ԱՅՍ ՇԱԲԱԹ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով` սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը։

Ավստրիայի արտգործնախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Սեպտեմբերի 8-ին տեղի կունենան Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետևի համատեղ մամլո ասուլիս։

Սեպտեմբերի 8-9-ին Ադրբեջանում անց է կացվում Արևելյան Գործընկերության ոչ պաշտոնական հանդիպում, որին մասնակցելու է նաև ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։ Հանդիպմանը մասնակցելու են ԱլԳ երկրների արտաքին գործերի և էներգետիկայի նախարարները։ Օրակարգում ընդգրկված են ԱլԳ զարգացման ընթացիկ հարցեր, ինչպես նաև 2015թ․Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներ։

Սեպտեմբերի 11-13-ը կանցկացվի Յալթայի 11-րդ ամենամյա հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է Ուկրաինայի եվրոպական ապագան, ինչպես նաև այլ գլոբալ քաղաքական զարգացումներ։ Հանդիպմանը, սովորաբար, մասնակցում են 200-ից ավելի քաղաքական գործիչներ ավելի քան 20 երկրներից։ Ուկրաինա են մեկնելու նաև ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն։

Սեպտեմբերի 11-12-ին Օսլոյում տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների խորհրդարանների նախագահների հանդիպումը՝ Խորհրդարանների ղեկավարների եվրոպական համաժողովը (European Conference of Presidents of Parliament (ECPP)): Օրակարգում ընդգրկված են երեք թեմաներ՝ հիմնարար սահմանադրական իրավունքներ և ազատություններ; ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը Եվրոպայում; մեծամասնության և ընդդիմության բալանսը ժողովրդավարության պարագայում։

Աննա Կարապետյան

08.09.2014