Շոտլանդիա. անկախության հանրաքվեից օրեր առաջ

Ընդամենը մեկ շաբաթից՝ սեպտեմբերի 18-ին, Շոտլանդիայի բնակչությունը կմասնակցի անկախության հանրաքվեին: Սա Շոտլանդիայի ժամանակակից պատմության մեջ ամենակարևոր իրադարձությունը կլինի: Քվեարկողներից կպահանջվի պատասխանել միայն մեկ հարցի՝ «Արդյո՞ք Շոտլանդիան պետք է անկախ պետություն լինի»:

2011-ին Շոտլանդիայի խորհրդարանում ձայների մեծամասնություն ստացած Շոտլանդիայի Ազգային կուսակցությունը երաշխավորեց հանրաքվե անցկացնելու մանդատը. 2012 թ. հոկտեմբերի 15-ին Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ստորագրեցին «Էդինբուրգի համաձայնագիրը», որի շնորհիվ Շոտլանդիան ստացավ արդար և թափանցիկ հանրաքվե անցկացնելու հնարավորություն:

Օգոստոսյան հարցումների արդյունքների համաձայն՝ շոտլանդացիների միայն 43-45%-ն էր պատրաստ «այո» ասել անկախությանը, մինչդեռ «ոչ»-ին հակված էր հարցվածների 55-57%-ը: Մինչդեռ սեպտեմբերին YouGov-ի կողմից The Sunday Times թերթի համար անցկացրած հարցումները վկայում են, որ Մեծ Բրիտանիան լքելու կողմնակիցները, առաջին անգամ կազմելով հարցվածների 51%-ը, առաջ են անցնում Միության կազմում մնալ ցանկացողներից, որոնց թիվը 49% է: YouGov-ը հայտնում է, որ ըստ այս ցուցանիշների՝ առաջին անգամ Շոտլանդիայի իրական անկախացման հնարավորություն է շոշափվում: Տրամադրությունների այս փոփոխությունը Լոնդոնում խառնաշփոթի պատճառ դարձավ:

Միության կողմնակիցների կարծիքով Մեծ Բրիտանիան ուժեղ է միասնական և անկախությունն անորոշության պատճառ կդառնա: Մինչդեռ Շոտլանդիայի ազգայնականների կարծիքով իրենց երկիրը կհայտնվի աշխարհի ամենահարուստ երկրների ցանկում, եթե իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինի:

Սակայն անհերքելի է նաև Լոնդոնի կողմից քարոզչական աշխատանքների հաջողությունը, քանի որ հանրաքվեի օրվա մոտեցման հետ մեկտեղ ակտիվություն է նկատվում նաև անկախության ընդդիմախոսների շրջանում: Ըստ որոշ կարծիքների՝ հանրաքվեի արդյունքների վրա ամենաշատը կազդեն 16-17 տարեկան երիտասարդ անձինք, որոնց համար այս ընտրություններն առաջինը կլինեն: Էդինբուրգի համալսարանի հետազոտությունների համաձայն՝ երիտասարդների 52%-ը դեմ է Մեծ Բրիտանիայից անկախացմանը:

Այս օրերին նախատեսվում է Մեծ Բրիտանիայի կուսակցությունների ղեկավարների այց երկրի հյուսիս: Մասնավորապես վարչապետ Դևիդ Քեմերոնը, աշխատավորական կուսակցության ղեկավար Էդ Միլիբանդը և լիբերալ-դեմոկրատների ղեկավար և փոխվարչապետ Նիք Քլեգը այցելելու են Շոտլանդիա՝ հանրաքվեի հանդեպ իրենց վերաբերմունքն արտահայտելու և այսպիսով հակաքարոզչությունը երկրի գլխավոր դեմքերի միջոցով հստակորեն արտահայտելու համար:

