ԵՄ նոր նախագահ. ո՞վ է Դոնալդ Տուսկը

Նախորդ շաբաթ ԵՄ անդամ երկրների ղեկավարների կողմից Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվեց Լեհաստանի 57-ամյա վարչապետ Դոնալդ Տուսկի թեկնածությունը: Այսպիսով՝ վերջինս իր երկրի համար նվաճեց լեհ պաշտոնյաների երբևէ ստանձնած Եվրոպական միության ամենաբարձր պաշտոնը:

 ”Պարոն Տուսկը Լեհաստանը մոտեցրեց Եվրոպայի սրտին”,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տուսկի թեկնածության հաստատման մասին լուրը հաղորդելիս նշել է Հերման վան Ռոմպեյը՝ Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահը:

 Եվրոպական միությանը միանալուց ընդամենը 10 տարի անց Լեհաստանը կարողանում է հասնել ԵՄ նախագահի պաշտոնին` իր վարչապետին դարձնելով Անգելա Մերկելի, Ֆրանսուա Օլանդի, Մաթեո Ռենզիի, Դևիդ Քեմերոնի և եվրոպական այլ բարձրաստիճան պաշտոնյաների միջև միջնորդ:

 Դոնալդ Տուսկը դեռևս միակ քաղաքական գործիչն է, որ հետխորհրդային Լեհաստանում համընդհանուր ընտրությունների արդյունքում երկու անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: Ինքը` Տուսկը, խորհրդային շրջանում թե՛ համալսարանական տարիներին, թե՛ ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո ակտիվ հասարակական կյանք է վարել: Եղել է մի շարք գործադուլների կազմակերպիչ մինչև 1989-ին լիբերալ-դեմոկրատական կուսակցությանն անդամակցելը, իսկ 1991-ից արդեն այս կուսակցության կազմում խորհրդարանի պատգամավոր էր: Խորհրդարանում 1997-2001թթ. եղել է Սենատի (խորհրդարանի վերին պալատի), իսկ 2001-2005թթ.՝ Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) փոխխոսնակ: Հանդիսացել է ընդդիմության առաջնորդ 2003-2007թթ.: 2007 թվականին իր հիմնադրած “Քաղաքացիական հարթակ” լիբերալ-պահպանողական կուսակցության՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո Տուսկը նշանակվեց երկրի վարչապետ: 2011-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական հարթակը» պահպանեց իր տեղերի գերակշիռ մեծամասնությունը՝ հանդիսանալով երկրի ամենահայտնի կուսակցությունը:

 2014 թ. օգոստոսի 30-ին ԵՄ անդամ երկրների ղեկավարների կողմից Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում Տուսկի թեկնածությունը հաստատվեց միաձայն: Թեկնածության քննարկման փուլում այս պաշտոնում Տուսկի նշանակմանը դեմ էին ձախակենտրոն սոցիալիստները՝ մտահոգված անգլերենի և ֆրանսերենի նրա թույլ իմացությամբ: Այնուամենայնիվ, խոստանալով “շտկել” իր անգլերենը մինչ դեկտեմբերին պաշտոնը ստանձնելը և ստանալով Հերման վան Ռոմպեյի աջակցությունը, Տուսկը կարողացավ հասնել ԵՄ ղեկավարների միաձայն աջակցությանը:

 Տուսկի թեկնածությունը հավանության չարժանացնողների թվում էր նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, սակայն Լեհաստանի վարչապետի հետ անձնական հեռախոսազրույցից հետո գագաթնաժողովի ընթացքում նա կողմ քվեարկեց Տուսկի թեկնածությանը: Հայտնի է, որ Տուսկը խոստացել է իրականացնել ԵՄ պահանջված բարեփոխումները՝ Մեծ Բրիտանիան կառույցի կազմում պահելու նպատակով:

 ”Լեհաստանի փորձը կարող է դառնալ էներգիայի շատ կարևոր աղբյուր, որի կարիքը ԵՄ-ն ունի այսօր և ապագայում ավելին քան երբևէ կունենա”,- Եվրոպական խորհրդի ղեկավար ընտրվելուց հետո ասել է Տուսկը:

 Լեհաստանը ԵՄ միակ երկիրն էր, որ 2008-ի տնտեսական ճգնաժամի արդյունքում տնտեսության անկում չարձանագրեց: Յոթ տարի Եվրոպայի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը գլխավորելը Տուսկին դարձրել է մայրցամաքի ամենահարգարժան քաղաքական գործիչներից մեկը, ով հաջողակ է թե՛ ներքին և թե՛ արտաքին հանրությունների հետ շփումներում: Հենց այս տարիներին Տուսկն ու նրա արտաքին գործերի նախարար Ռադեկ Սիկորսկին կարողացան ճիշտ կողմնորոշվել և, պահպանելով ազգային շահը, առաջընթաց գրանցել:

