“1915-ին պապիս մազերը մեկ օրում սպիտակել են…”

“100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Ռուբեն Սաֆրաստյանը

  Պապս՝ Արամ Սաֆրաստյանը, Վանեցի է: 1909 թվականից Վանից դուրս է եկել և ուսուցչություն է արել Արևմտյան Հայաստանի տարբեր դպրոցներում: Հետագայում տեղափոխվել է Կ.Պոլիս և ընդունվել է Պոլսի համալսարան: Միաժամանակ նա վարել է հասարակական գործունեություն, մի շարք հոդվածներ է հրապարակել պարբերականներում: Դեռ ուսանողական տարիներից սկսել է Կ.Պոլսում հրատարակել հայկական առաջին մանկավարժական ամսագիրը: Եղել է նաև ՀՅԴ անդամ:

1915թ.-ի ապրիլին ձերբակալվել են Պոլսի համալսարանում սովորող հայ ուսանողները: Նրանց տարել են ոստիկանական կենտրոն: Բայց իրենց դասախոսներից մեկը՝ Զեքի բեյը, կարողացել է ազատել ձերբակալված հայ ուսանողներին այնտեղից:

Հիշում եմ, նա ասում էր, որ բացի դրանից՝ նաև փորձ է արվել թունավորելու հայ ուսանողներին, ովքեր սովորում էին Պոլսի համալսարանում: Դա եղել է հայ ուսանողների առաջին խումբը, որովհետև մինչև 1911թ.-ը հայերին թույլ չէին տալիս ուսանել Պոլսի համալսարանում:

Հետագայում պապս դարձել է ընդհատակում գործող Դաշնակցության ղեկավարը Կ.Պոլսում: 1919 թ.-ին տեղափոխվել է Հայաստան, դարձել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր, նույնիսկ քարտուղարն է եղել: Հետագայում զբաղվել է գիտությամբ: Թուրքագետ է եղել, հրատարակել է բազմաթիվ աշխատություններ. խորհրդային շրջանում ենթարկվել է ձերբակալությունների, աքսորի:

Նրա եղբայրը՝ Ալբերտ Սաֆրաստյանը, և քույրը՝ Արաքսի Սաֆրաստյանը, մասնակցել են Վանի ինքնապաշտպանությանը, հետո տեղափոխվել են Հայաստան: Ծնողները նույնպես տեղափոխվել են Հայաստան, սակայն 1915-ին համաճարակի ժամանակ մահացել են:

 Պահպանվել են Արամ Սաֆրաստյանի օրագրերը: Մի տետրն ընդգրկում է 1913-ից 1916 թթ.-ի իրադարձությունները, և խորհրդանշական է, որ 1915թ.-ին վերաբերող որոշ էջեր գրված են կարմիր թանաքով:

Հիշում եմ՝ պատմում էին, որ 1915 թ.-ի ապրիլին, երբ տարածվել է հայերի զանգվածային սպանությունների լուրը, պապիս մազերը միանգամից սպիտակել են: Իսկ տատիկս տրապիզոնցի էր, նրա հարազատների մեծ մասը ոչնչացվել է: Տրապիզոնում հայերին հիմնականում տանում, ծովում խեղդում էին:

Պապս աշխատություններ է հրատարակել, որոնք վերաբերում էին հայերի ծանր վիճակին Թուրքիայում: Եվ, փաստորեն, Զեքի բեյը փրկել է մարդու, ով հրատարակել է “Թուրքական աղբյուրները Հայաստանի և հայերի մասին” քառահատորյակը:

 

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: