ԵՄ նոր գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի․ քաղաքական դիմանկար

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնում բրիտանուհի Քեթրին Էշթոնին նոյեմբերի 1-ից կփոխարինի Իտալիայի ԱԳ նախարար 41-ամյա Ֆեդերիկա Մոգերինին: Սոցիալիստ, ռուսամետ և չափազանց երիտասարդ “պիտակավորված” քաղաքական գործչի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել ԵՄ-ում:

 Ֆեդերիկա Մոգերինին ծնվել է 1973թ.-ին Հռոմում: 2014 թ. փետրվարի 22-ից զբաղեցնում է Իտալիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Մասնագիտությամբ քաղաքագետ է, մասնագիտացել է Մերձավոր Արևելքի խնդիրներով:

 Անդամակցել է Ձախ դեմոկրատների կուսակցությանը, զբաղեցրել կուսակցական տարբեր պաշտոններ, զբաղվել Իրաքի և Աֆղանստանի խնդիրներով, եղել ԱՄՆ դեմոկրատական կուսակցության, Եվրոպական սոցիալիստական կուսակցության, Սոցինտերնի հետ հարաբերությունների պատասխանատուն: 2007-ից Ձախ դեմոկրատների հետ միասին միացել է ձախ-կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցությանը:

 Իտալիայի Դեմոկրատական կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության կրող է, Եվրախորհրդարանում պատկանում է Սոցիալիստների և դեմոկրատների պրոգրեսիվ միություն քաղաքական խմբին (Progressive Alliance of Socialists and Democrats), մինչդեռ ԵՄ արտաքին քաղաքականության համար պատասխանատու մյուս երկու նորանշանակ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոն-Կլոդ Յունկերը (Քրիստոնեական ժողովրդական հանրային կուսակցություն (քրիստոնյա-դեմոկրատական)) և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը (Քաղաքացիական հարթակ (լիբերալ-պահպանողական, քրիստոնյա դեմոկրատական, լիբերալ)) Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական խմբի անդամներ են:

 Ֆեդերիկա Մոգերինին 2008թ.-ին առաջին անգամ ընտրվել է պատգամավոր: Ընդգրկվել է Արևմտյան Եվրամիության խորհրդարանական վեհաժողովի և ԵԽԽՎ պատվիրակության կազմում:

 ԵԽԽՎ-ում Մոգերինին համահեղինակել է «Հայ մի քանի պատգամավորների կողմից հոմոֆոբ բռնության բացահայտ հավանության» վերաբերյալ բանաձևը, որը վերաբերում է 2012թ.-ին մայիսի 8-ին Երևանում միասեռականների սրճարանի հրկիզման վերաբերյալ հայ մի քանի պատգամավորների հայտարարություններին: Բանաձևում նշվում է, որ պատգամավորները այդ հարձակումը որակել են որպես “ճիշտ և արդար”, և կոչ է արվում Հայաստանի իշխանություններին հանրային կերպով հրաժարվել նման հայտարարություններից, պաշտպանել միասեռականների իրավունքները, պաշտպանել նրանց բռնությունից և հոմոֆոբ դրսևորումներից:

2013-ին Մոգերինին երկրորդ անգամ վերընտրվել է որպես Իտալիայի խորհրդարանի պատգամավոր, ընդգրկվել է ՆԱՏՕ ԽՎ պատվիրակության կազմում, որը նաև գլխավորել է: Իտալացի պատգամավորների շարքում առանձնացել է բարձր պարտաճանաչությամբ:

Մաթեո Ռենզիի կառավարության կազմում ստանձնել է ԱԳ նախարարի պաշտոնը: Հուլիսի 16-ին ԵՄ գագաթաժողովի ժամանակ քննարկվել է ԵՄ գերագույն հանձնակատարի պաշտոնում նրա նշանակման հարցը, սակայն կոնսենսուս ձեռք բերել չի հաջողվել, սակայն օգոստոսի 30-ին հաջողվել է համաձայնություն ձեռք բերել:

 Մոգերինիի նշանակումը ԵՄ գերագույն հանձնակատարի պաշտոնում դժգոհություն է առաջացրել մի շարք ԵՄ անդամ երկրների շարքում: Մասնավորապես նրա թեկնածության դեմ են հանդես եկել Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Լեհաստանը՝ մեղադրելով վերջինիս ռուսամետ քաղաքական դիրքորոշում ունենալու մեջ. որոշակի դժգոհություն են արտահայտել նաև սկանդինավյան երկրները:

 Նախքան ԵՄ հանձնակատար նշանակվելը Մոգերինին բազմիցս հանդես է եկել ՌԴ-ի հանդեպ խիստ պատժամիջոցներ կիրառելու դեմ և կոչ է արել երկխոսության միջոցով լուծել ուկրաինական ճգնաժամը: Նրա քաղաքական հակառակորդները նաև ընդգծում են այն հանգամանքը, որ Մոգերինին ԵՄ-ում Իտալիայի կողմից հուլիսին նախագահությունը ստանձնելուց հետո իր առաջին այցը կատարել է Մոսկվա և Պուտինին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերին Միլանում կայանալիք ԵՄ և Ասիայի երկրների ղեկավարների գագաթաժողովին:

 Բացի այդ՝ Մոգերինին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կողմ է արտահայտվել “Հարավային հոսք” գազամուղի կառուցմանը։ Սակայն ԵՄ հանձնակատարի պաշտոնում նշանակումից հետո Իտալիայի ԱԳ նախարարի հռետորաբանության մեջ որոշակի փոփոխություն է նկատվել,և վերջինս Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտարարել է. “Եվրոպական ուղին դրական ընտրություն է։ Եվ հենց այդպես էլ այն պետք է ընկալվի։ Հենց այդ նպատակով էլ մենք կառուցել ենք համագործակցությունը Մոսկվայի հետ։ Այսօր Պուտինի կամքով այդ համագործակցությունն այլևս չկա. այս պահին Ռուսաստանն այլևս ռազմավարական գործընկեր չէ, սակայն շարունակում է ռազմավարական մնալ մեր մայրցամաքի համար։ Բոլոր երկրների շահերից է բխում համագործակցելն ու միասին աշխատելը։ Սակայն դա տեղի չի ունենում”,- ասել է Մոգերինին։ Միաժամանակ նա կողմ է արտահայտվել պատժամիջոցներին՝ անվանելով դրանք դիվանագիտական գործիք, որոնց այլընտրանք չկա։

 Կարծիքներ կան նաև, որ Մոգերինին չափազանց երիտասարդ և անփորձ է տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար։

 Հետաքրքիր է նաև Մոգերինիին այս պաշտոնում առաջադրելու՝ Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենզիի դրդապատճառը։ Վերլուծաբանները դա բացատրում են մի քանի հանգամանքներով. առաջինը՝ որպես փորձ՝ հավասարակշռելու վերջին տարիների ընթացքում Իտալիայի արտաքին քաղաքական դաշտում անհաջողություններն ու սայթաքումները։ Երկրորդ, մինչ այդ քննարկվել է իտալացի պաշտոնյաներին Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պաշտոնները փոխանցելու հարցը, սակայն պայմանավորվածությունները փոփոխվել են: Այժմ Իտալիայի ԱԳ նախարարին ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում նշանակելը որոշակիորեն փոխհատուցում է դիտարկվում նախորդ երկու կորցված հնարավորությունների դիմաց։ Որոշակի ազդեցություն է ունեցել նաև գենդերային բալանսի պահպանման հարցը։ Մոգերինիի նշանակումը Ռենզիի կողմից ներկայացվել է որպես միջազգային հաղթանակ և լրագրողների կողմից վերնագրվել՝ “Ռենզի-ԵՄ 1:0″։

 Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի և մասնավորապես Հայաստանի հետ հարաբերություններին, Իտալիան տնտեսական, էներգետիկ ոլորտում սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ։ Ստորագրվել է Տրանսադրիակտիկ գազամուղի (TAP) կառուցման շուրջ համաձայնագիր, որը ադրբեջանական գազը պետք է մատակարարի Իտալիա։ Դրա հետ մեկտեղ Իտալիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ սովորաբար հանդես է գալիս հավասարակշռված մոտեցմամբ։

 Հիշեցնենք, սակայն, որ Մոգերինիի նախարարության օրոք սկանդալ բարձրացավ հուլիսի 14-ին Իտալիա Իլհամ Ալիևի կատարած այցի շուրջ, երբ այցի արդյունքում ադրբեջանական կողմը հրապարակեց համատեղ հայտարարության նախագիծը, որտեղ իբրև թե Իտալիան Ադրբեջանի հետ մեկտեղ հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին՝ հիմնվելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ Միջազգային հանրության և մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ եվրոպական մյուս երկրների մոտ որոշակի տարակուսանք առաջացրեց այն հանգամանքը, որ Իտալիայի ԱԳ նախարար Մոգերինին երկու օր որևէ կերպ չէր արձագանքում Ադրբեջանի հայտարարությանը՝ նշելով, որ համատեղ փաստաթղթի վրա աշխատանքը շարունակվում է։ Միայն երկու օր անց Իտալիայի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն տարածեց, որտեղ նշվում է, որ “Իտալիան անխոս ընդունում և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքները և Հռոմի ու Բաքվի փոխադարձ պարտավորությունները պետք է կենտրոնացվեն հակամարտության խաղաղ կարգավորման վրա` հենվելով ՄԱԿ Կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև բանակցային գործընթացի վրա`ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարությամբ”։

 Վերլուծաբանների կարծիքով՝ այս միջադեպը կարող էր բացասական ազդեցություն ունենալ Մոգերինիի կարիերայի հնարավոր աճի վրա և դիտարկվել որպես հակադրում ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը։

 Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ Մոգերինիի ընտրությունը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնում պայմանավորված չէ վերջինիս քաղաքական հայացքներով։ Այս ընտրությունն ավելի շատ քաղաքական գործընթացի և ԵՄ անդամ երկրների միջև ԵՄ ղեկավար պաշտոնների բաշխման արդյունք է։ Դրա հետ մեկտեղ Մոգերինին, ղեկավարելով ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունը, առաջնորդվելու է ԵՄ ընդհանուր շահերով և քաղաքական վեկտորները համաձայնեցնելու է Եվրահանձնաժողովի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ։ Դրանով է պայմանավորված նաև նշանակումից հետո նախարարի հռետորաբանության մեջ նկատված փոփոխությունը։

 

Աննա Կարապետյան