են`

- Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հասարակական կազմակերպությունները,

- Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի տեղական կառավարման մարմինները,

- Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի փոքր և միջին ձեռնարկատերերը:

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ

Սույն տեղեկագիրը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Սույն տեղեկագրի բովանդակության համար միակ պատասխանատուն «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունն է, և այն ոչ մի կերպ չի կարող արտացոլել Եվրոպական միության տեսակետը։