Մեծ Բրիտանիայի թագուհու արքայական որոշումը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը չի մասնակցի Շոտլանդիայի անկախության մասին հանրաքվեին նվիրված քննարկմանը, հայտարարել է Բուքինգհեմյան պալատը: “Ցանկացած ենթադրություն այն մասին, որ թագուհին ցանկանում է ազդել հանրաքվեի նախօրեին իրականացվող քարոզարշավի արդյունքների վրա, չի համապատասխանում իրականությանը: Նորին Գերազանցությունը պարզապես այն կարծիքին է, որ դա Շոտլանդիայի ժողովրդի գործն է”, – ասվում է հայտարարության մեջ, հայտնում է BBC-ն: Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ թագուհին անհանգստացած է երկրի քայքայման իրական հնարավորությամբ, և որ վարչապետ Դևիդ Քեմերոնը կոչ է արել խնդրել թագուհուն միջամտել: Թագուհու մամլո ծառայությունից հայտնում են, որ միապետի չմիջամտելը երկրի քաղաքական կյանքին Մեծ Բրիտանիայում ժողովրդավարության սկզբունքներից մեկն է: Այնուամենայնիվ, նշենք, որ 1977 թվականին, երբ բրիտանական հասարակությունում քննարկումներ էին տեղի ունենում Շոտլանդիայի և Ուելսի ինքնակառավարման հնարավորության մասին, Եղիսաբեթ II-ը պաշտոնապես կողմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի միասնականությանը:

Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար, ազգայնականների առաջնորդ Ալեքս Սալմոնդն իր հերթին հայտարարել է, որ Եղիսաբեթ II-ը հպարտ կլինի, եթե դառնա անկախ Շոտլանդիայի թագուհի: Համաձայն շոտլանդական կառավարության ծրագրի, անկախության հռչակման դեպքում Մեծ Բրիտանիայի թագուհին կմնա Շոտլանդիա պետության ղեկավարի պաշտոնում:

Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Daily Mail թերթի միջոցով կոչ է արել շոտլանդացիներին սեպտեմբերի 18-ին կայանալիք հանրաքվեին քվեարկել երկրի միասնականության օգտին: “Մեր միությունն անգին է: Մի քանդեք այն”, – գրել է Քեմերոնը: Նրա կարծիքով, եթե Մեծ Բրիտանիայի բոլոր մասերը մնան միասին, քաղաքացիներն իրենց երեխաների համար ավելի լավ ապագա կառուցելու հնարավորություն կստանան և կկարողանան անել այնպես, որ այդ ապագան արժանի լինի բրիտանական պատմությանը: “Եթե Միացյալ Թագավորությունը քայքայվի, այն կքայքայվի հավերժ, – կարծում է Քեմերոնը: – Ուստի ձեր ընտրությունն ակնհայտ է. ցատկ դեպի մթություն “կողմ” ձայնով կամ պայծառ ապագա Շոտլանդիայի համար “դեմ” ձայնով”:

Նշենք նաև, որ Մեծ Բրիտանիայում մշակվել է արտակարգ միջոցառումների փաթեթ այն դեպքի համար, եթե Շոտլնադիան անկախանա, հայտնել է ֆինանսական կարգավորման և վերահսկողության բրիտանական վարչությունը: “Մենք մշակել ենք հիմնական միջոցառուների ծրագիր” իրադարձությունների նման զարգացման համար, հայտարարել է կազմակերպության ղեկավար Ջոն Գրիֆիթ Ջոունսը, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Նրա խոսքերով, միջոցառումները մասնավորապես անդրադառնում են խորհրդատվական ծառայություններին այն սպառողների համար, ովքեր պետք է պատասխան ստանան “բոլոր հուզող հարցերին”:

Որոշ վերլուծաբանների կարծիքով, թագավորությունից դուրս Շոտլանդիայի ճակատագրի մասին որևէ հստակ կանխատեսում կատարել հնարավոր չէ, քանի որ Եվրոպայի ժամանակակից պատմության մեջ նման նախադեպ դեռևս չի եղել: 1945 թվականից հետո Արևմտյան Եվրոպայի ոչ մի պետություն, բացի Գերմանիայից, չի բաժանվել մասերի, գրում է “Известия”-ն: Սակայն տնտեսական բոլոր ուսումնասիրներությունները վկայում են, որ Միացյալ Թագավորության կազմից Շոտլանդիայի դուրս գալը շոտլանդացիների համար կարող է նպաստավոր լինել կյանքի մի քանի ոլորտներում, սակայն բարդություններ կառաջացնի մյուսներում: Այսինքն՝ բոլոր դրական և բացասական կողմերը ծանրութեթև անելու դեպքում պարզ է դառնում, որ Շոտլանդիայի անկախացումը դժվար թե նրա բնակիչների կյանքը փոխի դեպի լավը: Փորձագետների խոսքերով, դա նույնն է, եթե ասենք, որ եթե Տեխասը դուրս գա ԱՄՆ-ի կազմից, ապա տեխասցիներն ավելի լավ կապրեն, կամ եթե Արևմտյան Սիբիրի մի մասը, որտեղ գտնվում են ռուսական գլխավոր նավթահանքերը, դուրս գա Ռուսաստանի Դաշնության կազմից, ապա այնտեղ մարդիկ ավելի կհարստանան: Ինչպես ընդգծում են փորձագետները, “կյանքում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ”:

Աղբյուրը՝ armedia.am