ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱԶՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ ՇՈՏԼԱՆԴԻԱՆ ԿԿՈՐՑՆԻ ՖՈՒՆՏԸ

Շոտլանդիայի՝ Մեծ Բրիտանիայից անջատման պարագայում, դրա տարածքում ֆունտի կիրառումը կկասեցվի: Այս մասին հայտարարել է վարչապետ Դեվիդ Քեմերոնը Էդինբուրգում իր ելույթի ժամանակ: Նրա խոսքով Միացյալ թագավորության և Շոտլանդիայի արժութային միությունը “չի ստացվի”, և լքելով Բրիտանիան` շոտլանդացիները ստիպված կլինեն նաև հրաժարվել արժույթից:

Մինչ այս, բոլոր քաղաքական քննարկումների մեծ մասի շրջանակներում մտահոգություն էր արտահայտվում Միությունից դուրս գալու դեպքում Շոտլանդիայում ֆունտի` որպես արժույթ, պահպանման վերաբերյալ: Ազգայնականները պնդում են, որ անկախանալու պարագայում Շոտլանդիան կարող է կիրառել

ֆունտը որպես ազգային արժույթ: Սակայն Լոնդոնը ընդդիմանում է՝ հայտնելով, որ չի պատրաստվում նույնիսկ բանակցությունների սկսել այդ հարցի շուրջ: Մինչդեռ ֆունտը կշարունակի կիրառվել մինչև անկախության փաստացի հռչակումը:

Քեմերոնը, ում այդքան էլ լավ չեն ընդունել Էդինբուրգում, այցելել է Շոտլանդիա` անձամբ կոչ անելու շոտլանդացիներին չառանձնանալ Միացյալ թագավորությունից: Ելույթներից մեկում դիմելով շոտլանդացիներին նա ասել է. “Մեր միությունն անգին է, մի’ քանդեք այն”:

Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն տեղի կունենա ընդամենը մեկ շաբաթից՝ սեպտեմբերի 18-ին: Հանրաքվեի դրական արդյունքների պարագայում Շոտլանդիան անկախ պետություն կհռչակվի 2016թ. մարտի 24-ին: Իսկ մինչ այդ ընկած ժամանակահատվածը նախատեսված է Անգլիայի և Շոտլանդիայի միջև անկախության պայմանների շուրջ բանակցությունների համար:

11.09.2014

Աղբյուրը՝ armedia.am