“Մեծ տատիկիս բռնությամբ ստիպում են հեռանալ տանից”

“100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Սոնա Պողոսյանը

 Մեծ պապս՝ Խաչիկ Պարթևը, և մեծ տատս՝ Աղավնի Սեյիսյանը, Ցեղասպանության տարիներին բնակվում էին Էրզրում քաղաքում: Մեծ պապս աշխատում էր որպես ռազմական բժիշկ թուրքական բանակում և մեծ հարգանք էր վայելում թուրք զինվորների շրջանակում: Աշխատանքի բերումով նա հաճախ ստիպված էր լինում երկար ժամանակով բացակայել տանից:

Երբ թուրքական կառավարությունը սկսում է հայերի զանգվածային տեղահանությունը Էրզրում քաղաքից, հերթը հասնում է նաև մեծ ծնողներիս ընտանիքին: Մի օր, երբ մեծ պապս աշխատանքի բերումով կրկին բացակայում էր տանից, թուրքերը ներխուժում են նրանց բնակարան և ստիպում ընտանիքին հեռանալ այնտեղից: Մեծ մայրս խուճապահար վերցնում է իր միակ դստերը և հեռանում՝ միայնակ թողնելով իր հիվանդ սկեսրոջը, ով, չնայած թուրքերի հարկադրանքին և մեծ մորս պաղատանքին, հրաժարվում է լքել իր բնակարանը՝ անկարող լինելով

բռնել գաղթի երկար ճանապարհը: Ցավոք, մեծ պապիս հետագայում այդպես էլ չի հաջողվում գտնել իր ծնողին:

Առաջացած խառնաշփոթի մեջ մեծ տատիս անգամ չի հաջողվում կապ հաստատել ամուսնու հետ և նրանից օգնություն խնդրել: Այսպիսով՝ թուրքերի հարկադրանքով դստեր հետ միասին առանց ամուսնու իմացության մեծ տատս ստիպված է լինում մյուս հայերի նման բռնել գաղթի ճանապարհը՝ չիմանալով, թե ինչ է սպասվում իրենց առջևում:

Բարեբախտաբար, ճանապարհին նա հանդիպում է մի թուրք կնոջ, ով, ծանոթ լինելով մեծ պապիս, տատիս խորհուրդ է տալիս օգտագործել իր ամուսնու հեղինակությունը թուրքերի շրջանում և խուսափել բռնի տեղահանումից: Այսպիսով, հետևելով բարի կնոջ խորհրդին, մեծ մայրս թուրք զինվորներին հայտնում է իր ամուսնու ով լինելը և խնդրում նրանց օգնել իրեն գտնել ամուսնուն:

Թուրք զինվորները, ճանաչելով մեծ պապիս և ելնելով նրա նկատմամբ տածած իրենց հարգանքից, օգնում են մեծ տատիս խուսափել բռնի տեղահանումից և գտնել ամուսնուն: Այսպիսով՝ մեծ պապիս ընտանիքին թուրք զինվորների օգնությամբ հաջողվում է փախչել և ապաստան գտնել Վրաստանի Իմերեթ շրջանի Օրջոնիկիձե գյուղում:

Վրաստանում մի քանի տարի բնակվելուց հետո նրանց ընտանիքը տեղափոխվում է Արևելյան Հայաստան և բնակություն հաստատում Լենինական քաղաքում: Այստեղ ևս մեծ պապիկս շարունակում է զբաղվել իր մասնագիտությամբ: Նրանք ունենում են ևս երկու զավակ:

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: