ԵՄ խորհուրդը կգլխավորի Դոնալդ Տուսկը

Օգոստոսի 30-ին ԵՄ ղեկավարները համաձայնեցրել են ԵՄ խորհրդի ղեկավարի և արտաքին գերատեսչության ղեկավարի թեկնածությունները: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կգլխավորի ԵՄ խորհուրդը: Այս պաշտոնին նա կփոխարինի Հերման վան Ռոմպեյին: Իսկ Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին կփոխարինի Քեթրին Էշթոնին՝ զբաղեցնելով ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հանձնակատարի պաշտոնը:

Տուսկն ու Մոգերինին պաշտոնները կստանձնեն արդեն այս տարի:

ԵՄ Խորհրդի ներկայիս ղեկավար Հերման վան Ռոմպեյը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բարձր գնահատական են տվել Տուսկի՝ Լեհաստանում կատարած աշխատանքին, մասնավորապես տնտեսական ճգնաժամի շրջանում երկրի տնտեսությունը հնարավորինս պաշտպանելու համար: 57-ամյա Տուսկը երկրորդ լեհ քաղաքական գործիչն է, 2009-2012 թթ. Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկից հետո, ով կստանձնի ԵՄ ղեկավար պաշտոն:

Ֆրանչեսկա Մոգերինի թեկնածությունն ի սկզբանե ունեցել է ավելի շատ ընդդիմադիրներ քան կողմնակիցներ: Ամիսներ առաջ նրա` գերագույն հանձնակատարի պաշտոնում նշանակվելն անհավանական էր թվում: 41-ամյա իտալուհին մասնավորապես ԵՄ արևելյան անդամ երկրների կողմից քննադատվում էր մասնագիտական փորձի պակասի և ռուսամետության համար: Այնուամենայնիվ, Մոգերինին կարողացել է նվաճել եվրոպացիների վստահությունը` խոստանալով դառնալ «բոլոր անդամ երկրների և բոլոր ԵՄ քաղաքացիների» ներկայացուցիչը: Միևնույն ժամանակ անգլերենից ֆրանսերենին անցնելով, նա ցիտել է ԵՄ հիմնադիր Ռոբերտ Շումանի խոսքերը, թե «խաղաղությունը չի կարող ապահովվել առանց ստեղծագործական ջանքերի»:

Նշենք նաև, որ ավելի վաղ ԵՄ պաշտոնյաները համաձայնեցրել էին Եվրախմբի ղեկավարի պաշտոնում Իսպանիայի ֆինանսների նախարար Լուիս դե Գինդոսի թեկնածությունը: Իսկ Եվրոպական հանձմնաժողովի ղեկավարի՝ Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերի թեկնածությունը հաստատվել էր դեռևս հունիսին կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ:

Քրիստինե Գասպարյան