 Միևնույն ժամանակ հարկ է շեշտել Տուսկի հակառուսականությունն ու եվրոպամետությունը: Եվրախորհրդարանի պատգամավոր Յանուս Լևանդովսկին ասել է. “Եվրոպական միությանն անհրաժեշտ էր մռայլ եղանակի համար մեկը, ով իր երկիրը հաջողությամբ գլխավորել է ճգնաժամի շրջանում, քանի որ այսօր ԵՄ-ն բախվում է թե՛ արտաքին, թե՛ ներքին լարվածության հետ”:

 Տուսկին բնութագրելիս բնորոշումները հաճախ հետևյալն են. ծագումով Գդանսկից այս լուռ, համեստ, ամուր և քաղաքականութան մեջ անողոք աջակենտրոն լիբերալը խոսում է գերմաներեն և ամենապրոեվրոպամետ վարչապետներից մեկն է մի ժամանակաշրջանում, երբ ԵՄ-ի` որպես կառույցի արդյունավետության փաստը դրվել է հարցականի տակ: “Ես մի երկրից եմ, որ հավատում է միասնական Եվրոպայի գաղափարին,- ասել է Տուսկը,- ես նաև խորապես համոզված եմ, որ ԵՄ-ին խելամիտ այլընտրանք գոյություն չունի”:

 Տասը տարի առաջ դառնալով ԵՄ անդամ` Լեհաստանը, թվում էր, պիտի դառնար Մեծ Բրիտանիայի սերտ դաշնակիցը: Այս դաշինքը կգար հակակշռելու տարիներ ի վեր ԵՄ-ում գերիշխող ֆրանս-գերմանական դաշինքին. այս երկրների հանդեպ Լեհաստանն ուներ նաև պատմական հիշողությամբ ամրագրված անվստահություն: Գուցե հենց այս նկատառումներից ելնելով, ի տարբերություն մյուս ԵՄ երկրների, Մեծ Բրիտանիան իր դռները բացեց լեհ միգրանտների առջև: Այնուամենայնիվ, Բրիտանիայի՝ ԵՄ ներսում վարած քաղաքականության հետ չհամաձայնվելով, Տուսկն ու Սիկորսկին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կազմեցին լեհ-գերմանական դաշինքը` շեշտելով, որ Լեհաստանի ապագան Եվրոպային հնարավորինս մոտ է՝ ի հակադրություն Մեծ Բրիտանիայի: Իսկ կանցլեր Մերկելի կողմից նրա թեկնածության սատարումն ու Տուսկի նշանակումը ԵՄ ամենաբարձր պաշտոններից մեկին աշխարհի՝ մասնավորապես Ռուսաստանի աչքերում ամրացնում է լեհ-գերմանական դաշինքը:

 Տուսկի ընտրվելու կապակցությամբ ԵՄ պաշտոնյաներից մեկն ասել է. “Նոր նախագահի համար երեք մեծ խնդիր կա այսօր՝ տնտեսությունը, Ուկրաինան և Մեծ Բրիտանիայի հարցը:” Կկարողանա՞ արդյոք Տուսկը հաջող բանակցություններ վարել Քեմերոնի հետ Բրիտանիայի` ԵՄ կազմում մնալու նոր պայմանների շուրջ: Ռուսաստանի հետ հարաբերություններում Տուսկը հնարավորինս դաժան է եղել, այնուամենայնիվ նա չի կարողանա Գերմանիային և Ֆրանսիային ստիպել անել մի բան, որը նրանք չցանկանան անել:

 Ի վերջո, այս նշանակումը կարող է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ԵՄ վարած քաղաքականության վերափոխման առիթ դառնալ՝ փորձելով այս նախաձեռնությունն առավել արդյունավետ դարձնել: Նշենք, որ հենց Լեհաստանն ու Շվեդիան են եղել այս ծրագրի գաղափարակիրները և բալթյան երկրների հետ միասին համարվում են այս ծրագրի հաջող իրականացման ամենաշահագրգռված երկրները: Չնայած որ Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները արտաքին քաղաքականություն հարցերին խիստ սահմանափակ առնչություն ունեն, այնուամենայնիվ Տուսկը կարող է հրավիրել ԵՄ ղեկավարների ուշադրությունը այդ հարցին՝ մատնանշելով Եվրոպայի արևելյան գործընկերների կարևորությունը ԵՄ համար ու նրանց խնդիրների հաղթահարման գործում աջակցության անհրաժեշտությունը:

 Կհաջողվի Տուսկին ազդել վերոնշյալ խնդիրների կարգավորման ընթացքի վրա թե ոչ, այնուամենայնիվ նա հենց այն հավակնոտ և ամուր քաղաքական գործիչն է, ով, համաձայնություն ձեռք բերելով ԵՄ բոլոր ղեկավարների հետ, կարողացել է ընտրվել Եվրոպական միության նախագահ:


Քրիստինե Գասպարյան