ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՃՈՒՄ Է

Շոտլանդիայի անկախության հանրաքվեին մնացել է 13 օր, իսկ արդյունքները դեռ կանխատեսելի չեն:

 Վերջին անգամ Շոտլանդիայի բնակչության շրջանում սոց. հարցում է անցկացվել օգոստոսի 26-28-ին Scottish Daily Mail-ի կողմից, և հարցման արդյունքներով 1001 հարցվածների 48%-ը դեմ է արտահայտվել Շոտլանդիայի անկախացմանը, իսկ 42%-ը՝ կողմ, 11%-ը դեռ չի կողմնորոշվել իր որոշման մեջ:

 Վերջին տարվա ընթացքում անցկացված հարցումների բոլոր արդյունքներով անկախությանը դեմ արտահայտվողների քանակը գերակշռում է անկախության կողմնակիցներին: Սակայն, դինամիկասն ցույց է տալիս, որ անկախության կողմնակիցների թիվն աստիճանաբար աճում է: Օրինակ՝ հունվարի 3-10 TNS BMRB/BBC Scotland-ի անցկացրած հարցման արդյունքներով անկախության կողմնակիցները 28% էին, իսկ դեմ արտահայտվողները՝ 42%, չէին կողմնորոշվել հարցվածների 30%-ը:

 Մինչդեռ Լոնդոնում անհանգստությունը հանրաքվեի կապակցությամբ աճում է: Օգոստոսի վերջին Scottish Daily Mail ամսագրին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ նյարդային է հանրաքվեին ընդառաջ, սակայն համոզված է, որ անկախության հակառակորդների փաստարկները բավական համոզիչ են: «Ես էմոցիոնալ և նյարդային եմ: Բայց նյարդային եմ, միայն քանի որ դա այդքան կարևոր է»,-ասել է Քեմերոնը:

 Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախացման հարցը մտել է քաղաքական օրակարգ Շոտլանիայի խորհրդարանում Շոտլանդիայի ազգային կուսակցության հաղթանակից հետո՝ վարչապետ Ալեքս Սալմդոնի ղեկավարությամբ: Վերջինս հայտարարել է, որ հանրաքվեն կանցկացվի 2014թ. սեպտեմբերի 18-ին, քվեարկության կդրվի այն հարցը, թե «Արդյո՞ք Շոտլանդիան պետք է անկախ պետություն լինի»:

Սալմոնդը ներկայացրել է 670 էջերից բաղկացած մի փաստաթուղթ, որը ներկայացնում է Շոտլանդիայի անկախացման պարագայում նոր պետության կառուցվածքը: Համաձայն դրա, այն պետք է պահպանի ֆունտ-սթերլինգը որպես դրամական արժույթ և ենթակայությունը թագուհուն:

 Օրակարգում է նաև Շոտլանդիայի՝ ԵՄ կազմում մնալու հարցը: Եթե Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել էր, որ նոր պետության առաջացման դեպքում այն պետք է անդամակցության հայտ ներկայացնի ԵՄ-ին, ապա նորանշանակ նախագահն այլ դիրքորոշում ունի: ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԵՄ ընդլայնումն ու Շոտլանդիայի անկախացումը բացարձակապես տարբեր հարցեր են:

05.09.2014

Աղբյուրը՝ armedia.am