Դևիդ Քեմերոնը, դիմելով շոտլանդացիներին, ասել է. «Մեր միությունն անգին է, մի քանդեք այն»: Նա կարծում է, որ «եթե Միացյալ Թագավորությունը քայքայվի, այն կքայքայվի հավերժ»: «Ուստի ձեր ընտրությունն ակնհայտ է. ցատկ դեպի մթություն` «կողմ» ձայնով կամ պայծառ ապագա Շոտլանդիայի համար` «դեմ» ձայնով»,- հավելել է վարչապետը:

Անգլիայի և Ուելսի բնակիչների 61%-ը դեմ է Շոտլանդիայի անկախացմանը, կողմ է 17%-ը: Եթե հանրաքվեի արդյունքում Շոտլանդիան անկախանա, Անգլիայի և Ուելսի բնակչության 22%-ը կարծում է, որ Քեմերոնը պետք է հրաժարական տա: Միևնույն ժամանակ Հյուսիսային Իռլանդիայում կարծիքները գրեթե հավասարապես բաշխվել են ազգայնականների և միության կողմնակիցների միջև: Ազգայնականներն այստեղ առաջին հերթին, իհարկե, իրենց համար հետագայում միևնույն ճանապարհով գնալու հնարավորություն են տեսնում: Սակայն այստեղ հարցն այլ է. Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու և Իռլանդիայի Հանրապետությանը միանալու հարց կբարձրացնի: Եվ չնայած, որ Հյուսիսային Իռլանդիայի բնակիչները չեն շտապում միանշանակ արձագանքել Շոտլանդիայի անկախացման հարցին, բոլորն ուշի ուշով սպասում են հանրաքվեի արդյունքներին:

Շոտլանդական կառավարության ծրագրի համաձայն՝ անկախության պարագայում իրենք մտադիր են պահել ազգային արժույթը, իսկ թագուհին կշարունակի համարվել Շոտլանդիայի ղեկավար: Միաժամանակ Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը Շոտլանդիային առաջարկում է ինքնավարության բացառիկ պայմաններ և տնտեսական անկախություն, եթե Շոտլանդիան մնա Միության կազմում: Միևնույն ժամանակ նա շեշտում է, որ անկախ երկրի ուղին ընտրելու պարագայում Միացյալ Թագավորությունը չի համաձայնվի կիսել ֆունտը Շոտլանդիայի հետ:

Այս ամենի հետ մեկտեղ հանրաքվեից ընդամենը օրեր առաջ Լոնդոնը զինանոցից հանեց «թաքուն զենքը»՝ թագուհուն: Վերջինս YouGov-ի հարցումների արդյունքները հրապարակվելուց հետո իր անհանգստությունն է հայտնել Միացյալ Թագավորության մասնատման վերաբերյալ: Խոսակցություններ կան նաև, որ մոտ օրերս նախատեսվում է թագուհու այցը Շոտլանդիա՝ որպես իր ոսկե տարեդարձի տոնակատարությունների մի մաս:

Շոտլանդիայի անկախությունն իր մեջ Եվրոպայով մեկ նման անջատողական շարժումների առաջացման վտանգն ունի:

Շոտլանդիայի անկախացման և՛ կողմնակիցների, և՛ ընդդիմախոսների փաստարկների մեջ իհարկե գոյություն ունի տրամաբանություն, սակայն մյուս կողմից էլ Շոտլանդիայի անկախացումը հենց Մեծ Բրիտանիայի ներսում ամենամոտ ապագայում դոմինոյի էֆեկտի ի հայտ գալու ազդանշան է: Մյուս կողմից առաջանում է հարց, որը գուցե պարզ դառնա միայն հանրաքվեից հետո. Շոտլանդիան իսկապես անկախ պետություն ստեղծելու ցանկություն ունի, թե՞ այս ամենը պարզապես մանևրելու ավելի մեծ հնարավորություն ստանալու և ինքնավարության ավելի բարձր աստիճան ձեռք բերելու խաղադրույք է:

Քրիստինե Գասպարյան