“Լենինի կողմից Կարսը Թուրքիային հանձնելուց հետո հայերի հանդեպ ավելի դաժան կոտորածներ են սկսվել…”

“100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Ջուլիետա Աբաջյանը

Մորս ընտանիքը Կարսից է եղել: Մայրս՝ Ելիզավետա Գալուկյանը, 1914 թվի ծնված էր: Շատ հարուստ ընտանիք էր. անթիվ ոսկի ունեին, խալիներ… Պապիկս խանութ ուներ Կարսում և կարողանում էր իր ընտանիքի բարեկեցությունն ապահովել: Մայրս պատմում է, որ մինչև Ցեղասպանությունն իրենց տունը մոտ է եղել մի թուրք էֆենդու տան, ով պատվավոր մարդ էր: Պապիկս ամեն օր նրան միս էր մատակարարում: Այս թուրքը հաճախ տատիկիս խնդրել է, որ այդ մսով ընթրիք պատրաստի իր համար: Տատիկս էլ, նրան հարգելով, կատարել է ցանկությունը: Քանի որ մսի քանակությունը սովորաբար շատ էր, թուրք էֆենդին տատիկիս խնդրում է ամեն օր ընթրիքը բաժանել կարիքավոր հայերին` չքավորներին:

Սակայն մի գիշեր հարձակում է եղել Կարսում. մորս ողջ ընտանիքին գերել են ու տարել սպանելու: Որոշ ժամանակ անց ընտանիքի չափահաս անդամները վերադարձել են. մորս պատմելով՝ իր տատն իրեն ասել է, թե այդ պահին հարևան երկու թուրք են եկել և ջարդարարներին քշել: Թուրքերն ասել են, որ մորս ընտանիքը պետք է փախուստի դիմի, այդ դեպքում իրենց ոչինչ չի սպառնա: Գիշերը փախուստի դիմելով` մի կերպ կարողանում են Թիֆլիս մեկնող գնացքի վագոններում տեղավորվել՝ մտածելով, որ կհաստատվեն Թիֆլիսում: Սակայն Կիրովականի մոտ հասնելիս գնացքը կանգ է առել, հայտարարվել է, որ ռուսները Կարսը գրավել են: Մորս ընտանիքը կրկին հետ է դառնում: Վերադառնալով մի քանի տարի նորից կարողանում են ապրել Կարսում: Իրենց ունեցվածքը պահում էին կարասների, կուժերի մեջ:

Սակայն Լենինի կողմից Կարսը Թուրքիային հանձնելուց հետո հայերի հանդեպ ավելի դաժան կոտորածներ են սկսվել: Այս անգամ արդեն մորս ընտանիքը փախել է և հաստատվել Գյումրիում: Մայրս պատմում էր, որ ջարդերի ժամանակ իր աչքի առջև հղի կնոջ փոր են բացել, երեխան ընկել է… Առհասարակ դաժան վերաբերմունք էր հայերի հանդեպ, որը մորս՝ այն ժամանակ դեռ երեխայի մեջ շատ է տպավորվել: Փախուստի ժամանակ տատս միայն հասցրել է մի քանի ոսկյա իրեր երեխաներին հագցնել կամ կապել մարմիններին, միայն դրանք են հասցրել Հայաստան, ինչն էլ հետագայում իրենց բավականին օգնել է: Այստեղ հաստատվել են Գյումրիում, բերած ոսկեղենը վաճառելով՝ կարողացել են իրենց ապրուստն ապահովել մինչ մայրս ամուսնացել է, և արդեն հայրս է հոգացել ընտանիքի կարիքները: Հայրս Ալաշկերտից էր, մշեցի էր և մորիցս 14 տարով մեծ: Հայրս էլ Անդրանիկի ջոկատում է կռվել: Նրա եղբայրն էլ թուրքական բանակում է կռվել և հարգված մարդ է եղել: Հայրս, աշխատանքի անցնելով միջազգային մարդասիրական հիմնադրամներից մեկում, հաստատվում է Հոկտեմբերյանում՝ իր հետ տանելով ողջ ընտանիքը: Այնտեղ էլ ծնվել եմ ես: Ունեցել են 5 տղա և մեկ աղջիկ, սակայն տղաներից 3-ը մահացել են: Մայրս ասում էր, որ եթե հնարավորություն լիներ հետ գնալու, գետնի տակ կարասով պահած ոսկիները կգտներ, քանի որ տեղը հիշում էր…

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: