“Պապս գիշերները հաճախ արթնանում ու լացում էր՝ հիշելով եղբոր դաժան մահը”

“100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Սուսաննա Մանուկյանը

 Ցեղասպանության տարիներին պապս՝ Արմենակ Մկրտչյանը, ընտանիքի հետ ապրում էր Շերվանշեխ գյուղում: Նա կրթված մարդ էր, տիրապետում էր երեք օտար լեզվի՝ անգլերենի, թուրքերենի, քրդերենի: Աշխատում էր գյուղի դպրոցում, որտեղ հայ երեխաներին մայրենի լեզու և գրականություն էր դասավանդում:

1915 թվականի ջարդերի ժամանակ թուրքերը ներխուժում են գյուղ և, բաժանելով տղամարդկանց, կանանց և երեխաներին, աքսորում են տարբեր ուղղություններով: Պապս, շատ լավ գիտակցելով, որ աքսորի ժամանակ թուրքերը հայ տղամարդկանց մահվան դուռն են տանելու, որոշում է, ինչպես ինքն էր ասում, “ոչխարի պես սպանդանոց գնալու փոխարեն” վերցնել իր՝ այդ ժամանակ նույն գյուղում գտնվող տիֆով հիվանդ եղբորը՝ Կնյազ Մկրտչյանին, և փախչել հարևան գյուղ Սիմոն՝ ապաստան գտնելու իրենց թուրք բարեկամներից ոմն Օսման աղայի տանը:

Նրանց մեծ դժվարություններով հաջողվում է հասնել և ապաստանել իրենց թուրք բարեկամի տանը: Օսման աղայի և նրա ընտանիքի հոգատար վերաբերմունքի շնորհիվ պապիս եղբայրը շուտով ապաքինվում է: Պապիկս պատմում էր, որ թուրքերը շատ հաճախ էին գալիս գյուղ և հետախուզում այնտեղի թուրքերի տները, քանի որ գիտեին, որ թուրք գյուղացիները, լավ հարաբերությունների մեջ լինելով իրենց հայ ծանոթների հետ, հաճախ էին փորձ անում թաքցնել հայերին իրենց տանը՝ ջանալով նրանց փրկել հայերի դեմ կազմակերպված Ցեղասպանությունից:

Մի օր էլ, երբ թուրքերը կրկին գալիս են հետախուզելու Օսման աղայի բնակարանը, պապիկս իր եղբոր հետ թաքնվում է գոմում: Երբ թուրքերը այնտեղից գտնում են թաքնվածներին, Օսման աղան կանգնում է գոմի դռան առջև և պարզելով ձեռքերը՝ թույլ չի տալիս, որ պապիկիս ու եղբորը տանեն:

Այն բանից հետո, երբ թուրքերին հաջողվում է տանել պապիկիս եղբորը՝ Կնյազին, Օսման աղան ընկնում է թուրքերի խմբի հետևից, ովքեր մոտ տասներկու հայերի, քշում էին դեպի սպանդանոց, և պաղատում ազատել Կնյազին: Նա անգամ դիմում է թուրք պաշտոնյաների հետ հարցեր կարգավորելիս հաճախ աշխատող միջոցի և նրանց կաշառք է առաջարկում: Սակայն թուրքերն անդրդվելի են մնում՝ սպառնալով համառելու դեպքում նույն բախտին արժանացնել նաև Օսման աղային:

Արդյունքում պապիկս ականատես է լինում, թե ինչպես են իր եղբորը և տասնմեկ հայ տղամարդկանց գնդակահարում Խնուս գետի վրա: Հիշում եմ, որ պապիկս հաճախ գիշերներն արթնանում և լաց էր լինում: Երբ հարցնում էինք նրան՝ ինչն է իր վշտի պատճառը, նա պատասխանում էր, որ իր եղբոր դաժան մահն է հիշել:

Ցեղասպանության տարիներին պապս, բացի իր եղբորից, կորցնում է նաև ծնողներին, ովքեր աքսորի ժամանակ հիվանդանում են տիֆով և մահանում, ինչպես նաև իր ութ ամսական աղջկան, ով նույնպես, չդիմանալով աքսորի տանջանքներին, մահանում է: Բարեբախտաբար, Օսման Աղայի ընտանիքը օգնում է պապիս փախչել Հայաստան: Պապս գտնում է իր կնոջը՝ տատիս՝ Սիրանույշ Մկրտչյանին: Նրանք շարունակում են միասին ապրել: Պապս, ունենալով յոթ զավակ, կատարում է իր մոր պատգամը. “Տղա՛ս, յոթ որդով սեղան կնստե՛ս”:

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: