ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ը՝ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Յուրաքանչյուր տարի օգոստոսի 29-ին նշվում է Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օրը, որը հաստատվել է 2009 թվականի դեկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից Ղազախստանի

նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ: Օգոստոսի 29-ը պատահական ընտրված օր չէր: Ինչպես հայտնի է, 1991 թվականին հենց այդ օրը Ղազախստանը փակեց խոշորագույն Սեմիպալատինյան միջուկային փորձադաշտը, ինչը եղել է և շարունակում է մնալ ամենաէական ներդրումը միջուկային զենքի չտարածման գործընթացում: Այդ քայլը պատմական նշանակություն ունի ոչ միայն Ղազախստանի, այլև ողջ մարդկության համար: Այս ամենի մասին ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ի կողմից “Ղազախստան. արժեքների վրա հիմնված նախաձեռնություններ” ծրագրի շրջանակներում կազմակերպված “Միջուկային զինաթափում. միջազգային ասպարեզում Հայաստանի և Ղազախստանի համատեղ ջանքերը” թեմայով կլոր-սեղանի ընթացքում նշեց նաև ՀՀ-ում ՂՀ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Կանատ Հասենովը:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը, ով համառոտ կերպով ներկայացրեց 1991 թվականին Ղազախստանի անկախության ձեռքբերումից հետո նրա գրանցած հաջողությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով միջուկային զենքի դեմ պայքարում պետության ունեցած ներդրմանը: Կլոր-սեղանի շրջանակներում զեկույցով հանդես եկան նաև արևելագետ Նաիրա Մկրտչյանը, “Այգ” հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան Արշակ Գասպարյանը և Ռուս-հայկական սլավոնական համալսարանի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու Հովհաննես Նիկողոսյանը: Վերջինս միջուկային զինաթափումը ներկայացրեց երեք մակարդակներով՝ ազգային, միջազգային և տարածաշրջանային՝ խոսելով նաև միջուկային զենքի չտարածման դեմ պայքարում Հայաստանի ունեցած դերի և մասնակցության մասին: Նա նշեց, որ միջուկային զենքից հրաժարվելը չի թուլացնում պետությանը, ընդհակառակը, նրան առավել կարևոր օղակ է դարձնում միջազգային ասպարեզում իր իսկ ծառայած օրինակով:

Արշակ Գասպարյանը ներկայացրեց որևէ պետության մոտ միջուկային զենքի առկայության կամ բացակայության հնարավոր հետևանքները մարդկային հոգեբանության վրա: Նրա խոսքերով՝ դա կարող է մարդու մոտ առաջացնել վախի զգացում: Իսկ որոշ դեպքերում՝ ընդհակառակը. հատկապես պատանիների շրջանում այն գիտակցումը, որ իրենց երկիրն ունի միջուկային զենք, հպարտություն և ինքնավստահություն է առաջացնում:

Արևելագետ Նաիրա Մկրտչյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց 21-րդ դարում միջուկային զենքի դերը միջազգային հարաբերությունների համակարգում՝ նախևառաջ որպես ագրեսիայի կանխման և կայունության ապահովման միջոցի: Բացի այդ՝ նա հիշեցրեց, որ Հայաստանը Միջուկային զենքի չտարածման դեմ պայմանագրի անդամ է: “1996 թվականին Հայաստանն ստորագրեց, իսկ 2006 թվականին վավերացրեց Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագիրը: Հայաստանը նաև “Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օր” բանաձևի 26 համահեղինակներից մեկն” է, – նշեց արևելագետը: Իր ելույթի վերջում նա ընդգծեց, որ “միջուկային զենքը որակապես այլ զենք է, զենք, որը կարող է ոչնչացնել ողջ աշխարհը՝ չթողնելով հաղթողներ: Այդ իսկ պատճառով միջուկային զենքը պետք է օգտագործել ոչ թե պատերազմում ռումբեր նետելու, այլ այդ պատերազմը կանխելու նպատակով”:

Զեկույցներից հետո հավաքվածները հնարավորություն ունեին իրենց հարցերը և կարծիքները ներկայացնելու, ինչի շնորհիվ բավական հետաքրքիր քննարկում ծավալվեց: Ներկաներից “Հանուն կայուն մարդկային զարգացման” ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը նշեց, որ եկել է ժամանակը, որ համաշխարհային կրոնները միավորվեն և իսկապես գիտակցեն, որ բնությունը պատասխանում է մեզ, և այսօր մոլորակն իսկապես դուրս է եկել մարդկանց դեմ: Նրա խոսքերով՝ մարդկությանն անհրաժեշտ է ոչ միայն զինաթափվել, այլև զինվել նոր մտածելակերպով: Փորձելով առավել պատկերավոր ներկայացնել իր ասածը՝ նա ասաց. “Հավաքվել են անտառում կենդանիները և վիճում եմ՝ ով է ավելի ուժեղ: Գալիս է մսագործը և նրանց ցրում է: Ահա՛, եկել է մոլորակը և մեզ ցրում է…”:

Աղբյուրը՝ armedia.am