“Ջարդերի ժամանակ պապիս եղբորը հենց տան առջև են մորթել”

 “100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

 Պատմում է Էլեոնորա Յազիչյանը

 

Իմ մայրական կողմը Վանից է: Պապս ծնվել է 1850-60-ական թվականներին. Ցավոք, ծննդյան հստակ տարեթիվը չեմ հիշում: Պապիս ընտանիքը՝ Մելիքյանները, հարգված է եղել: Պապիս հայրը իրենց գյուղապետն է եղել: Նրանց գյուղն ընկած էր Վանա լճի Կտուց կղզի տանող հատվածում (այն ժամանակ Կտուցը թերակղզի է եղել): Պապիս եղբայրը Մեջլիսի անդամ է եղել և սեփական նավն է ունեցել, որը հետո տվել է պապիս: Հենց այդ նավով պապիս ընտանիքը բազմաթիվ հայերի կյանք է փրկել:

Պապս Աղբյուր Սերոբի զինակիցն է եղել: Տատս ևս մասնակցել է իրենց գյուղի ինքնապաշտպանությանը: Նրա հերոսությունների մասին մեր բարեկամները բազմաթիվ պատմություններ էին պատմում: Հիշում էին, որ մի օր, երբ տղամարդիկ սարերում են եղել, և գյուղում միայն կանայք են եղել, քրդեր են հարձակվել գյուղի վրա: Տատիկս առանց վարանելու տղամարդու շորեր է հագել, ձի է հեծնել, զենք վերցրել և սկսել է հալածել նրանց: Արդյունքում հրոսակները սարսափած թողել են ավարը և փախուստի դիմել: Քրդերի շեյխը, լսելով այս պատմությունը, եկել է պապիս հոր՝ Մելիքի մոտ, որ տեսնի, թե “ով է այն քաջը, որ համարձակվել է իր հերոսներին վախեցնել”: Մեծ պապս պատվիրել է թեյ բերել: Տատս թեյը բերել, մատուցել է, հետո կանգնել է դռան մոտ, որ վերցնի բաժակները: Թեյը խմելուց հետո քուրդ շեյխը կրկին պահանջել է ցույց տալ “իր հերոսներին վախեցնողին”, և մեծ պապս ասել է. “Արդեն 15 րոպե է՝ այդ քաջը կանգնած է քո առջև”: Քուրդ շեյխը ապշահար հեռացել է: Մորաքույրս պատմում էր, որ Վանում բոլորն էին տատիս նման պայքարում, բոլորն էլ կռվել գիտեին՝ կին, երեխա:

Ջարդերի ժամանակ պապիս եղբորը, ով Մեջլիսի անդամ էր, հենց տան առջև են մորթել: Մերոնք չեն կարողացել փրկել նաև պապիս քրոջ երկու աղջիկներին, որոնց գողացել են, չնայած հայ կանայք փախչելիս իրենց դեմքին ցեխ էին քսում, որ տգեղ երևան և խուսափեն գերեվարվելուց:

Առևանգված աղջիկների մյուս քույրն ու երկու եղբայրները բարեբախտաբար փրկվել են: Ջարդի ժամանակ նրանք վազել են հարևան թուրքերի տուն, ովքեր երեխաներին թաքցրել են անկողինների տակ: Հրոսակները կասկածելով ներխուժել են նաև նրանց տուն, սրերով ստուգել են անկողինը, բայց, բարեբախտաբար, սրերը չեն հասել երեխաներին: Պապս ջարդարարների հեռանալուց հետո բոլորին հավաքել է և նավով տեղափոխել ռուսական տարածքներ:

 

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: